Նախկին դատավոր Պարգև Օհանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, նշեց, որ ՄԻՊ զեկույցին կարելի է երկու ձևով նայել՝ և՛ հոռետեսորեն, և՛ լավատեսորեն՝ այն իմաստով, որ վերջապես նայում ենք ճշմարտության աչքերին և ասում այն, ինչը գաղտնիք չէ, հասարակությունը վաղուց գիտի և ինչ-որ տեղ նաև հաշտվել է այդ մտքի հետ․ «Հիմա Մարդու իրավունքների պաշտպանը բավականին բարձր ձայնով բարձրաձայնում է այդ մասին: Մի կողմից, կարող ենք հոռետեսորեն տրամադրվել և ասել՝ բա ամոթ չէ՞, ինչո՞ւ եք ասում, աշխարհով մեկ խայտառակ եղանք, կամ ինչպես դատավորներից մեկն էր արտահայտվել՝ «ցեխ եք շպրտում»: Իսկ մյուս կողմից, լավատեսորեն նայել՝ հետևություններ անել, զգաստանալ, վերջապես սթափվել, հասկանալ, որ ոչ թե ցեխ է շպրտվում, այլ հենց ցեխի մեջ ենք, և կարելի է մի քիչ ձգվել, դուրս գալ այդ ցեխից, գուցե նաև՝ լողանալ»:
Մեր այն դիտարկմանը, թե օմբուդսմենի զեկույցում անուններ և փաստեր չեն նշվում, և հենց դա է քննադատությունների տեղիք տալիս (որպես օրինակ՝ մեջբերեցինք գաղտնի հարցազրույցում դատավորներից մեկի խոսքերը. «Ստացված ցուցումների համաձայն՝ դատական նիստի ընթացքում ես հարկադրված էի պարբերաբար ընդմիջումներ հայտարարել՝ Վճռաբեկ դատարանի դատավորին գործի ընթացքի մասին զեկուցելու համար)` Պարգև Օհանյանն արձագանքեց հետևյալ կերպ․ «Կարծում եմ, որ դա, անշուշտ, արդարանալու փորձ է` որ եթե անուններ չի նշվում, ուրեմն ճշմարտություն չէ, ինչո՞ւ ոչ՝ կարելի է նաև այդպես անել, ջայլամական կանխավարկածի պարագայում չտեսնելու ես տալիս այն, ինչ կա: Այսինքն անուն տուր, անուն չես տալիս՝ սուտ է: Այդպես չի կարելի: Նախ անուն իրենք ինչ-որ տեղ չէին կարողանա տալ: Փաստորեն իրենք այդ ինֆորմացիան ձեռք են բերել՝ երաշխավորելով հարցազրույցների գաղտնիությունը: Հակառակ դեպքում ո՞վ իր պաշտոնից ձեռք կքաշեր, որ անուններ տար. այնպես որ դա նորմալ է»:
Բացի այդ, ըստ Պարգև Օհանյանի, անուններ տալը Կարեն Անդրեասյանի գործառույթների մեջ չի մտնում․ «Նա դատախազ չէ, օմբուդսմենը չի դատում և մեղադրում, նա փաստ է արձանագրում, նշում, որ կա այսպիսի խնդիր՝ մեր ուսումնասիրություններն այս են ասում: Կարծում եմ՝ նա գործում է օրենքի շրջանակներում»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում


















































