Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի է մտածել, որ նույնիսկ Մոսկվայի համար էլ Սուրիկ Խաչատրյանը կարևոր մարդ է». իրավապաշտպան

Սեպտեմբեր 09,2013 21:41

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային գրասենյակի պատասխանատու Սեյրան Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում սպասելի համարեց ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումն ու նրանց ազատ արձակումը:

«Քանի որ սա առաջին դեպքը չէ, և մենք Շիրակի մարզի բնակիչ ենք, այո, սպասելի էր: Քանի որ մենք մեր իշխանություններին լավ գիտենք, նաև այս առումով էր, իհարկե, սպասելի և ավելի շուտ հարկավոր էր  զգալ, թե ի՞նչ խորության է հակահասարակական պահվածքը  այն մարդկանց, որոնք ուղիղ հակառակը պիտի հասարակության շահերը պաշտպանեն: Պարզեցինք, որ շատ խորն է, մենք նույնիսկ հնարավորություն չունենք հասնելու: Ամեն անգամ դու, քո տեսակից ելնելով, մտածում ես, գուցե և էս անգամ բանականությունը հաղթի և այն, ինչ ակնառու է դպրոցականից սկսած մինչև խորը ծերունու համար, իշխանությունները կորոշեն, որ հարկավոր է այս անգամ վարվել այնպես, կատարել այն քայլերը, որոնք համարժեք են կատարվածին: Չէ, այս անգամ էլ այդպես չեղավ, էնպես որ, ընդհանուր առմամբ դա սպասելի էր, դա սպասելի էր ավելի մեծ կտավի վրա, կարելի է այդպես ասել, որովհետև սեպտեմբերի 3-ից հետո, երբ դու կարող ես միանձնյա որոշես կամ քեզ կարող են ստիպեն, որ դու որոշես էս կամ էն բանը, պարզ է, որ նույն չափ կապված ես դու նաև քո երկրի ներսում, էդ կապերը օլիգարխիկ, քրեական և ֆինանսական ոչ պետական շահերից ելնող կապերն են, որոնցով էդ երկու մարդիկ իրար հետ կապված են , և պարզ է , որ էդպիսի տեսք պիտի ընդուներ», -ասաց մեր զրուցակիցը:

Մեր այն դիտարկմանը, թե Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ Սուրիկ Խաչատրյանը նորից Սյունիքի մարզպետ նշանակվի, Սեյրան Մարտիրոսյանը այսպես արձագանքեց. «Գալուստ Սահակյանի դեպքում ընդհանրապես ոչինչ զարմանալի չէ, և ամենագլխավորը, որ Գալուստ Սահակյանի չափից ավելի շատ կարծիքներ սկսվում են «չեմ բացառում»-ով, երբ որ հատկապես չգիտես թե ինչ է, քամին որ կողմից է փչում, տալիս է էն վարկածները, որոնք միանգամից առաջացնում են իր համար երկու շատ կարևոր հարցերի լուծումներ. կասեն` տեսեք ինչ խորատես ու հեռատես է Գալուստ Սահակյանը, հարկավոր է շարունակել իր ծառայությունը և մյուսը` ասում է այն, ինչը հաճո է իրենից առաջ, բարձր գտնվողներին, էնպես որ այդ համատեքստում Գալուստ Սահակյանը ինքն իրեն հարազատ է մնացել»: Ըստ իրավապաշտպանի, թեև այս դեպքից անցել է 3 ամիս, այդ ընթացքում տարբեր տեսակի դատապարտման խոսքեր հնչեցին ու բացահայտումներ եղան, սակայն սյունեցիների հարցազրույցներից ակնհայտ երևում է, որ վախի մթնոլորտը օդի մեջ կախված է: «Էդ մարդկանց տառապանքը փորձ ունի, նրանք գիտեն, որ չպետք է շտապել ողջունել արդար քայլերը, որ ահա, վերջապես, կատարածի դիմաց ձերբակալել են և կալանավորել են, և այլն, և այլն…Պարզվեց, որ իրենք ավելի լավ գիտեն էս իշխանության էությունը»:

Մեր այն հարցին` հնարավո՞ր է, որ սյունեցիներից բացի Սյունիքի նախկին մարզպետից վախենում են նաև մեր երկրի իշխանավորները, Սեյրան Մարտիրոսյանն ասաց. «Կան շահեր, այդպես կարելի է ասել, գուցե նաև վախենում են, ես չգիտեմ, գուցե նաև յուրաքանչյուրը յուրաքանչյուրի մասին ինչ-որ բան գիտի, որը կարող է բացահայտել, դա նորություն չէ: Դա ընդհանրապես հասարակության շահերի հետ կապ չունեցող ուրիշ շահեր են, փոխկապված լինելը, որը անպայմանորեն դուրս է գալիս օրինականության շրջանակներից, անպայմանորեն դուրս է գալիս սովորական փոխհարաբերություններից թե պաշտոնական հարթության վրա, թե անձնային հարթության վրա, անպայմանորեն ավելին են, քան պարզապես Հայաստանի մարզերից մեկին ղեկավար լինելը, անպայմանորեն երևի այնտեղ տնտեսական շահեր կան և կարելի է մտածել, որ նույնիսկ Մոսկվայի համար էլ կարող է Սուրիկ Խաչատրյանը կարևոր մարդ է , որովհետև սեպտեմբերի 3-ից հետո շատ ավելի կարևոր քայլեր կային, որոնք պետք է կատարվեին, կային հարցեր, որոնք պետք է մեկնաբանվեին, բացատրվեին, բայց դրանից անմիջապես հետո առաջին քայլերից մեկը լինում է Սյունիք մարզպետի որդուն ու թիկնապահին ազատ արձակելը»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30