Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե եղբորս սպանած անձը նո՞ւյնպես ադրբեջանցի է եղել»

Նոյեմբեր 30,2013 14:46

Հասմիկ Հովհաննիսյանին պետությունը ոչնչով չի օգնում՝ պարզելու Մոսկվայում առեղծվածային պայմաններում սպանված եղբոր մահվան պատճառը
Ռուսաստանում սպանված Ռուբիկ Հովհաննիսյանի քույրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, ցանկանում է պարզել եղբոր սպանության հանգամանքները: Նա դիմել է ՌԴ-ում ՀՀ դեսպանին՝ իրեն օգնելու համար, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել:

Տիկին Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց իր ընտանիքի հետ պատահած դժբախտության մասին: Ըստ նրա՝ 3 տարի առաջ Մոսկվայում դաժանաբար սպանել են նրա եղբորը՝ 1959թ. ծնված Ռուբիկ Հովհաննիսյանին, որը մասնագիտությամբ մանկավարժ էր: Նա ապրել է Մոսկվայում վարձակալությամբ ձեռք բերած բնակարանում, ըստ տիկնոջ՝ «г.Москва, Западное Бирюлево, Булатниковский проезд, дом 14,корпус 3, кв. 150» հասցեում: Հասմիկ Հովհաննիսյանը պատմեց, որ եղբայրը որոշել էր 2010 թ.-ի հունիսին վերադառնալ հայրենիք, սակայն 2009-ի դեկտեմբերի 21-ին եղբորը բնակարանում գտել են սպանված եւ թալանված: Հ. Հովհաննիսյանի խոսքերով՝ եղբայրը մոսկովյան բանկերից մեկում կուտակել էր որոշակի խնայողություններ՝ $10 000:
Այդ ժամանակ մահագույժն այնքան անսպասելի է եղել հարազատների համար, որ նույնիսկ չեն կենտրոնացել սպանության մանրամասների վրա, բացի այդ՝ մոսկովյան ինչ-որ քննչական բաժին, որը զբաղվել է գործի վարույթով, պայման է դրել. «Եթե դիակը տանեք Հայաստան, գործը կկասեցվի»:

«Ես չէի գնացել այնտեղ, մեր հարազատներից մեկն էր գնացել եղբորս դին բերելու, այդ պահին ամենաշատը մտածում էինք եղբորս դին Հայաստան բերելու մասին: Չէինք կարող թողնել այնտեղ, երկար չենք էլ մտածել: Մտածում էինք՝ եղբորս աճյունը բերել Հայաստան, որպեսզի այն իր հայրենիքում հանգչի»,- պատմում է տիկին Հովհաննիսյանը:
Հասմիկ Հովհաննիսյանն ասում է, որ եղբոր հուղարկավորությունից հետո չի հանգստացել եւ ամեն գնով ցանկացել է պարզել եղբոր առեղծվածային սպանության հանգամանքները: Այդ պատճառով նա նամակ է գրել նույնիսկ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանին՝ խնդրելով միջամտել սպանության մանրամասների պարզաբանմանը: Նրա խոսքով՝ 2010թ.-ին երեք անգամ դիմել է դեսպանություն, սակայն այնտեղից որեւէ պատասխան չի ստացել:

Հայկական կողմի անտարբերության ու նաեւ այլ աղբյուրներից ճշտելու հնարավորություն չունենալուց դրդված՝ տիկին Հովհաննիսյանը հաշտվել է այն մտքի հետ, որ եղբոր դաժան սպանության հանգամանքները այդպես էլ չի կարող պարզել: Բայց վերջերս լրահոսում պտտվող Մոսկվայում ադրբեջանցի Օրհան Զեյնալովի կողմից դանակահարված 25-ամյա Եգոր Շչերբակովի մասին լուրերը նորից թարմացրել են նրա վիշտը: Պարզվել է՝ տիկին Հասմիկի եղբայրը նույնպես ապրել է նույն թաղամասում, որտեղ որ ապրել է մոսկվացի սպանված երիտասարդը: Այժմ նրան նորից պատել է կասկածը. գուցե իր եղբոր սպանությունը նո՞ւյնպես եղել է ադրբեջանցու ձեռքով՝ ազգային հողի վրա, քանի որ, ըստ տիկնոջ, հարեւանությամբ ադրբեջանցիներ շատ են ապրում: Տիկին Հովհաննիսյանը չի բացառում, որ գուցե սպանությունը եղել է նույն ադրբեջանցու՝ Օրհան Զեյնալովի ձեռքով: Հասմիկ Հովհաննիսյանի սիրտը ցավում է, որ իր պետությունը չի կանգնել Մոսկվայում դաժանաբար սպանված իր հայրենակցի հարազատների թիկունքին՝ պարզելու սպանության հանգամանքները:

«Մոսկվան ո՞նց պաշտպանեց իր քաղաքացուն. եթե նման դեպքեր են կատարվում, պետություններն են իրենց քաղաքացիների շահերը պաշտպանում, բայց մեր պետությունը ոչ մի արձագանք չի տալիս»,- ասում է նա:

Հասմիկ Հովհաննիսյանը կարծում է, որ եթե նույնիսկ սպանությունը դրամաշորթության նպատակով է եղել, ապա չի բացառվում, որ սպանողները նախօրոք իմացել են եղբոր բանկային հաշվի գոյության մասին եւ սպանության հաջորդող օրերին թալանել, որովհետեւ բնակարանը զննելիս հայտնաբերվել են որոշ փաստաթղթեր, բայց ոչ՝ բանկային քարտը:
Այս հարցը նույնպես մտահոգել էր Հովհաննիսյանների ընտանիքին, եւ նրանք փորձել են պարզել՝ արդյոք Ռուբիկ Հովհաննիսյանի բանկային հաշվում գումար կա՞:
Հայաստանում փորձել են դիմել տարբեր մարմինների՝ այս հարցը պարզելու համար, բայց պատասխանել են, որ դա հնարավոր չէ ճշտել Հայաստանում, պետք է դիմել Ռուսաստանի Կենտրոնական բանկ, իսկ այնտեղ հարցում կարող է կատարել միայն Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանը:

Երեք անգամ ուղարկված նամակում Հասմիկ Հովհաննիսյանը դեսպանին խնդրել էր օգնել՝ պարզելու, թե արդյոք եղբոր բանկային հաշվում գումար կա՞ պահված: Այդ հնարավոր միջամտությունը կպարզեր սպանության հետ կապված մանրամասներ՝ արդյոք նրան սպանելուց հետո օգտագործվե՞լ է նրա անձնական բանկային քարտը՝ գումար հանելու նպատակով, որովհետեւ չի բացառվում, որ նրա գումարը պահվում է անհայտ ինչ-որ բանկի հաշվեհամարի վրա, եւ սպանության պատճառը դրամաշորթությո՞ւնը չի եղել:
«Ես կուզեի, որ մեկ անգամ էլ այս հարցը բարձրացվեր, գուցե դուք, որպես լրատվամիջոց, դիմեք դեսպանին, նա արձագանքի: Մեր, եղբորս հոգու հանգստության համար պարզենք՝ ինչի՞ են սպանել: Ախր նա էնքան լավ մարդ էր, նույնիսկ իր ռուս ուսանողներին էր զարմացրել սպանության լուրը, նրանք բոլորը այնքան լավ էին արտահայտվում եղբորս մասին»,- ասում է տիկին Հասմիկը:

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատնից «Առավոտի» հարցերին ի պատասխան՝ նույնպես ոչ մի արձագանք չեղավ: Հարցերը դեսպանին ուղարկել էինք էլեկտրոնային տարբերակով՝ ՀՀ արտգործնախարարության կայքէջում նշված էլեկտրոնային հասցեով, սակայն 15-20 օր որեւէ պատասխան չստացանք:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930