Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարման միջոցների ոչ նպատակային ցուցանիշով 15 կետով նահանջել ենք միջազգային զեկույցում

Սեպտեմբեր 04,2013 14:58

Հայաստանը մրցունակության համաշխարհային զեկույցի տվյալներով 148 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ տեղը՝ իր դիրքը բարելավելով 3 կետով: Այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում այս տվյալները ներկայացրեց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:

2013-14 թվականներին վերաբերող այս զեկույցում մրցունակության լավագույն ցուցանիշով առաջին տեղում Շվեյցարիան է, հետո` Սինգապուրը, ապա Ֆինլանդիան եւ ԱՄՆ-ը:

Մակրոտնտեսական միջավայր կայունություն հենասյունով մենք գտնվում ենք 64-րդ տեղում. 19 կետով առաջ ենք գնացել: Առողջապահության եւ տարրական կրթություն ցուցանիշով 80-րդ տեղից իջել ենք 85-րդ տեղ, հետընթաց է արձանագրվել նաեւ բարձրագույն կրթության եւ վերապատրաստում ցուցանիշում` 70-րդ տեղից իջել ենք 77-րդը: Աշխատուժի շուկայի արդյունավետությամբ եւս 20 կետով վատթարացում է եղել. Հայաստանը զբաղեցնում է 50-րդ տեղը:

Ֆինանսական շուկայի զարգացվածության մասով էլ մեծ փոփոխություններ չկան, ընդամենը 2 կետով ենք առաջ գնացել. հիմա 76-րդ տեղում ենք, իսկ տեխնոլոգիական պատրաստվածությամբ 20 կետով բարձրացել ենք` 97-ից 72 րդ տեղում ենք հայտնվել: Շուկայի չափ ցուցանիշով 115-րդ տեղից իջել ենք 117 տեղը: Ըստ զեկույցի, գործարարության կատարելագործվածություն հենասյունով 5 կետով բարձրացել ենք՝ զբաղեցնելով 87-րդ տեղը:

Նախորդ տարվա համեմատ, ինչպես նշված է զեկույցում, Հայաստանում   վարկերի ստացման հեշտության ցուցանիշը 19 կետով նահանջ է արձանագրվել, վատթարացել է վիճակը նաեւ կառավարության միջոցների ոչ նպատակային օգտագործում ցուցանիշով` 15 կետով իջել ենք:

Պարոն Հերգնյանի ներկայացմամբ, եւ ըստ զեկույցի, մակրոտնտեսական հենասյունում տվյալները 2012 թվականինն են, այսինքն՝ նախորդ տարվա գնաճն է հաշվի առնված, այս ցուցանիշում մենք եւս բավականին հետ ենք.148 երկրներից 104-րդ տեղն ենք զբաղեցնում: Պետական բյուջեի դեֆիցիտի ցուցանիշով Հայաստանը 50-րդ տեղում է, պետական պարտքով` 66-րդ տեղում:

Ինչպես ներկայացված է զեկույցում` արձանագրված ուշագրավ թերություններից են երկրում տաղանդների պահպանման ունակություն հենասյունը, որով մենք 121-րդ տեղում ենք, մաքսային գործընթացների բեռը ցուցանիշով եւս ներքեւի շարքերում ենք` 123-րդը, արտաքին շուկայի ցուցանիշով` 127-րդ տեղը, իսկ ՀՆԱ-մեջ արտահանման մասնաբաժին ցուցանիշով` 130-րդ:

Մանուկ Հերգնյանի խոսքերով` ամենախնդրահարույց իրավիճակը վերջին հենասյունով է` գործարարության կատարելագործման նորարարության հենասյունով, որը շատ դժվար փոփոխելի է.«Գտնվելով դեռեւս այս զարգացման փուլում մեզ համար կշիռը, որը կիրառվում է այս հենասյուներով, բավականին ցածր է` 10%: Երկարաժամկետում սա ամենակարեւոր գործոններից մեկն է հանդիսանալու` գործարարության կատարելագործվածությունը»:

Մրցունակության համաշխարհային զեկույցով Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ռուսաստանը Հայաստանից բավականին առաջ են: Օրինակ՝ Ադրբեջանը 148 երկրների շարքում զբաղեցնում է 39-րդ տեղը, իսկ Ղազախստանը`50, Ռուսաստանը` 64, Վրաստանը` 72: Այս ցուցանիշները հաշվի առնելով՝ պարոն Հերգնյանը մի դիտարկում արեց. «Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանային մրցակցությունն ավելի է ուժգնանում  եւ մրցունակության վազքում հաղթելու համար անհրաժեշտ է ավելի մեծ արագություն, քան հիմա ունենք: Ժամանակը  շատ չէ, արագությունները ավելանում են եւ մեր զարգացման տեմպերը պետական ու մասնավոր հատվածում պետք է արագացնել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30