Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը դատապարտում է ոստիկանության միջոցով խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող ապօրինի գործողությունները

Օգոստոս 29,2013 19:30

ԱԺ աշխատանքների վերսկսման կապակցությամբ, օգոստոսի 29-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության անդրանիկ նիստը: Նիստում քննարկվել են առաջիկա նստաշրջանում Հայ Ազգային Կոնգրես խմբակցության գործունեության ծրագիրը, ներառյալ օրինագծերի, արտահերթ օրինագծի և հարցապնդման հիմնական ուղղությունները: Խմբակցության հիմնական օրենսդրական նախաձեռնությունները վերաբերելու են Հայաստանի քաղաքական և տնտեսական համակարգի առողջացման հետ կապված այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են ընտրական համակարգի բարեփոխումը, մենաշնորհային տնտեսական միջավայրի վերացումը, ժողովրդավարության, մամուլի և խոսքի ազատության աջակցումը, գործող ռեժիմի կողմից ուժային լուծումների հնարավորությունների սահմանափակումը, ավանդների և սոցիալական այլ խնդիրների լուծման ուղղված օրենսդրության ընդունումը, կոռուպցիայի շարունակական բացահայտումը, ինչպես նաև ակտուալ հասարակական և քաղաքական հնչեղություն ունեցող հարցերի արծարծումը:

Վերջերս ակտիվացած քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների նկատմամբ ոստիկանական ապօրինի գործողությունների վերաբերյալ ընդունվել է նաև հետևյալ հայտարարությունը՝

 

ԱԺ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Իշխող ռեժիմի դեմ տեւական ակտիվ քաղաքական պայքարի ընթացքում ձեւավորված քաղաքացիական հասարակությունը, ինչպես եւ սպասելի էր, պետք է դրսեւորեր իր ինքնուրույն հակազդեցությունը նույն ռեժիմի կամ նրա հովանավորյալների կողմից իրականացվող զանազան ապօրինությունների ու կամայականությունների դեմ։ Բնապահպանական հարցեր, հասարակության կամ նրա տարբեր շերտերի իրավունքներն ու շահերը ոտնահարող, նրանց հարստահարող ու կեղեքող որոշումներ, քաղաքաշինական նորմերի ոտնահարումներ եւ նմանօրինակ այլ հարցերն են, որ վերջին տարիներին դարձել են քաղաքացական շարժումների օրակարգը։ Որքան էլ առաջին հայացքից լոկալ թվացող, սակայն դրանք բոլորը միասին վկայությունն են ռեժիմի ու նրա գործելակերպի դեմ ծավալվող հասարակական նեգատիվիզմի եւ անհանդուրժողականության, որ գործնականում վերածվում է առճակատման։ Ընդ որում, այնպիսի խնդիրներ, ինչպես անհիմն թանկացումները, տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, ամբողջ Երեւանը վճարովի ավտոկանգառի վերածումը եւ այլն, հասարակական հրապարակային դժգոհության տեսքով ծավալվելու հսկայական պոտենցիալ ունեն։

Գիտակցելով քաղաքացիական շարժումների ծավալման վտանգավորությունն իր համար, վարչախումբը վերջին շրջանում կոշտացրել է իր վերաբերմունքը եւ անցել, ըստ էության, ոստիկանական տեռորի, ինչը ուղեկցվում է ոչ միայն ապօրինի քայլերի, այլ հաճախ նաեւ ցինիզմի դրսեւորումներով։ Ոստիկանությունը օրինականության, հասարակության ու քաղաքացու անվտանգ կյանքի ու իրավունքների պաշտպանության փոխարեն վարչախմբի ձեռքին վերածվել է իշխանավորների ու նրանց դրածո կեղեքիչ օլիգարխների շահերը պաշտպանող պատժիչ գործիքի։ Խաղաղ պիկետների եւ ցույցերի մասնակիցների դեմ գործադրվում է ուժ, ծեծ, զանազան սադրանքներ, ոտնահարվում են մարդկանց տարրական իրավունքները։ Սեփական քաղաքացու դեմ ապօրինի բռնության գործադրումը իշխանության ոչ թե ուժի, այլ վախի վկայությունն է իրականում։

ԱԺ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը խստորեն դատապարտում է ոստիկանության միջոցով խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող ապօրինի գործողությունները, ապօրինություններ, որոնց համար պատասխանատվությունը ընկնում է համապատասխան գերատեսչության ղեկավարի եւ անձամբ Սերժ Սարգսյանի վրա։

 

Հայ ազգային կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031