«6 տարի է` անտուն են թողել, մեր պապական տներից խաբելով հանեցին, ասեցին մեր պայմանագիրն ավելի լավն է լինելու, բայց ինչ լավ, խաբեցին»,-այսօր կառավարության շենքի մոտ Կոնդի բնակիչները բողոքի ակցիա էին անում, պահանջելով վարչապետի հետ հանդիպում:
Իհարկե, վարչապետի հետ հանդիպումը չկայացավ, բայց կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը հանդիպեց կոնդեցիների հետ, լսեց նրանց դժգոհությունները, սակայն ոչ մի մխիթարող բան չասաց:
Aravot.am-ի հետ զրույցում բնակիչներն ասացին, որ երբ իրենց տարածքն իրացվեց, պայմանագիր կնքվեց «Դաուն թաուն» կառուցապատող ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի հետ, երաշխավորելով, որ նույն տարածքում 2011 թվականին կստանան իրենց բնակարանները: Սակայն, ինչպես ակցիայի մասնակիցները վստահեցրին, կառուցապատող ընկերությունն արդեն սնանկացել է, իսկ խոստացած շենքի նույնիսկ առաջին հարկերը չկան:
Արդեն քանի տարի է մոտ 100 ընտանիք վարձով է բնակվում, բնակվարձն էլ «Դաուն թաունն է» վճարում, սակայն գումարը, բացի այն որ մշտապես ուշացումով է վճարում, նույնիսկ վարձով բնակարանների իրական արժեքից քիչ է վճարում. բնակիչները ստիպված մի բան էլ իրենց գրպանից են ավել վճարումը կատարում:
Կարդացեք նաև
Կոնդեցիների համբերությունն արդեն հատել է, եւ այնքան վրդովված էին, որ կառավարության ներկայացուցչին զայրացած դիմեցին` «Ուզում եք բոլորս թողնենք գնանք էս երկրից, արտագաղթենք, որ մեզ պարտք ու պահանջ չունենա՞ք»:
«Վարչապետը թող գա, ժողովրդի հետ խոսա, համագործակցի»,-կառավարության ներկայացուցչին դիմեցին կոնդեցիները. բնակիչներից մեկն էլ ռեպլիկ արեց` «Տո վարչապետն էլ ի վիճակի չէ հարց լուծի»:
Մեկ այլ կոնդեցի էլ բորբոքված դիմելով Ալեքսանդր Ղազարյանին ասաց`«Ախպեր, ես ի՞նչ անեմ, թողե՞մ գնամ Հայաստանից, չեք կարում հարց լուծեք, սաղդ կառավարության անդամներով, աշխատողներով հավաքվեք ու թողեք գնացեք Հայաստանից: Պապերս Մուշից են, փախել եկել են, հիմա ինձ իմ պապական տնից հանել են»:
Այս խոսքերին ի պատասխան պարոն Ղազարյանն էլ վստահեցրեց, որ շատ լավ հասկանում է բնակիչների խնդիրը, բայց համբերություն չունեն, իսկ բնակիչներից մեկն էլ ավելի զայրացած այսպես արձագանքեց. «Դուք բան էլ չեք հասկանում, ես էնքան համբերություն ունեմ, որ մինչեւ հիմա ապրում եմ Հայաստանում»:
Գազի պայմանագրի վերաբերյալ նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ կոնդեցիներին խորհուրդ տվեց գնալ ու զավթել էլիտար շենքերի բնակարանները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































