Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գեւորգյան. «Մենք սերտ և արգասաբեր կապեր ենք հաստատել կոնգրեսի հետ»

Հոկտեմբեր 29,2013 16:51

Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի լիագումար նիստում այսօր ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության անունից ելույթով հանդես եկավ Ստրասբուրգում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Նա իր ելույթում մասնավորապես ասաց. «Կոնգրեսի այս նստաշրջանի «Ճգնաժամը Եվրոպայում՝ տեղական և շրջանային ժողովրդավարության մարտահրավերները» թեման արդիական է և գործնական նշանակություն ունի։ Ճգնաժամի հետ կապված մարտահրավերները, մեծ կամ փոքր դժվարությունները, առանց բացառության ծառացած են բոլոր անդամ պետությունների առջև։ Իշխանությունների առջև կանգնած լուրջ տնտեսական և/կամ սոցիալական մարտահրավերներից անմասն չեն նաև տեղական իշխանությունները, որոնք տեղական մակարդակում քայլեր են ձեռնարկում՝ ապահովելու քաղաքացիների բարեկեցությունն ու հիմնարար իրավունքները։

Երբ ռեսուրսները սահմանափակ են, իսկ մարտահրավերները՝ մեծ, կարելի է թերահավատ դառնալ այն պատասխանատվությունների նկատմամբ, որոնք դրված են ընտրված ներկայացուցիչների վրա։ Բայց հենց ճգնաժամի ժամանակ է, երբ ուժեղ առաջնորդությունն ու լավ հանրային կառավարումը առանձնահատուկ են անհրաժեշտ ու արդարացիորեն ակնկալվում են ընտրողների կողմից։ Հետևաբար, այստեղ տեղի ունենալիք քննարկումները արժեքավոր են և հուսով եմ, կձևավորվեն նոր գաղափարներ ու մոտեցումներ» :

Ըստ Արմեն Գեւորգյանի՝ Հայաստանի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահության չորս հիմնական նպատակներն են հանդիսանում.

«Առաջինը՝  պայքարը ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ Եվրոպայում, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների ձևավորման ու տարածման խթանումը։

Երկրորդը՝ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչների ուժեղացումը։

Երրորդը՝ ժողովրդավարական հասարակությունների ձևավորումն ու զարգացումը։

Չորրորդը՝ եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերակատարման մեծացումը» :

Ըստ նրա՝ Հայաստանի համար տեղական ժողովրդավարության հետագա զարգացումը նույնպես առաջնահերթություն է. «Այս առումով, մենք սերտ և արգասաբեր կապեր ենք հաստատել կոնգրեսի հետ։ Մենք ուրախ էինք հյուրընկալել կոնգրեսի բյուրոյի նիստը Երևանում, ինչպես նաև տեղական մակարդակում ժողովրդավարության երկու կարևոր խորհրդաժողովները՝ «Տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության զարգացման» և «Դարձնել մետրոպոլիսները ավելի հարմար քաղաքացիների համար՝ հանրային մարմինների մարտահրավերները» թեմաներով» :

Հայաստանի փոխվարչապետն իր ելույթում նաեւ նշեց, «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների օժանդակությունը ամենաազդեցիկներից է եղել Հայաստանում տեղական ինքնակառավարման ինստիտուտի ամրապնդման գործում։

Եվրոպայի խորհրդի հետ մեր համագործակցության ապագա զարգացումները ներառված են 2012-2014թթ. Գործողությունների ծրագրում, և, ի ուրախություն մեզ, արդեն լուծվել է ծրագրի՝ տեղական ժողովրդավարության հատվածում ներառված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսային ապահովվածության հարցը, և առիթը օգտագործելով պետք է հայտնեմ մեր խորին երախտագիտությունը դանիացի գործընկերներին։ Այս ծրագրի ընթացքում ցուցաբերվելիք տեխնիկական ու մասնագիտական օժանդակությունը կօգնի մեզ արդյունավետ առաջընթաց ապահովելու այնպիսի օրակարգային ուղղություններում, ինչպիսիք են վարչատարածքային բարեփոխումները, լիազորությունների ու համապատասխան ֆինանսական ռեսուրսների ապակենտրոնացումը, ծառայությունների ծավալի ու որակի ընդարձակումը, մասնակցության բարձրացումը և այլն։

Հայաստանի իշխանությունների հեռահար նպատակադրումը տեղական ժողովրդավարության զարգացումն է, տեղական մակարդակում տեղական նշանակության խնդիրները արդյունավետ լուծելու ունակ իշխանություններ ունենալը» :

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031