Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կընդունվի՞ ամենամարդասիրական օրենքը

Հուլիս 31,2013 12:58

Առաջիկայում սոցիալապես անապահով ընտանիքներին պետությունը, բացի սոցիալական նպաստներից, կտրամադրի նաեւ հոգեբանական աջակցություն: 
Այսօր ՄԱԱ-ում ասուլիսի ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն ասաց, որ սոցիալապես անապահով խմբերի հետ հատուկ աշխատանքներ են տարվելու, ինչը նրանց կմղի աշխատանք փնտրելու եւ աշխատելու:
Անապահով ընտանիքների հետ աշխատանքը կարգավորելու է «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը: Տիկին Մինասյանը նաեւ բացատրեց, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում 2006 թվականից գործող այս օրենքում. «Օրենքը կարգավորում էր կյանքի դժվար իրավիճակում հայտնված ընտանիքին սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը եւ կառավարության, սոցիալական ծառայողի լիազորությունները: Այն, ինչ առաջարկվում է՝ առավելագույնս հստակեցնելու է նշածս դրույթները, կիրառվելու է մեկ պատուհանի սկզբունքը, որին կարող են դիմել սոցիալական ցանկացած խնդրով»:
Նրա խոսքերով. «Դրամական օգնությունները կլինեն, բայց դրանք այլեւս չեն լինի հիմնական օգնությունը, որը տրամադրվում էր աղքատ ընտանիքներին»:
Օրենքի վերամշակված տարբերակում «Արազա» հ/կ նախագահ Թամարա Աբրահամյանը որոշակի հիմնախնդիրներ է դեռ տեսնում. «Գտնում ենք, որ նախագծում բավարար չափով կանոնակարգված չեն նախարարության , հ/կ-ների եւ գործակալությունների գործառույթները փոխգործակցության համատեքստում: Միաժամանակ գտնում ենք, որ սոցիալական ծառայություններ մատուցող աշխատանքի ենթագլուխը պետք է այլ տեսք ունենա, սահմանի գործառույթները փոխհարաբերությունները, այլ ոչ թե աշխատակցի հաստիքը»:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ մեծ սպասելիքներ ունի ներկայացված օրենքի նախագծից. « Ձեւավորվում է սոցիալական ծառայության եւ սոցիալական ծառայողի ինստիտուտը, որը պարտադիր կառույց է զարգացած երկրներում: Սոցիալական ծառայությունը հասցեագրվում է ընտանիքին: Մեր հաշվարկներով, մոտ կես միլիոն մարդ պետք է օգտվեն այս նոր օրենքից, որովհետեւ ունենք 180. 000 հաշմանդամ , 120.000- 140.000 պաշտոնական գործազուրկ, ծնողազուրկ երեխաներ, կան միայնակ ծերեր, որոնք բավականին ծանր իրավիճակում են: Այսինքն այս օրենքը եթե ընդունվի, ապա այն ընդունված օրենքներից ամենամարդասիրականը կլինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031