Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աղայան. «Քաղաքականացրին հարցը` ցույց տալու համար, որ մենք ԱԱԾ-ի գործակալ ենք»

Սեպտեմբեր 09,2013 17:29

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը պատմում է, որ Նախախորհրդարանի հետ մարտավարական սկզբունքների հարցում տարաձայնություններ ունեն:

«Բուն խնդիրը «Սարդարապատի» հետ է` մարտավարությունների հարցով: Իրենց անհեթեթ վարքագծի պատճառով: Սիրում են շատերին, բայց վերջին շրջանում մեր վրա կենտրոնացել են, մեզ կասկածում են պետության անվտանգության ծառայության հետ համագործակցելու մեջ: Փորձեցինք այդ հարցը հարթել, տարօրինակ արձագանք ստացանք»,- Aravot. am-ին ասաց պարոն Աղայանը:

Վերջերս Նախախորհրդարանի անդամներից մեկի հետ ունեցած միջադեպը մարտավարական հարցերի տարաձայնությունների պատճառո՞վ էր` հարցին, պարոն Աղայանն ասաց. «Առանց անդրադառնալու միջադեպին` ասեմ, որ ցանկացած կոնֆլիկտ «Սարդարապատի», Նախախորհրդարանի անդամների հետ եղել է իրենց ոչ ադեկվատ վարքագծի պատճառով: Այնպես, ինչպես ներկայացրել են միջադեպը, այդպես չի եղել: Իրենք քաղաքականացրին հարցը` ցույց տալու համար, որ մենք ԱԱԾ-ի գործակալ ենք»:

Մեր հարցին, թե ձեր դեմ ի՞նչ ունեն, պարոն Աղայանն ասաց. «Մեր դեմ ոչ մի բան չունեն, ունեն իրենց խնդիրները , ունեն քաղաքացիական շարժումը վերահսկելու խնդիր: Եթե այնտեղ մեկը հայտնվում ու մի քիչ ակտիվ է լինում, ուրեմն ԱԱԾ-ի գործակալ է, իրենք էլ կենտրոնանում են, որ հանկարծ ձեռքներից բաց չթողնեն: Ունեն մենաշնորհային առաջնորդության խնդիր եւ մեկ այլ խնդիր էլ` եթե մեկը իրենց հետ համաձայն չէ, ուրեմն պետության կողմից ղեկավարվող է: Այսքան ժամանակ զսպում էինք` նրանց տարբեր քայլեր չքննադատենք, բայց այսուհետեւ ուղղակի բաց քննադատությամբ ենք հանդես գալու»:

Արմեն Աղայաննը նաեւ մանրամասնեց, թե հիմնականում ինչ հարցերի շուրջ են իրենց տարաձայնությունները. «Սա հին վեճ է, չեմ ուզում անձնավորել, վեճը վերաբերում է նրան, թե օրինակ ինչ ճանապարհով պետությունը պետք է կայանա, Հայաստանի ապագա քաղաքական վերնախավը ինչպես պետք է կայանա: Հին վեճեր ենք ունեցել նաեւ կուսակցությունների հետ համագործակցության հարցում` պե՞տք է լինի համագործակցություն, թե՞` ոչ: Սարդարապատականների եւ նախախորհրդարանականների մեծամասնությունը աջակցել են Լեւոն Տեր-Պետրոսյանին, հետո Րաֆֆի Հովհաննիսյանին փորձեցին ուղղորդել, համոզել որ ինչ-որ բաներ անի, հետո էլ խոսում են կուսակցությունների դեմ: Իբր թե կուսակցականությունը վատ բան է, բա եթե վատ բան է, ինչո՞ւ էիք համագործակցում: Ստացվում է` իրենց կուսակցականության դեմ պայքարը այս նոր մարտավարությունն առաջ մղելու նպատակով է արվում:

Իրենց նոր մարտավարությունը շատ անհասկանալի է: Մասնավորապես այն, որ նրանք պատրաստվում են ինքնահռչակ մարմին` խորհրդարան հռչակել, հետո պատրաստվում են հարյուր հազարավոր ստորագրություններով դրա լեգիտիմությունը վավերացնել: Անիմաստ ուղի եմ համարում եւ կարծում եմ` սա շեղում է բուն քաղաքական պայքարից: Խնդիրը կուսակցությունները չեն , որովհետեւ Հայաստանում կարգին կուսակցություն էլ չկա, բոլորը մի անձի սեփականություն են, ոնց որ քաղաքական ՍՊԸ-ներ լինեն»:

 

Մեր հարցին, ձեր կուսակցության մասին ի՞նչ կասեք, ձե՞րն էլ է քաղաքական ՍՊԸ, պարոն Աղայանն ասաց. «Մենք նոր ենք, դեռ գրանցված էլ չենք, կայացման համար ժամանակ է պետք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30