Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ և որտե՞ղ է քննարկվել այն հարցը, թե ինչու է ավագ դպրոցներում առաջադիմության անկում գրանցվել

Նոյեմբեր 05,2013 12:04

Օրերս առաջ «Առավոտ» օրաթերթում Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը մտահոգություն էր հայտնել 2012թ. նոյեմբերին ՀՀ մարզերի հանրակրթական հաստատությունների 11-րդ դասարաններում անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքների վերլուծության արդյունքում գրանցված պատկերի վերաբերյալ` մասնավորապես մարզերի ավագ դպրոցներում հայոց լեզվից եւ մաթեմատիկայից առաջադիմության անկման առիթով: Այս փաստը հակադրելով ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի` ավագ դպրոցի կայացման ընթացքի դրական գնահատականին` Անահիտ Բախշյանը հարց է հնչեցնում` ԿԳ նախարարության հանրակրթության ոլորտի փոխնախարարն ու վարչության պետը ծանո՞թ են այս վերլուծությանը, այն դարձրե՞լ են քննարկման առարկա, խորացե՞լ են մարզերի ավագ դպրոցներում հայոց լեզվից եւ մաթեմատիկայից առաջադիմության անկման պատճառների մեջ, թե՞ ավելի հեշտ է հաղորդումների ժամանակ ասել, թե ամեն ինչ լավ է լինելու, ժամանակ է պետք: 

Aravot.am-ին ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանն այս առիթով այսպիսի պարզաբանում տվեց. «Փոխնախարարն ու վարչության պետը տեղեկացված են և համապատասխան քննարկումներ այդ առիթով եղել են: Հանձնարարվել է վերլուծություններ ու առաջարկություններ ներկայացնել բարեփոխումների հետագա ընթացքում ներառելու համար տարբեր օղակների, ինչպես նաև ԿԱԻ-ին, որի փոխտնօրենն էլ Անահիտ Բախշյանն է»:

Անահիտ Բախշյանի քննադատության մյուս թիրախը ԳԹԿ-ն է, այն, որ 2012թ. նոյեմբերին ՀՀ մարզերի հանրակրթական հաստատությունների 11-րդ դասարաններում անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքների վերլուծությունը մինչ օրս ԳԹԿ-ի կայքում հրապարակված չէ՝ հակառակ «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության նպատակների 7-րդ սահմանած կետի:

Մեզ հետ զրույցում ի պատասխան ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանն ասաց. «Մենք ունենք «Հանրակրթություն. գնահատում և թեստավորում» վերլուծական տեղեկատվական հանդես, որտեղ պարտադիր տպագրում ենք մեր կողմից իրականացված բոլոր տիպի հետազոտությունների արդյունքները: Այդ հանդեսը ֆինանսավորվում է պետբյուջեի կողմից և անվճար տրամադրվում բոլոր կրթական հաստատություններին, այդ թվում նաև ԿԱԻ-ին, որի փոխտնօրենը Անահիտ Բախշյանն է: Ուստի պիտի բարի լինի տեսնի ու ծանոթ լինի այդ տեղեկագրին: Ոչ մի օրենքում գրված չէ, որ անպայման կայքում պիտի հրապարակված լինի:Ինքը թող լավ կարդա: Թե պետք է նաև կտեղադրենք կայքում, բայց մենք պաշտոնական տեղեկագիր ու հանդես ունենք, որտեղ հրապարակված է: Մեր բոլոր փաստաթղթերը միասնական քննությունների և այլնի հետ կապված տեղադրում ենք կայքում, իսկ ընդհանուր վերլուծական մասը տպագրված է հանդեսում, դրանում ի՞նչ խնդիր կա»:

Տիկին Բախշյանն, ի պատասխան ԿԳՆ-ի պարզաբանման, նշեց. «Մանուկ Մկրտչյանի հետ, ով համագործակցության ջատագով է, ես համագործակցության հարցում համամիտ եմ: Բայց նաև պետք է ասեմ, որ նման քննարկում գնահատման մասին ես չեմ իմացել, առավել ևս այդ քննարկման արդյունքների վերաբերյալ որևէ փաստաթուղթ կամ շրջաբերական որպես ԿԱԻ փոխտնօրեն` չեմ ստացել: Տեղյակ չեմ, թե ինչ քննարկում է եղել հատկապես այն հարցերի շուրջ, որոնք ես բարձրացրել եմ»:

ԳԹԿ տնօրենին Անահիտ Բախշյանն այսպես պատասխանեց. «Ես հենց հիմա բացել եմ նրա նշած հանդեսի վերջին համարները, դրանցում տրված են 2011-ին անցկացված արտաքին գնահատման արդյունքները, մինչդեռ խոսում եմ 2012-ի նոյեմբերին ավագ դպրոցում անցկացված գնահատումների մասին: Հետևաբար` չգիտեմ, թե ինչի մասին է ասում պարոն Մելիքյանը: Բայց շատ լավ կլինի, որ պարոն Մելիքյանը, Մկրտչյանն ու տիկին Հովհաննիսյանը, բոլորս միասին, ով պատասխանատու է կրթության ոլորտի համար, մեծացնենք համագործակցության ծավալները»:

Տիկին Բախշյանը քննադատեց նաև ԳԹԿ կայքը ու նշեց. «Կայքը նրա համար է, որ համակարգչից ցանկացած պահի ցանկացած ոք կարողանա այդ տեղեկատվությանը ծանոթանալ: Օրինակ` այդ հանդեսի 2012-ի 9-րդ համարին եմ ուզում ծանոթանալ, միայն բովանադակության էջն է բացում, իսկ հոդվածները՝ ոչ: Այնինչ ԳԹԿ-ի կայքը պիտի ամեն ինֆորմացիա պարունակի, ու շատ էլ պարտադիր է, որ կայքում հրապարակված լինի իմ նշած ինֆորմացիան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930