Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուզում էի խնդրել ժյուրիին, որ գնահատականներ չասի, որովհետև ես երգել եմ իմ հանդիսատեսի համար». Վրեժ Կիրակոսյան

Օգոստոս 07,2013 18:52

 

«Առավոտ երիտասարդականի» զրուցակիցը «X Factor 1» նախագծի հաղթող, վերջերս «Սլավոնական Բազար 2013» մրցույթի մասնակից Վրեժ Կիրակոսյանն է: Նրա հետ խոսել ենք նրա մանկությունից, երգարվեստից և առաջիկա անելիքներից:

Վրեժ, ինչպիսի՞ն ինքներդ Ձեզ կբնութագրեք:

Աշխատասեր եմ, մեղու, գիշերները շատ ուշ եմ քնում, աշխատում եմ, ավելի շատ ուրիշների մասին եմ մտածում, բոլորի  համար լավն ու բարին  եմ ուզում,  չարությանը չարությամբ չեմ պատասխանում: Իմ մասին էլ եմ մտածում, իմ անձը սիրում եմ:

Մի փոքր կպատմե՞ք Ձեր մանկությունից: Ինչպիսի՞ երեխա եք եղել:

Հետաքրքիր մանկություն եմ ունեցել: Ծնվել եմ Կաթնաղբյուրում: Ասում են, որ ընդունակ եմ եղել, երգել, արտասանել եմ, երկու տարեկանում ինքս էի հեքիաթներ պատմում: Մանկապարտեզ հաճախելու տարիներին փախնում, գնում էի դպրոց: Տնօրենը հայրիկս էր, մի անգամ նա ջղայնացավ ու ասեց՝ գնա տղաների մոտ,  հո դու ղզիկ չես, ես էլ ասեցի՝ բա դու ղզի՞կ ես…

5 տարեկանից արդեն դպրոց էի հաճախում: Առաջին դասարանում սովորելու տարիներին նեղվում էի, տնեցիներին ասում էի, որ այլևս դպրոց չեմ գնալու, քանի որ այնտեղ նույն բաներն են ասում՝ այն, ինչ արդեն գիտեմ, ուզում էի բարձր դասարան տեղափոխվել:

Փոքր ժամանակ շատ էի կապված մեծ քրոջս հետ, իսկ հիմա ՝ փոքր քրոջս, ում հետ միասին եմ ապրում: Նա սովորում է Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում:

 

Ունեք իրավաբանի կրթություն, կասե՞ք, թե ինչպես եղավ, որ ընտրեցիք այդ մասագիտությունը, մանկության տարիների երազա՞նք է:

-Չէ, ութերորդ դասարանում եմ որոշել: Ուզում էի բժիշկ դառնալ, քանի որ քիմիայից, ֆիզիկայից ևս ուժեղ եմ, սակայն հայրս խորհուրդ տվեց ընտրել իրավաբանի մասնագիտությունը:

Երգարվեստում աչքի եք ընկնում Ձեր  համեստությամբ, առաօրյա կյանքում դա Ձեզ խանգարում է:

-Այո՛, շատ է խանգարում: Երբեմն ընկերներիս  աջակցության կարիք եմ զգում, սակայն նրանցից օգնություն չեմ խնդրում:  Կարծում եմ, որ ինքս պետք է իմ ուժերով ինչ-որ բանի հասնեմ:

Նախընտրում եք դասական երաժշտություն, կասեք՝ ի՞նչ երաժշտություն երբեք չեք կատարի:

-Երբեք կոմերցիոն նպատակներով  ռաբիս չեմ երգի:

Վերջերս «Սլավոնական բազար 2013»-ին հանդես եկաք որպես Հայաստանի ներկայացուցիչ: Մի անգամ ասել եք, որ Ձեզ համար մեծ պատիվ է, որ Հայաստանի մշակույթի նախախարությունը ընտրել է հենց Ձեզ: Կպատմե՞ք առաջին օրվա Ձեր  տպավորությունների մասին:

-Ես այս մրցույթ-փառատոնը ավելի շատ եմ սիրում, քան  «Նոր ալիքը»: Հայաստանը ներկայացնելու ցանկությունը շատ մեծ էր՝ դեռևս անցյալ տարվանից: Մենք մեկնեցինք, մեզ ընդունեցին շատ ջերմ: Առաջին փորձեր ժամանակ բոլորը խոսում էին այն մասին, որ Հայաստանը շատ ուժեղ է: Բայց արդեն մրցույթի առաջին օրը ես ստացա շատ հետաքրքիր գնահատականներ: Միգուցե ժյուրիին դուր չեկավ իմ կատարումը, ի վերջո նրանք պրոֆեսիոնալներ են…

Այդ մրցույթ-փառատոնին Դուք պետք է երկու երգ կատարեիք՝ մեկը սլավոնական ստեղծագործություն, մյուսը՝  ազգային: Սկզբում տատանվում էիք  Արթուր Գրիգորյանի և Մարինա Ալեսի երգերի ցանկում: Ընտրեցիք «Հայ իմ աշխարհ» երգը: Ի՞նչը Ձեզ օգնեց  կողմնորոշվելու հարցում:

-Մենք ընտրեցինք առավելագույնս բարդ երգ: Հայաստանի մասին այս երգը  ավելի շատ էներգետիկա ունի: Երկրորդ օրը կատարեցի լեհ հեղինակ Տշչեսլավ Նեմենի  «Странный этот мир» («Տարօրինակ այս աշխարհը») երգը: Բարձր տրամադրությամբ  եմ դուրս եմ եկել բեմ:

Նախորդ օրվա գնահատականներից հետո ռեստորանում հանդիպեցի Գերմանիայից ժյուրիի անդամին, նրան հարցրեցի, թե որն էր պատճառը, որ ինձ յոթ բալ նշանակեց: Պատասխանեց, որ որևէ քոմենթ չի ցանկանում թողնել, ինչը, կարծում եմ՝ նորմալ չէ: Սակայն ես բարձր տրամադրությամբ կատարեցի իմ երգը: Հանդիսատեսը ավելի շատ ծափահարեց, քան ինձանից առաջ հանդես եկող Բելառուսի ներկայացուցչին, ում ամենից շատն էր ծափահարել…Ելույթիցս հետո ռուսական մամուլը ինձ խեղդում էր, ուզում էր հարցազրույց անցկացնել, սակայն ես ասեցի, որ երգել եմ իմ հանդիսատեսի համար: Ի սկզբանե որոշել էի ելույթիցս հետո խնդրեի, որ ժյուրին  գնահատականներ չասի, քանի որ ես երգել եմ իմ հանդիսատեսի՝ այն մարդկանց համար, ովքեր ինձ գնահատում են, սիրում, սակայն ինձ ասեցին, որ չի կարելի, միջազգային սկանդալ կլինի:

Շնորհակալ ենք Ձեզ Հայաստանը պատվով ներկայացնելու համար: Վրեժ,  այս տարի առաջին անգամ փառատոնին որպես ժյուրի Հայաստանից ներկայացուցիչ էր հրավիրվել՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Սակայն նա չկարողացավ ընդունել հրավերը, քանի որ այդ ընթացքում Գերմանիայում է լինելու: Ի՞նչ եք կարծում, նրա ներկայությունը փառատոնին, ավելի նպաստավոր կլինե՞ր Ձեզ համար:

-Իհարկե, ժյուրիի բոլոր անդամները ճանաչում են այդ մեծ կոմպոզիտորին: Բնականաբար, այսպիսի բաներ չէին լինի: Սակայն նշեմ, որ մեկնելուց առաջ, վերջին պահին մեզ ասացին, որ նրա մասնակցությունը  որպես ժյուրի հնարավոր չէ, մյուս կողմից էլ ՝ նա չկարողացավ գալ:

 Վրեժ, Հայաստան  վերադառնալուն պես հասցրե՞լ ես այս ամառ հանգստանալ:

-Շնորհակալ եմ ընկերոջս, նրա ընտանիքին: Ընկերս զանգեց, ասեց. «Վրեժ, գոնե երկու օրով արի, հանգստացիր, մեղք ես: Շատ լավ անցավ, շնորհակալ եմ նրանց լավ ընդունելիության համար: Հետո շարունակել եմ այստեղ աշխատել: Պատրաստվում եմ տեսահոլովակ նկարահանել աշնանը Sony music-ի շրջանակում: Մեկ ստեղծագործություն ունեմ նվեր ստացած, որի համար  շնորհակալ եմ, բայց դրա վրա դեռևս չեմ աշխատում, սակայն մյուս տարի անպայման տեսահոլովակ կլինի: Երգը հայերեն լեզվով է, սիրո մասին, շատ գեղեցիկ ստեղծագործություն  է:

ՀԳ.Վրեժը պատասխանեց նաև մեր բլից հարցերին:

Երբևէ՞ զավեշտալի իրավիճակում հայտնվել եք:

-Եթե դու արվեստի մարդ ես, ամբողջ ժամանակդ ընթանում է զավեշտալի իրավիճակների շրջանում: Մի օր կարող ես արթնանալ ու իմանալ, որ քոլեջը փակվում է… (ժպտում է-հեղ):

Եթե հանդիպեիք Աստծուն, ի՞նչ կխոսեիք նրա հետ:

-Ես չէի խոսի, ես կվախենայի, ես ավելի շատ կլսեի նրան:

Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր կյանքը 10 տարի անց:

-Որ Հայաստանում ամեն ինչ լավ կլինի, ես չեմ ուզում գնալ երկրից: Մեր այսօրվա տնտեսական վիճակը ստիպում է, որ դու երկրից գնաս, ավելի շատ գումար աշխատես և ավելի արժանապատվորեն ապրես: Շատ հպարտանում եմ մեր այսօրվա երիտասարդությամբ: Գիսանե Պալյանի հետ հաճախ ենք զրուցում այս ակցիաներից : Նա հարցնում է, թե ես ինչ եմ կարծում: Ես կարծում եմ, որ  դրական տեղաշարժ միանշանակ կլինելի: Ես էլ եմ խառնվել նրանց, ինձ ասում էին՝ ինչի՞ ես խառնվում, քեզ պե՞տք է, ես  էլ ասացի` լավ եմ անում: Այս երկրում սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է:

Ես պատկերացնում եմ, որ հայ ժողովուրդը լավ կապրի, արվեստի մարդիկ հույսեր կկապեն միայն մեր երկրի հետ, 50 000 դրամ մինիմալ  աշխատավարձ չեն ստանա, այլ կստանան 350 00դրամ: Իսկ ինձ պատկերացնում եմ էլի նույն Վրեժը: Իմ ուսանողական տարիների ընկերներն ասում են, որ ես նույն Վրեժն եմ մնացել, որ իմ նկարը տանելու, կախելու են իրենց գլխավերևում, որ  իրենք երբեք չծերանան:

 

 Զրուցեց Նազենի Բաղդասարյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031