Հատվածներ թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Կարապետյան, տեղեկություններ կան, որ Դուք Սուրեն Խաչատրյանի թեկնածուն եք, և դա է պատճառը, որ ընտրվել եք ՀՀԿ թեկնածու:
– Չէ, ընդհանրապես կուսակցությունն է առաջադրել ինձ, տենց անհատական թեկնածու չկա: Կուսակցության կողմից եմ ես առաջադրվել: Ես կուսակցության թեկնածուն եմ:
– Սակայն փաստորեն Դուք վայելում եք Սուրեն Խաչատրյանի աջակցությունը:
Կարդացեք նաև
– Ոչ թե մենակ Սուրեն Խաչատրյանի: 44 հոգի մասնակցում էին խորհրդի նիստին, բոլորն էլ կողմ էին, դեմ չկար, ձեռնպահ չկար: Կարելի ա ասել` ամբողջ կուսակցությունը պաշտպանել է իմ թեկնածությունը, որովհետև մինչև դա քննարկումներ եղել են, մարզային խորհրդի լիդերների հետ էդ հարցը 10 օր է, քննարկվում է: Այսօր նիստ եղել է, մարդիկ պաշտպանել են իմ թեկնածությունը, կուսակցության խորհրդի բոլոր անդամները:
– Իսկ Սուրեն Խաչատրյանի հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:
– Նորմալ: Երբ ես Կապանի քաղաքապետ էի, ինքը մարզպետ էր, նորմալ աշխատել ենք: Ես երկու անգամ ընտրված քաղաքապետ եմ եղել, նորմալ աշխատել ենք:
– Արդյոք նախկին մարզպետի աջակցությունը նշանակո՞ւմ է, որ Դուք հավատարիմ եք մնալու իրեն…:
– Ես հավատարիմ եմ մնալու իմ կուսակցությանը և իմ ժողովրդին:
– Նախորդ անգամ Կապանի ընտրություններում Դուք պարտվեցիք ՀՅԴ թեկնածուին, ում սատարում էր Մաքսիմ Հակոբյանը: Այս անգամ Մաքսիմ Հակոբյանն այլ թեկնածու չի՞ ունենա, Ձեր կարծիքով:
– Չեմ կարծում, որ ունենա: Ժամանակները փոխվում են: Քաղաքականությունը 2008թ. այլ կերպ էր թելադրում, հիմա այլ կերպ է թելադրում: Եթե մտնում ես քաղաքականության մեջ, պիտի պարտվես էլ, հաղթես էլ: Ես երկու անգամ հաղթել եմ, ընտրվել եմ Կապանի քաղաքապետ: Մեծ չարիք չի, որ մի անգամ պատվել եմ, դա ոչ մի բան չի նշանակում:
– Քանի որ պատգամավորը նաև հասարակական գործունեություն է, ուզում եմ հարցնել` ինչպե՞ս եք գնահատում Սուրեն Խաչատրյանի և Բուդաղյանների միջադեպը:
– Դա իրավապահ մարմինների գործն է: Իրենք պատշաճ մակարդակով քննություն են կատարում: Ոչ ես կարամ ասեմ, ոչ դուք կարաք ասեք` ով է մեղավոր, ով չի մեղավոր: Բոլորս էլ սպասում ենք, որ տեսնենք` իրավապահ մարմինները ում են մեղավոր գտնում: Իհարկե, ես էլ կցանկանամ, որ մեղավորին պատժեն: Ես չէի ցանկանա ընդհանրապես էդպիսի դեպք կատարվեր: Հետագայում պարզ կերևա` ով էր մեղավոր, և մեղավորին կարծում եմ, որ կպատժեն:
– Իսկ եթե պարզվի, որ մեղավորը նաև Սուրեն Խաչատրյանն է, Ձեր կարծիքով` նա պիտի պատժվի՞:
– Պետք չի էսօր անուններ տալ: Ոչ ոք չի իմանում` ով ա եղել, բացի իրավապահ մարմիններից: Կհրապարակվի, բոլորս էլ կիմանանք: Ես կողմնակից եմ նրան, որ մեղավորը պատժվի:
– Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել ԱԺ-ում:
– ԱԺ-ում պատրաստվում եմ օգտագործել իմ իրավունքները և կատարել իմ պարտականությունները` ի շահ մեր հայ ժողովրդի, ի շահ Սյունիքի մարզի:
– Ի՞նչ եք պատրաստվում անել Սյունիքի հետ կապված կոնկրետ:
– Ճիշտն ասած` ես առաջին անգամ եմ ընտրվում, չեմ էլ իմանում, ինչ ինձ հանձնարարեն, էն էլ կկատարեմ, բայց գիտեմ, որ պարտականություններ պիտի ունենամ և լիազորություններ: Եթե որևէ ողջամիտ որոշում լինի, ես անպայման կկատարեմ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում


















































