Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Այն, որ Կոմանդոսը ստախոս է, դա հայտնի է վաղուց»

Օգոստոս 30,2013 20:23

«Այն, որ Կոմանդոսը ստախոս է եւ օգտագործվում է կեղտոտ քարոզչական նպատակներով՝ դա հայտնի է վաղուց, որովհետեւ հենց ինքն էր, միակ մարդն ամբողջ Հայաստանի ռազմական վերնախավից, որն ասել է, թե Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր Շուշիի գրավման մասին»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի մասին Շուշիի եւ Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի հայտարարություններին այսպիսի գնահատական տվեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա մանրամասնեց, որ Արկադի Տեր-Թադեւոսյանը նման բան ասել է Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում. «Ես ներկա եմ եղել եւ հակադարձել եմ: Ասել եմ՝ խնդրում եմ, այդ դեպքում բոլոր այս մարդկանց ներկայությամբ ասել, թե ով է ձեզ տվել Շուշիի գրավման հրամանը, եթե դուք, իհարկե, ինքնագլուխ չեք գրավել: Ինքը պատասխանեց եւ լեզուն կծեց, ասեց՝ ես դրա մասին չեմ մտածել: Ես չեմ ուզում այս պատմությունն ավելի զարգացնել, որովհետեւ ստիպված պետք է լինեմ մտնել այնպիսի մանրամասների մեջ, որոնք պետական գաղտնիք են: Ես նողկում եմ այն մարդկանցից, որոնք օգտագործում են այդ առումով մեր պարտադրված զսպվածությունը, որովհետեւ մենք այնուամենայնիվ, պետական գաղտնիքներ չենք հրապարակի՝ հասկանալով, որ վնասում ենք մեր պետությանը, մեր ընդհանուր գործին՝ Ղարաբաղի ազատագրմանը: Բայց ժամանակն է, որ իսկապես մարդիկ, որոնք մեր զսպվածությունը եւ լռությունը փորձում են շահագործել, իսկապես հասարակական պարսավանքի արժանանան»:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ պատահական չի համարում այն մեծ վրդովմունքը, որ հիմա կա ազատամարտիկների մեջ, գեներալների մեջ՝ Կոմանդոսի այդ պնդումների նկատմամբ. «Մի անգամ օգտագործվում է Տեր-Պետրոսյանի դեմ, հիմա օգտագործվում է Վազգեն Սարգսյանի դեմ»:

Մեր դիտարկմանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հասկանալի է՝ ինչի համար կարող են փորձել դուրս գալ, բայց ի՞նչ իմաստ ունի դուրս գալ Վազգեն Սարգսյանի դեմ, երբ նա այլեւս չկա՝ Լեւոն Զուրաբյանն այսպես բացատրեց. «Հասկանում են, որ ում համար Վազգեն Սարգսյանը մեծ հեղինակություն է, այսօր փաստորեն, Ազատության հրապարակում ազատամարտիկները իրենք էլ են սկսում գիտակցել, որ հիմնական խոչընդոտը եւ գերխնդիրը դա Սերժ Սարգսյանն է՝ իր ռեժիմով: Եվ հիմա ազատամարտիկներին խփելու համար դիմում են այդ քայլին՝ խփել այն մարդուն, որն իրենց համար հեղինակություն է: Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ դա անում էին, որովհետեւ իրենց իշխանությանը վտանգ էին զգում, Վազգեն Սարգսյանի դեմ էլ է դա արվում, որովհետեւ այն մարդիկ են վտանգ ներկայացնում իշխանության համար, որոնց համար Վազգեն Սարգսյանը հեղինակություն է: Այդ հարվածն ուղղված է առաջին հերթին այդ մարդկանց՝ ազատամարտիկների շարժման դեմ»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, շատ տխուր է, որ մեր ամենասրբազան պատերազմի այն զգայուն մասերից, որոնց մասին չպիտի խոսեին, որովհետեւ այդ ամենը պետք է միավորեր բոլորին, ստիպված են խոսել, որովհետեւ փորձում են պառակտել. «Շատ կոնկրետ մարդիկ են դա անում: Այդ մարդիկ իրականում այսօր ամենամեծ հարվածն են հասցնում մեր ազգային անվտանգությանը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Դու՝ ՀՀշների ու ՀԱԿականների ամենա վառ «վերնախավային» գույն,
    ինչու՞ Շուշիում, եկեղեցու պատին հատնվեց Խորհրդային Հայաստանի դրոշը: Հայաստանում չգտնվե՞ց ավելորդ մի եռագույն:

  2. David says:

    Ով ով , բայց դու լեվոնական, Հայաստանում դու ու ձեր կլանը ստեղծեցիք ավազակապետության, խանական պետություն։ Խափեցիք ժողովուրդին, ձեր նպատակների համար օգտագործեցիք ժողովուրդին։ Հիմա էլ առնետների նման նստած նկուղներում, հարմար պահի էք սպասում , նորից ժողովուրդին մոլորացնեք։

  3. aragast says:

    Այն փաստը, որ 1996 թվ․ ընտրությունները կեղծվեցին և Լևոն Տեր- Պերոսյանը նորից դարձավ նախագահ։ Ընտրությունների կեղծմանը ավելի շատ նպաստեց Վազգեն Սարգսյանը։ Իմ կարծիքով ստեղծում էին դիկտատուրա, չհաջողվեց, մյուսները ստեղծեցին։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031