Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի մատակարարման ժամերը սահմանված չեն, ջուրն անորակ է

Հուլիս 29,2013 19:23 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերյան քաղաքը սնուցող, Գիժսարից ձգվող, ավելի քան 58 կմ երկարություն ունեցող խմելու ջրագիծը այժմ չի գործում, քանի որ ամառվա տապի պատճառով ջրահավաք ավազաններում քիչ ջուր է հավաքվում: Բերդավան գյուղի խորքային հորերից պոմպերով Նոյեմբերյան մատակարարող ջուրը կոշտ է: Նոյեմբերյանի բնակիչները դժգոհում են, որ մատակարարվող ջրի մեջ քարի եւ հողի կտորներ են լինում, ջրի տարաներում կրային նստվածք է առաջանում:

Մի քանի տարի առաջ Նոյեմբերյանի «Լուսածիր» հասարակական կազմակերպությունը Նոյեմբերյանում քլորակայան գործարկեց, սակայն այն չի գործում, մատակարարվող ջուրը չի քլորացվում: Նոյեմբերյանի բազմաբնակարան շենքերի բնակիչները օրական մի քանի ժամ են ջուր ստանում՝ առավոտյան եւ երեկոյան: «Հայջրմուղկոյուղու» «Նոյեմբերյան» ենթատեղամասի պետ Գառնիկ Մամյանին հարցրինք, թե  բնակիչների հետ իրենց կնքած պայմանագրերով նրանց օրական քանի՞ ժամ պետք է ջուր տրվի: Նա ասաց, որ պայմանագրերում այդ մասին հստակ նշված չէ, որ Նոյեմբերյանի բնակիչների կեսը՝ սեփական տների բնակիչները շուրջօրյա ջուր ունեն այլ ջրաղբյուրներից:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել