Լրահոս
Օրվա լրահոսը

Պռոշյանի գյուղապետարանից փաստաթղթեր են անհետացել

Նոյեմբեր 12,2013 14:33

Ըստ գյուղապետի՝ բոլոր փաստաթղթերն ու տեղեկատվությունը վերցրել-տարել են

Կոտայքի մարզի Պռոշյանի համայնքապետարանն իր ռեզերվում այլեւս գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ չունի: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց գյուղապետ, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը, ով իր պաշտոնավարման 100 օրվա առիթով կիրակի օրը հաշվետվություն է ներկայացրել գյուղի բնակիչներին: «Մենք նայել ենք 2006-2013թթ. գյուղատնտեսական նշանակության բոլոր հողատարածքները, որոնք աճուրդով վաճառված են: Ընդ որում, վաճառված են չնչին գնով, կադաստրային արժեքից շատ ու շատ ցածր: 26 դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար. մոտ հարյուր քսան հեկտար հողատարածք է այդպես օտարվել: Օտարված 120 հա հողատարածքից համայնքային բյուջե է մուտք գործել ընդամենը հարյուր հիսուն հազար դրամ գումար: Դրանք այն գումարներն են, որոնք համայնքում ներդրումներ, համայնքին նպաստող ծրագրեր անելու հնարավորություն պետք է ստեղծեն: Մեկ օրում վաճառվել է 38 հեկտար հող մեկ մարդու, եւ այդ 38 հեկտարի համար,  ոմն թալինցի մեր արոտավայրերը գնել է եւ տարեկան վճարում է ընդամենը 47 հազար դրամ, իսկ մեր գյուղացիները ընդամենը հազար մետրի համար վճարում են յոթ հազար դրամ: Թե ինչպես է ստացվել, որ այդքան հսկայական հողատարածքի համար վճարում են չնչին գումար՝ դա էլ դեռ կպարզենք»:

Համայնքի ղեկավարի հաշվետվության համաձայն՝ ներկայումս համայնքն ունի բարերարներ, ովքեր իրենց հնարավորություններով կարող են ցուցաբերել աջակցություն մանկական խաղահրապարակ, դպրոցական նոր շենք կառուցելու գործում, սակայն համայնքն այլեւս չունի չվաճառված հողատարածք: Իր հաշվետվության մեջ Արթուր Մուրադյանը ներկայացրել է համայնքային միջոցներով կատարված ասֆալտապատման, կոյուղագծերի հիմնանորոգման, 15 տարի խցանված մոտ 300 մետր կոյուղագծերի մաքրման եւ այլ աշխատանքների մասին: Հետաքրքրվեցինք` եթե համայնքային բյուջեն ներում է, ինչո՞ւ են այլ համայնքապետեր անընդհատ դժգոհում եւ նման գործեր չեն անում: «Ինչ ասեմ: Ես, համենայնդեպս, կարողացել եմ: Ես նոր գյուղապետ եմ, ուրիշների փոխարեն չեմ կարող պատասխանել»,- ասաց նա:

«Մինչ օրս գյուղապետարանում ընդունում-հանձնում չենք արել: Բոլոր փաստաթղթերն ու տեղեկատվությունը վերցրել-տարել են: Նույնիսկ նամակով դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի ապահովեն նախկին անձնակազմին` ընդունման-հանձնման համար, բայց դեռ որեւէ պատասխան չենք ստացել: Այսօր գյուղացիները չեն կարողանում իրենց անասուններին հանել արոտավայրեր՝ արածեցնելու, որովհետեւ բոլոր հողերը վաճառված են: Գյուղապետարանի նախկին աշխատակազմի աշխատակիցների շնորհիվ բոլոր հողերը մատչելի` կադաստրային արժեքից ցածր գներով վաճառվել են իրենց ծանոթ-բարեկամներին»,- ասաց նա` հավելելով. «Նախկին գյուղապետը իմ մարտական ընկերն է եղել: Ես համոզված եմ, որ գյուղապետարանում ստեղծված քաոսի, չնչին գներով օտարված հողերի մասին Հրաչ Մուրադյանը առհասարակ տեղյակ չի եղել, նա պարզապես վստահել է իր աշխատակազմին` չկասկածելով իրենց աշխատանքի մաքրության վրա»:

Գյուղապետն ասաց, որ բնակիչները շատ զգացված են եղել իր` հաշվետվություն ներկայացնելու նախաձեռնությունից եւ հեռացել են գոհունակությամբ: Իր գնահատմամբ՝ հաշվետվության արդյունքում ինքն ամրապնդեց իր վստահության քվեն. «Առաջարկել եմ, որ գյուղի մեծահասակների խորհուրդ ստեղծենք` ամեն թաղամասից մի մարդ, ով գյուղի հոգսերից հասկանում է, որ համագործակցենք գյուղի հարցերի շուրջ»:

Թե համայնքի բնակիչների որ հատվածն է եկել Արթուր Մուրադյանի հաշվետվությունը լսելու` մեր հարցին ի պատասխան՝ Մուրադյանն ասաց, որ անձնապես ոչ ոքի չի հրավիրել: Գյուղապետարանում, գյուղի կենտրոնական հատվածներում, փողոցներում փակցրել է հայտարարությունները, եւ ով հարկ է համարել, նա էլ ներկա է գտնվել: Իսկ հետագայում ժողովրդին  հաշվետվություններ տալը եւս դարձնելու է շարունակական:

Պատասխանելով համայնքում առկա լարվածությանը վերաբերող մեր հարցին էլ՝ Արթուր Մուրադյանն ասաց, որ իրենց գյուղում ոչ մի լարվածություն էլ չկա, մարդիկ իրենց բնականոն առօրյայով ապրում են, ու այդ տեղեկատվությանը չհավատալու դեպքում էլ ցանկացողները կարող են գնալ իրենց համայնք ու զրուցել բնակիչների հետ: Գյուղապետը նշեց նաեւ, որ այդ մասին գյուղի բնակիչները բարձրաձայն արտահայտվել են նաեւ հաշվետվության օրը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930