Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Ավետիսյան. «Հեպատիտները մեծ հարված են մարդկության սոցիալ-տնտեսական զարգացվածությանը»

Հուլիս 26,2013 14:25

Հեպատիտ Բ-ի և Ց-ի առումով Հայաստանը գտնվում է միջին տարածվածության երկրների շարքում:

«Հեպատիտը վիրուսային վարակիչ հիվանդությունների խումբ է: Առավել տարածված են հեպատիտների Ա,Բ,և Ց տեսակները: Ա-ն համարվում է աղիքային վարակիչ հիվանդություն, քանի որ փոխանցվում է բերանի խոռոչով` ջրի, սննդի միջոցով, մինչդեռ Բ և Ց տեսակները օրգանիզմ են ներթափանցում արտաընդերային եղանակով` արյան կամ սեռական ճանապարհով»,- այս մասին այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ, բժշկական գիտությունների թեկնածու Լիլիթ Ավետիսյանը:
Տիկին Ավետիսյանի հավաստմամբ` այսօր այս հիվանդությունը փոքր-ինչ նվազել է, քանի որ շատ մեծ ուշադրություն են դարձնում հիգիենային: Բանախոսը ներկայացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, համաձայն որոնց` աշխարհում տարեկան արձանագրվում է վիրուսային հեպատիտ Ա-ի մոտ 1.4 մլն դեպք: Երկրագնդի բնակչության 2-7% մոտ առկա է հեպատիտ Բ-ի վիրուսակրություն, ընդ որում` նրանցից 240 մլն-ը հիվանդ է հեպատիտ Բ-ի քրոնիկ ձևերով, ինչի հետևանքով տարեկան մոտ 600 հազար մարդ է մահանում: Հեպատիտ Բ-ի վիրուսը առաջացնում է քաղցկեղ: Աշխարհի ազգաբնակչության 150 մլն-ից ավելին վարակված է հեպատիտ Ց-ով: Հայաստանում հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 50% բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին, իսկ անցած տարվա տվյալներով գրանցվել է հեպատիտ Ց սուր վիրուսակրության 32 դեպք:

«Այս հիվանդությունները մնում են ամբողջ աշխարհում առողջապահական համակարգի կարևորագույն հիմնախնդիրները, սակայն աշխարհում քայլեր են ձեռնարկվում դրանք բուժելու համար: Հեպատիտների Ա և Բ տեսակները համարվում են կառավարելի հիվանդություններ, քանի որ դրանց դեմ կիրառվում են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ Ց-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են և մոտ 2-3 տարի անց այն նույնպես կլինի: Հեպատիտները մեծ հարված են մարդկության սոցիալ-տնտեսական զարգացվածությանը »,- ասաց Լիլիթ Ավետիսյանը:
Տիկին Ավետիսյանը նշեց հեպատիտների կանխարգելման երկու հիմնական միջոցներ` իրազեկվածությունը և հիգիենայի պահպանումը. «Տարբեր ճանապարհներ կան, որոնց միջոցով մարդիկ կարող են տեղեկանալ հիվանդությունների, ինչպես նաև դանց ախտանիշների մասին: Բացի այդ, այսօր պետք է պահանջատեր լինել, որպեսզի վարսավիրանոցներում, բուժկետերում մարդկանց հիգիենիկ պայմաններում սպասարկեն»:
«Հեպատիտ Բ-ի և Ց-ի առումով Հայաստանը գտնվում է միջին տարածվածության երկրների շարքում»,-ասաց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիական բաժանմունքի վարիչ, Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ, լյարդաբանների միջազգային մի շարք ասոցիացիաների անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Հասմիկ Ղազինյանը:
Տիկին Ղազինյանը նշեց, որ տարիքային խմբերի փոփոխման հետ միասին փոփոխվում է նաև հեպատիտ Բ-ի տարածման ուղին, որը ներկայումս սեռական ճանապարհն է: Վիրուսի տարածման գործում մեծ դեր է խաղում նաև ներգաղթը և արտագաղթը:
Անդրադառնալով բուժման տևողությանը` Հասմիկ Ղազինյանը նշեց, որ այն կախված է ախտորոշման ստադիայից և կարող է տևել 16 շաբաթից մինչև 72 շաբաթ: «Պետք է ասեմ, որ այսօր, ցավոք, բուժումը բավականին թանկ է: Մեկ ամսվա կուրսը արժե 1000-1200 ամերիկյան դոլար: Սակայն դեղամիջոցները ունեն միջազգային գին և Հայաստանում այն շատ չի տարբերվում այլ երկրներում ներկայացված գնից»,- ասաց տիկին Ղազինյանը:

Լուսինե ՇԱԽԱԶԻԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031