Լրահոս
Օրվա լրահոսը

«Շրիշակից ցածր» դատական համակարգից մինչեւ «արյան հայ տեսակ». պատգամավորների հայտարարությունները

Հոկտեմբեր 22,2013 19:22

Այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին պատգամավորները հիմնականում անդրադարձան այս օրերին քննարկվող թեմաների, թեեւ եղան նաեւ պատգամավորներ, որոնք խոսեցին իրենց միակ եւ մշտական թեմայից:

«Ժառանգություն» խմբակցությունից Թեւան Պողոսյանը անդրադարձավ դատական համակարգին, որի մակարդակը համարեց «շրիշակից ցածր», ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ մինչ օրս չի բացահայտվել «հավատավոր դաշնակցական, արցախյան ազատամարտի նվիրյալ զինվոր» Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը: Հիշեցնենք, որ Հրաչ Մուրադյանը իր աշխատավայրի դիմաց, առավոտ վաղ սպանվել էր դեռ ապրիլին:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը անդրադարձավ կառավարության կողմից շրջանառության դրված այն օրինագծին, որով փաստաբանները պետք է ամեն տարի 60 հազար դրամ պետական տուրք վճարեն՝ գործունեություն ծավելելու համար: Պարոն Մարուքյանը հայտարարեց, որ բյուջեն լցնելու այլ տարբերակներ շատ կան եւ պետք չի փաստաբաններից այդ կարգի գումար գանձել: Նա նաեւ նկատեց, որ այն հիմնավորումը, թե այդ գումարները գնալու են հանրային պաշտպանի գրասենյակի պահպանությանը, ուղղակի անընդունելի է, քանի որ հանրային պաշտպանի ինստիտուտը պետության անմիջական եւ ուղղակի գործառույթն է, նրա պարտականությունը, որը տրված է Սահմանադրությամբ: Նա կոչ արեց կառավարությանը՝ շրջանառությունից հանել այդ նախագիծը եւ չուղարկել Ազգային ժողով:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադարձավ «Առավոտ» թերթում տեղ գտած հարցազրույցներին՝ ՌԴ նախագահի խորհրդական Գլազեւի հետ, մի քանի դիտարկումներ ներկայացրեց այդ հարցազրույցներից, որոնում Գլազեւը տեսակետ էր հայտնել, թե Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի համար նշանակելու էր Բրյուսելի դիկտատուրա, Հայաստանի սուվերենության կորուստ, եւ ՀՀ վարչապետին ինչ-ինչ նկատողություններ էր արել: Տիկին Զոհրաբյանը ասաց, որ մի քանի օր համբերատար սպասեց, թե երբ ՀՀ ԱԳՆ-ն, ԱԳ պաշտոնյաները, «Արի տուն» ծրագրի շրջանակներում կհայտնվեին Հայաստանում եւ կպատասխանեին այս մեղադրանքներին: Տիկին Զոհրաբյանին հետաքրքրում էր, թե արդյոք Ասոցացման համաձայնագրում իրո՞ք Հայաստանի սուվերենությունը ոտնահարող դրույթներ կային, որոնց մասին Գլազեւից բացի խոսել են իրենց «ռուսամետությունը վերգտած» որոշ գործընկերներ, եւ եթե իրոք կային նման դրույթներ, ապա ինչո՞ւ էր ԱԳՆ-ն չորս տարի շարունակ բանակցում այդ համաձայնագիրը ստորագրելու շուրջ:

Երկու ՀՀԿ-ական պատգամավոր՝ Կարեն Ավագյանն ու Ռուզաննա Մուրադյանը խոսեցին խոսքի ազատությունից: Պարոն Ավագյանը խոսքը սկսեց նրանով, որ որոշ գործընկերներ ծանր են տանում «եւ-եւ»-ի քաղաքականությունը՝ վախենալով, որ դա կարող է իրականություն դառնալ, ու միանգամից անցում կատարեց «Ֆրիդոմ Հաուզին», որի տվյալներով Հայաստանը ազատ համացանց ունեցող երկրների ցանկում է: Այդուհանդերձ, պարոն Ավագյանը, ինչ-ինչ պատճառներով խոսեց այն մասին, որ «ինչ-որ անչափահաս կարող է հարվածել վաստակ, հեղինակություն եւ տարիների փորձ ունեցող ճանաչված մարդուն», ասաց, որ ոմանք ազատությունը շփոթում են ամենաթողության հետ եւ այլն: Սովորաբար իր խոսքում առանձնապես հարգալից վերաբերմունքով աչքի չընկնող պատգամավորը խոսեց այն մասին, որ բարեկրթության տարրական նորմեր են խախտվում, բամբասանքն ու ճանաչվածին խփելով ճանաչված դառնալու բանաձեւեր են կիրառվում: Լավ է գոնե վերջում ասաց, որ ինքը գրաքննությանը կողմ չէ, ուղղակի ամենաթողությանն է դեմ:

Նույն թեմային անդրադարձավ նաեւ Ռուզաննա Մուրադյանը:

ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի հայտարարությունը իր մշտական ոճի սահմաններում էր՝ արյան հայ տեսակ, արցախյան պատերազմի գորշություն, հայրենասիրություն եւ այլն:

ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը նախ մի թեթեւ խայթեց մինչ այդ իրեն խայթած գործընկերուհուն՝ «որոշ մտածողների նախազգուշացնում եմ, որ իրենց որոշ մտքեր կարող են հնչել բարձրաձայն եւ մերօրյա ցիցերոններին տանել փակուղի», ապա անդրադարձավ հայ-ադրբեջանական թնջուկին եւ հակամարտության երկու կողմերին եվրոպացիների համահարթեցնող քանոնին ու նախազգուշացրեց, որ մի օր «այդ քանոնը կոտրվելու է»:

ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն ու Նաիրա Կարապետյանն էլ անդրադարձան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին, հայտարարեցին, որ դա պոպուլիզմ է, հակասում է մեր եւ Արցախի շահերին եւ կհարվածի բանակցային գործընթացին ու կբերի զինված բախման:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031