Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը քրեական պատասխանատվություն է պահանջում, իսկ Սարգսյանը՝ լարված աշխատանք է ուզում

Նոյեմբեր 14,2013 23:00

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ՝ ՀՀ կառավարության 2014թ. բյուջեի նախագիծն իրենից ներկայացնում է ոչ թե «ազնիվ կառավարիչների պատրաստած փաստաթուղթ՝ հաշվետվություն եւ առաջիկա գործունեության ծրագիր, այլ՝ մի փաստաթուղթ, որը նպատակ ունի թաքցնել կոռուպցիան եւ թալանը»:

Բերելով թվերի ու փաստերի մի հսկայական շարք, որով ապացուցում էր կառավարության անկարողությունը՝ որպես գործադիր իշխանություն, Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր պարոն Զուրաբյանը տվեց իր վճիռը՝ «սա թալանի, համակարգված կոռուպցիայի, խաբեության, անվճարունակության բյուջե է»: Եվ հայտարարեց, որ այս կառավարությունն արժանի է ոչ միայն անվստահության, այլեւ՝ քրեական պատասխանատվության:

Բյուջեի քննարկումները հետաձգվեցին առնվազն 4 օրով, իսկ խորհրդարանական խմբակցություններին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց 24 ժամվա ընթացքում ներկայացնել իրենց առաջարկները՝ բյուջեի նախագծի հետ կապված: Բյուջեի նախագծի այսօրվա քննարկման ավարտին ելույթ ունեցավ կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանը խոսեց «երկրում առկա հիմնարար խնդիրների» մասին, որոնք են՝  գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիայի բարձր մակարդակ: Նա այս խնդիրները գնահատեց որպես «լրջագույն վտանգներ, որոնք խոչընդոտում են մեր երկրի բնականոն զարգացումը»:

Ընդդիմադիր գործչին հատուկ այս արձանագրումները վարչապետն արեց՝ հպարտորեն նշելով. «Մեր քաղաքական թիմն արձանագրում է այս պրոբլեմների առկայությունը, եւ դա ստեղծում է դժվարություն մեր ընդդիմախոսների համար»: Նկատենք, որ կառավարության այս «անկեղծությունը» ընդդիմությունն արդեն որակավորել էր որպես «աներեսություն»:

Ընդդիմախոսների առջեւ դժվարություններ ստեղծելուց հետո վարչապետը սկսեց ներկայացնել 2014թ. պետբյուջեի առանձնահատկությունները: Բացի «արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության համալիր ծրագրից», վարչապետը հիշատակեց նաեւ այն, որ այս բյուջեով «պարզունակ ծրագրերից» անցում է կատարվում «բարդ ծրագրերի»: Որպես այդպիսիք նա նշեց կենսաթոշակային բարեփոխումը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, եւ գործազրկության նպաստները այլ ուղղությամբ օգտագործելը: Վերջինի կապակցությամբ Տիգրան Սարգսյանը բերեց հետեւյալ օրինակը. «Արդյոք ճի՞շտ է 32,5% աղքատություն ունեցող Հայաստանի Հանրապետությունում սոցիալական նպաստ տալ 2 մլն դրամ աշխատավարձ ստացած բանկի կառավարիչին, որը ազատվել է աշխատանքից: Նման մարդկանց 150 հազար դրամի օգնություն տրամադրելը սխալ է, այդ գումարները պետք է տրամադրել աշխատանք ունենալու հնարավորությունից զրկվածներին, վերապատրաստել է պետք»:

Կառավարության ղեկավարը համարում է, որ կենսաթոշակային բարեփոխումը եւ գործազրկության դեմն առնելուն միտված ծրագրերը կոչված են կանգնեցնել արտագաղթը. «Այս մտածողության ներդրումը, երկարաժամկետ պլանները արտագաղթի դեմ պայքարի տարրերից են: Եթե Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունի երեսուն տարով վարկ վերցնելու ե բնակարան ձեռք բերելու, նշանակում է՝ նա իր ապագան կապում է հայրենիքի հետ»:

Նա կոչ արեց պատգամավորներին՝ ակտիվորեն համագործակցել կառավարության հետ՝ լարված աշխատանքի արդյունքում բյուջեի նախագծում դրված «համարձակ ցուցանիշներին» հասնելու համար:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930