Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյան. «Զորի Բալայանը փորձեց մոռացության տալ Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արած հայտարարությունը» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2013 15:58

«Կասկածներ ունեմ, որ իր նամակով Զորի Բալայանը փորձեց մոռացության տալ Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ին Մոսկվայում արածը»,-Aravot.am-ի հետ զրույցում Զորի Բալայանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ հղելու փաստին այսպիսի գնահատական տվեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նրա կարծիքով `ՀՀ նախագահի` Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը «անմոռաց վարմունք էր, և Զորի Բալայանը 70 հատ էլ նամակ գրի, դրա տակ ստորագրեն Աշոտ Աղաբաբյանը , մյուսները, Սերժ Սարգսյանի արածը ոչ մի կերպ չի մոռացվի»:

Պարոն Բարսեղյանը Զորի Բալայանի` նման քայլի դիմելու դրդապատճառները չի հասկանում, ու նրա նամակի բովանդակությունն այսպես է ձևակերպում. «Սիրելի Ռուսաստան, թուրքերն ու պանթյուրքիզմն այնպես են մեզ ուտում, որ միայն քո ծոցում է փրկությունը»:

Շարունակելով գնահատականներ տալը` պարոն Բարսեղյանը նշեց. «Ընդհանրապես դա անհաջող բան եմ գնահատում: Մարդ, որ ահռելի կենսափորձ ունի, լավ գիտի պատմությունը, ականատեսն ու մասնակիցն է եղել Արցախի ազատամարտին, այսքան տարիներ փայփայել է Ռուսաստանի գիրկը մեկնվելու լուսավոր գաղափարը: Հանրագիտարանից արտագրածը դրել է նամակի մեջ: Զարմանալին այն է, որ իրեն թվում է`Ռուսաստանում տեղյակ չեն այդ պատմական անցքերին, կամ Ռուսաստանին Ադրբեջանի վրա քսի տալու պարզունակ, պրիմիտիվ հնարք է»:

Մեր հստակեցմանը` ստացվում է, որ Զորի Բալայանի քայլը ուղղորդվա՞ծ է ՀՀ իշխանությունների կողմից, պարոն Բարսեղյանն այսպես արձագանքեց. «Շատ կասկածում եմ, թե ուղղորդված է, չեմ էլ բացառում, որ ուղղորդված է: Զորի Բալայանի նամակագրության ցավը բոլորը գիտեն, հայտնի է նաև ռուսաց թագավորին նամակ գրելու հայկական ցավը: Բացառված չէ, որ մի տեղ քցել-բռնել են, որ մի հատ տշենք էլի, տեսնենք ինչ կստացվի: Պրիմիտիվ բան է: Դիվանագիտության մեջ նման նամակով ինչ-որ գործ չեն անում: Ուժ ես, հաշվի են նստում հետդ, թույլ ես, ինչքան ուզում ես նամակ գրի: Հանրահայտ, տարրական ճշմարտություն է, և Զորի Բալայանին պիտի հայտնի լիներ դա, ինքը պիտի մեզ նման դասեր տար` ասեր` տղերք նամակով չեն լուծում երկրի հարցերը»:

Հետաքրքրվեցինք` նամակից հետո Զորի Բալայանն ի՞նչ իրավիճակում հայտնվեց, պարոն Բարսեղյանն ասաց. «Ծանր բաներ չեմ ուզում ասել, մարդ է հիմի, նամակ է գրել: Լավ էր, որ այս նամակով ահագին մարդիկ, ովքեր երազում էին ռուսի ծոցը, կրունկը, կամ սապոգը, բացահայտվեցին»:

Լևոն Բարսեղյանի համար անընդունելի է երկրի ապագան ուրիշ երկրում լինելու հետ կապելը: Կրկին անդրադառնալով Զորի Բալայանին, Լևոն Բարսեղյանն ասաց. «Եղբայր, վաղուց գնայիք այնտեղ: Եթե դա աներ մի անտեղյակ մարդ, սկսնակ, կասեինք` խելքը բան չի հասնում: Բայց դու ամեն ինչ գիտես, լավատեղյակ ես, մասնակից ես եղել Արցախյան ազատամարտին, այդ տեսակ նվեր տալ, այդպիսի բաներից խոսել… մեր արժանապատվության դեմ ուրիշ ի՞նչ կարող էիր անել: Աշոտ Աղաբաբյանը, որ ազատամարտի մասնակից է համարվում, համարում է, որ Արցախի փրկությունը Ռուսաստանի գրկում լինելն է»:

Լևոն Բարսեղյանը կարծում է, որ փորձ է արվում նենգափոխել իրավիճակը, այն ներկայացնել` որպես ՀՀ-ի և ՌԴ-ի միացում ու ամփոփելով կոչ է անում. «Թող չփորձեն ներկայացնել, թե հավասարը հավասարի պես սեղան նստող ժողովուրդներ ենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Media Center/Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031