Լրահոս
Օրվա լրահոսը

Դասախոս. «ՀՊՃՀ-ի ուսանողությունը «քցված» վիճակում է գտնվում»

Նոյեմբեր 11,2013 20:05 Share

ՀՊՃՀ-ում կրքերն ամենևին չեն մարել, և համալսարանի դասախոսական կազմը շարունակում է պահանջել ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՊՃՀ-ի  դասախոսներ Աշոտ Խաչատրյանը, Էդվարդ Մանուկյանը, Պարգև Բալջյանը, Գևորգ Բալումյանը և Նորայր Հարությունյանը հանդես եկան հայտարարությամբ, որ ասուլիսից անմիջապես հետո իրենք պատրաստվում են բաց նամակով դիմել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականի պահանջով:

ՀՊՃՀ-ի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանի խոսքով՝  նամակի տակ ստորագրել է 252 աշխատակից, որը կազմում է պրոֆեսորադասախոսական կազմի մոտ 15-20%-ը: Նա տեղեկացրեց, որ նամակում բերված են հիմնավորումները, թե ինչու նպատակահարմար չէ, որ Ա. Ավետիսյանը շարունակի պաշտոնավարել ՀՊՃՀ-ի ռեկտորի պաշտոնում և հավելեց. «Արա Ավետիսյանը, մոտ երկու շաբաթ համալսարանը պահելով շատ ուժեղ լարվածության մեջ, գերադասեց գնալ Գերմանիա՝ որևէ հարցի լուծում չտալով: Ըստ էության, նա նաև ՀՀ ԿԳ նախարարի հրահանգը չկատարեց: Իսկ նախարարն ասում էր, որ հոկտեմբերին պոլիտեխնիկի կոլեկտիվն աշխատավարձը կստանա վերականգնված տարբերակով, այնինչ, մենք իջեցված տարբերակով ենք ստացել»:

Ա. Խաչատրյանն ասաց, որ Արա Ավետիսյանն ամեն կերպ փորձում է իր կողմից թույլ տված սխալը բարդել գիտխորհրդի վրա, այդ պատճառով էլ  աշխատավարձի վերականգնման գործընթացն ուշանում է:

Գևորգ Բալումյանը համոզված է, որ այս հարցը կարող է լուծել միայն ՀՀ նախագահը: Այնուհետև, անդրադառնալով Ա. Ավետիսյանի գործունեությանը, ասաց. «Արա Ավետիսյանի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում ՀՊՃՀ-ն միայն հետընթաց է գրանցել՝ թե՛ աշխատողների թվաքանակի պատճառով, թե՛ աշխատավարձերի նվազման պատճառով, և թե բազմաթիվ այլ պատճառներով: Նա այդ ամենը բարեփոխում է որակում: Եթե բարեփոխում է, թող աշխատավարձը բարձրացվի, ինչո՞ւ է իջեցվում, ուրեմն՝ աշխատավարձը իջեցնելու թաքնված միտում է եղել»:

Նորայր Հարությունյանն էլ ասաց, որ ինքն այն մարդկանցից է եղել, որոնք ողջունել են Արա Ավետիսյանի մուտքը համալսարան, «բայց հետո հասկացա, որ իզուր է եկել: Արա Ավետիսյանը գործնականում չի ճանաչում ոչ մեկի, նրա համար մարդիկ թղթի վրա գրված անուն-ազգանուններ են»,- ասաց դասախոսը:

Ա. Խաչատրյանն իր մտահոգությունն արտահայտեց նաև ուսումնական գործընթացի վերաբերյալ. «Եթե դասախոսների աշխատավարձի վերականգնման հարցն ինչ-որ չափով կարելի է համարել լուծված, ապա ուսանողությունը «քցված» վիճակում է գտնվում, քանի որ ուսումնական գործընթացը դեֆորմացված վիճակում է, ինչի մասին, ի դեպ, վերջին գիտխորհրդի ժամանակ ասաց նաև ուսխորհրդի նախագահը»:

Էդվարդ Մանուկյանն էլ տեղեկացրեց, որ վաղը՝ ժամը 12-ին, ՀՊՃՀ-ից հեռացված դասախոսները բողոքի ակցիա են անցկացնելու համալսարանի առջև, իսկ իրենք սատարելու են նրանց:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930