Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Հավատո՞ւմ եք, որ Հայաստանում կարող է միլիարդներ աշխատել Սերժ Սարգսյանի շրջապատից դուրս մարդը»

Դեկտեմբեր 25,2013 21:44

Այսօր իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, խոսելով ՃՈ խախտումները ֆիքսելու համար տեղադրված տեսախցիկների, կարմիր գծերի եւ կենսաթոշակային հիմնադրամի մասին՝ որպես Հայաստանի իշխանությունների կողմից 2013 թվականի թոփ 13 ձախողումներից երեքը, նկատեց, որ այս բոլոր դեպքերում էլ ամենամեծ դժգոհությունն այն բանից է, որ հավաքվող գումարները գնում են մասնավորի գրպանը, իսկ հասարակությունը պետությանը ավելի շատ է վստահում, քան մասնավորին:

«Առավոտի» հարցին՝ որքանո՞վ է ճիշտ, որ լիբերալ արժեքներ դավանող քաղաքական ուժի՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչը դեմ է խոսում մասնավոր ընկերություններին, Արամ Մանուկյանը պատասխանեց.«Բնականաբար, ես 100%-անոց կողմնակիցն եմ մասնավորի, բայց կա մի բայց: Թոշակները, Սահմանադրության համաձայն, պետական ռազմավարության մենաշնորհ են: Ինչպես՝ հանրակրթությունը: Ես կողմ եմ պետության մենաշնորհին՝ հանրակրթության բնագավառում: Դա չի նշանակում՝ մասնավոր դպրոցներ չեն կարող լինել, բայց հանրակրթության քաղաքականություն իրականացնելը պետության մենաշնորհն է: Սա լիբերալիզմի մեջ ամբողջությամբ տեղավորվում է: Նույնը՝ կենսաթոշակային խնդիրը: Կենսաթոշակային ռազմավարությունն ու քաղաքականությունը պետական մենաշնորհ է, կառավարության մենաշնորհը: Եթե կառավարությունը իր վրա է վերցնում ռազմավարություն կազմակերպելը, տիրապետելը, վերահսկելը, ապա կարող է ներգրավել նաեւ մասնավոր կառույցներ, դա ընդունելի է: Բարեփոխումներին ես կողմ եմ ծայրեծայր: Բարեփոխումը ճիշտ է, բայց այն պետք է անցներ պետական արտոնագրում, պետական վերահսկողություն, եւ լիներ ոչ թե պարտադիր, այլ՝ կամավորության սկզբունքով, եւ հետո անցներ մասնավորներին՝ մաս-մաս, որպեսզի ռիսկային չլիներ: Հիմա այս ամբողջ գումարները պետք է գնան մասնավոր կառույցների, որոնք դրանք դուրս հանելու իրավունք են ունենալու, եւ որոնց վրա վերահսկողության մեխանիզմներ չունենք»:

Մեր դիտարկմանը, որ գումարների դուրս հանումը բարեփոխիչները բացատրում են նրանով, որ Հայաստանի տնտեսությունը ուղղակի չունի այն ներուժը, որ միանգամից կլաներ այդքան գումարը՝ չկա արտադրություն, գործարաններ, որոնց մեջ կներդրվեին այդ գումարները, եւ որպեսզի այդ գումարները շահույթ բերեն, հարկավոր է դրսի ընկերություններում ներդնել՝ մեր ապագա թոշակառուների թոշակների բարձրացման համար, պարոն Մանուկյանը պատասխանեց.«Այդ մասնավոր ընկերությունները առաջացել են օրենքի կիրարկումից մի քանի շաբաթ առաջ եւ սա է նաեւ անվստահության առիթը: Ցանկացած մարդ, որն իր աշխատավարձից գումար պետք է տա մի կառույցի, դրա մասին պետք է շատ բան իմանա, այդ կառույցը  պետք է լինի թափանցիկ, եւ մարդիկ իմանան, թե դա ինչ է, այդ կառույցի կենսագրությունը պետք է լինի փող մուծողի սեղանին: Անցե՞լ է տենդեր, թե ոչ, եւ ինչով է գրավիչ ուրիշից, որը կարող էր լինել: Այս բոլոր խորհրդավոր բացթողումներն են, որ կարող են կասկածի տեղիք տալ: Թե չէ՝  մասնավորը, իհարկե, ավելի վստահելի է, բայց պետք է վերահսկվող եւ երաշխավորված լինի: Կա նաեւ հոգեբանական պահը՝ դա արվեց կարմիր գծերից եւ նկարահանող սարքերից հետո եղավ: Ես իմ ելույթում վարչապետին ասել եմ՝ դուք կրիտիկական սխալ թույլ տվեցիք, մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը բերեցիք, ներկայացրիք անմիջապես էն բումից հետո, որը կապված էր կարմիր գծերի եւ նկարահանող սարքերի հետ, որը, բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանի եղբոր մասնավոր կառույցներն են: Ու միանգամից բերում եք ներկայացնում եք հաջորդ մասնավոր կառույցը, որին միանգամից  270 հազար քաղաքացի պետք է իր աշխատավարձից մուծումներ անի: Ոչ ոք չի վստահի: Եվ երկրորդ տակտիկական սխալը՝ բերեցին դա անմիջապես բյուջեի հետ եւ պատռվում էին, որ բյուջեից առաջ ընդունվի պարտադիր կուտակայինը: Ես հայտարարել եմ եւ հիմա էլ եմ հայտարարում, որ իրենք սա անում են ոչ թե ձեր ասած խնդիրը լուծելու, այլ բյուջեի խնդիրը լուծելու համար»: Երբ նկատեցինք, որ օրենքով իրավունք չունեն այդ գումարները բյուջե մտցնելու, պարոն Մանուկյանը խորհրդավոր ժպիտով ասաց. «Ճիշտ եք, շատ ճիշտ եք»:

Մեր հաջորդ հարցը վերաբերում էր տեսախցիկներին՝ ասում եք, որ տաքսիստները հարյուր հազարներով տուգանվում են, ստիպված արտագաղթում են եւ դա կապում եք տեսախցիկների գոյության հետ, ավելի ճիշտ չի՞ լինի ասել, որ պետք չի խախտումներ անեն, բոլորս էլ գիտենք, թե տաքսիստները ինչպես են քշում, կարգապահ վարորդի վրա երբեք 400 հազարի տուգանք չի գա: Պարոն Մանուկյանը պատասխանեց. «Մենք այդ խնդիրն այսպես ենք դրել՝ գումարներն են շատ գանձվում»: Նկատեցինք, որ դա ոչ թե տեսախցիկների խնդիրն է, այլ ՃՈ մասին օրենքով է սահմանված տուգանքների չափը, պարոն Մանուկյանը արձագանքեց.«Դե օրենքով է սխալ, էլի, տուգանքները մենք՝ Ազգային ժողովն է սահմանել, եւ այդ տուգանքները նվազագույն աշխատավարձի լուրջ տոկոսն են կազմում, մենք ասում ենք՝ իջացրեք, որ 70 հազար ստացողը մուծի ոչ թե 10 հազար տուգանք, այլ գոնե 5000»:

Բացի այդ, ըստ պարոն Մանուկյանի, լինում են վարորդի կամքից չկախված խախտումներ, որոնցից խուսափելն անհնարին է, սակայն տեսախցիկը դա գրանցում է: Մեր դիտարկումը՝ մի քանի անգամ համապատասխան մարմինները շեշտել են, որ խախտումը գրանցելիս հաշվի առնվում է իրավիճակը, եւ եթե վարորդն այլընտրանք չուներ, քան խախտում անելը՝ վթարից խուսափելու համար, չեն տուգանում, պարոն Մանուկյանի մոտ ծիծաղ հարուցեց՝ եւ դուք հավատո՞ւմ եք, որ տեսախցիկը խախտումը կգրանցի, բայց իրենք չե՞ն տուգանի: Երբ սեփական փորձիցս օրինակ բերեցի, որ եղել է դեպք, երբ ակամա խախտում եմ արել՝ հոծ գիծ եմ հատել՝ վթարից խուսափելու համար եւ տեսախցիկը դա ֆիքսել է, սակայն ինձ չի եկել խախտման թուղթ, պարոն Մանուկյանը բերեց այլ օրինակ. «Ամենաշատ խախտումը լինում է «զեբրա» եւ հոծ գիծ տրորելը, որը հաճախ եւ ակամայից է լինում, վթարից պաշտպանվելու համար է լինում, բայց խախտում է, եւ տուգանվում են: Տաքսիստները նաեւ բողոքում են կարմիր կայանման գծերից, որ կանգնում են կանգառն արգելված վայրում կամ կարմիր գծերի տակ մի քանի րոպեով, որ ուղեւորը իրեր դնի, կամ ուղեւորը խնդրում է մի րոպեով «մտնի-դուրս գա», տաքսիստը կանգառ է անում եւ տուգանվում: Միշտ էս օրինակն եմ բերում՝ ամիսը մի անգամ Երեւան է գալիս է գյուղացին՝ ծիծակը բերել է դատարկի, գնա: Ծիծակը դատարկելը տասնհինգ րոպե է տեւում, եւ ձեռնտու չի ամիսը 2000 դրամ մուծի՝ կարմիր գծերի տակ կայանելու համար, sms-ի ձեւն էլ չգիտի, ի՞նչ անի, տուգանվում է: Ես ամենեւին չեմ արդարացնում խախտումները: Ակամա խախտումների մասին եմ խոսում: Մի վարորդ ինձ ասում է՝ անընդհատ մի տեղ եկել կանգնել եմ, չեմ իմացել, որ այդտեղ չի կարելի կանգնել, ոչ ոք ինձ չի զգուշացրել, եւ մի ամիս անընդհատ նույն տեղում խախտումն արել է, մի քիչ դմբո վարորդ էր, ու մի քանի հարյուր հազարի խախտումն եկել է, մարդը ասում էր՝ ես մեղավոր չեմ, չգիտեի: Խեղճը ասեց՝ ավտոն թողնում եմ տաքսի ծառայությանը, ես արտագաղթեմ»:

Մեր հարցազրույցն ավարտվեց պարոն Մանուկյանի հետեւյալ խոսքերով.«Ես լիբերալ եմ, համաձայն եմ, բայց լիբերալ չեմ այնքանով, որ նախագահի եղբոր մասնավորը լինի դա», եւ երբ կասկած հայտնեցի այդ պնդման վերաբերյալ, պարոն Մանուկյանը զարմացավ. «Օյ, այսինքն, հավատո՞ւմ եք, որ Հայաստանում կարող է միլիարդներ աշխատի Սերժի շրջապատից դուրս մարդը…»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031