Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Մենք ԲՀԿ-ի հետ միասին փորձեցինք ժողովրդի ճնշումը մտցնել քաղաքապետարան»․ (Տեսանյութ)

Օգոստոս 07,2013 21:14

Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը քաղաքապետարանի դիմաց նստացույց անող քաղաքացիների պահանջներն անարդյունավետ էր գնահատել: Ըստ նրա, նույնիսկ դրանց կատարման դեպքում, ըստ էության, ոչինչ չի փոխվի: Մի հանցավոր պաշտոնյային կփոխարինի մյուսը, ինչի համար ճիշտ չէ քաղաքացիական ակտիվի այդքան կարեւոր ռեսուրսի վատնումը:

Այս առնչությամբ այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը հակադարձեց Ժիրայր Սեֆիլյանին. «Մեզանից յուրաքանչյուրը կարող է իր պատկերացումներն ունենալ, թե ով ինչպես պայքարի: Հայաստանում, կարծում եմ, խնդիրներից մեկն այն է, որ յուրաքանչյուրը ցանկանում է, որ դիմացինը պայքարի այնպես, ինչպես ինքն է պատկերացնում: Ես, եթե անգամ ունենամ իմ պատկերացումները քաղաքացիական խմբերի պայքարի կամ դրանց օրակարգերի վերաբերյալ, ես դրանց մասին դժվար թե խոսեմ, որովհետեւ առնվազն պարտավոր եմ գնահատել այն եւ հարգել այն, ինչ անում են մարդիկ: Ես քաղաքացիական խմբի կողմից ներկայացված այդ պահանջները համարում եմ օրինական, եւ եթե անգամ օրակարգում տեսնեի այլ հարցեր, ես  չեմ կարող պահանջել, որ նրանք իմ պատկերացրած օրակարգի շուրջ պայքարեն»:
Նրա նշեց, որ ամեն օր հանդիպում են ակտիվիստների հետ, իրենց զորակցությունն են հայտնում, շատ ուշադիր են նրանց պահանջների նկատմամբ:

Շատերը գտնում են, որ պայքարն արդեն կուսակցականացվել եւ քաղաքականացվել է, դրա համար չեն աջակցում: Այս առնչությամբ Ստյոպա Սաֆարյանի խոսքերով՝ «Չեմ բացառում, որ նախկին տրանսպորտի սակագների  բարձրացման հետ կապված բարձրացված մեծ ալիքի մեջ լինեն մարդիկ կամ շերտեր, որոնք համակարծիք չլինեն այս խմբի բողոքի գործողությունների հետ: Չեմ բացառում, բայց չեմ կարող նաեւ հիմնավոր համարել այն, թե պատժելիության պահանջները քաղաքական են: Քաղաքացիական հասարակությունը հենց նրա համար է, որ հասարակության տարբեր շերտերի խնդիրները վեր հանի: Խոսքը նաեւ իրավունքի իրացմանն է վերաբերում: Բացարձակապես հակաքաղաքագիտական եմ համարում այն մեղադրանքները, թե ներկայացվող պահանջները քաղաքական են կամ կուսակցական: Շատ է շահարկվում կուսակցություններ-քաղաքացիական խմբեր հարաբերությունները: Բայց պետք է գիտակցել, որ քաղաքական ուժերը չեն կարող անել այն, ինչ անում են քաղաքացիական շարժումները, եւ քաղաքացիական խմբերը, միեւնույն է, չեն կարողանալու իրենցով լցնել քաղաքական կուսակցությունների դերը: Լավագույն լուծումը արժանապատիվ եւ հավասար համագործակցությունն է: Ուղեվարձի թանկացման ճնշումը քաղաքական ուժերը փորձեցին փողոցից մտցնել պետական մարմիններ: Խնդիրը փողոցում ընկած վիճակում չի լուծվում: Գոնե մենք ԲՀԿ-ի հետ միասին փորձեցինք ժողովրդի ճնշումը մտցնել պետական ատյան՝ քաղաքապետարան, դատարան: Արդյունքում՝ շարժումը տարածվեց, տարածվեց ամենուրեք՝ միկրոավտոբուսներ, մարդկանց հոգիներ, նաեւ պետական մարմիններ: Արդյունքում մենք բոլորով հասանք կասեցմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031