Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալներ՝ չինովնիկներին, գույժեր՝ հասարակությանը

Հունվար 09,2014 13:45

Հոռետեսական նոթ՝ «լավատեսական» ավարտով

Արդեն մի քանի օր է՝ մտածում եմ, թե ի՞նչ թեմայի անդրադառնալ այս տարվա առաջին իմ «Մեսրոպագրում». գրել այն մասին, որ Սերժ Սարգսյանը կրկին ձե՞ռ առավ հասարակությանը՝ Ամանորի նախօրյակին հերթական մի բուռ մեդալները նետելով մի խումբ պաշտոնյաների (տե՛ս): Բայց դե որ գրեցի՝ ի՞նչ, Սերժ Սարգսյանը դրանից ամաչելո՞ւ է, կամ գուցե, ասենք, Տարոն Մարգարյա՞նն է հրաժարվելու ընդունել՝ ասելով, թե ինքն այդքան ծառայություն դեռ չի մատուցել, որ արժանանա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալին: Կամ գուցե Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու կոչող Խաչիկ Ասրյա՞նն է ամոթից կարմրելու, որ Մովսես Խորենացու մեդալի է արժանացել… (Պատմահայրը ողջ լիներ, երեւի կասեր՝ «Ողբամ զքեզ…»)… Հա, հասկանալի է, այս պարգեւից հետո խարույկի կրակն ավելի լավ կբորբոքի կամ ավելի ճոռոմ խոսքեր կգտնի Սերժ Սարգսյանին գովերգելու համար, ստիպված կլինի բառարաններ թերթել, թե չէ՝ կրկնվում է երբեմն, կրկնվում է, չի կարելի էդպես, չի սազում արծվին այդ ճնճղուկային բառապաշարը, նոր բառեր են պետք: Թե չէ՝ «վսեմափայլ նախագահը» կձանձրանա նույն քծնանքը լսելուց…

Իսկ գուցե Արման Գալուստի Սահակյա՞նն է խղճի խայթ զգալու կամ՝ ֆինանսների նորանշանակ նախարա՞րը, որի կենսագրականը կարդում ես ու չես հասկանում՝ Շիրակացին սույն անձնավորության հետ ի՞նչ կապ ունի, կամ՝ լավ, էս մեկ-երկու ամսում էդ ի՞նչ աստղեր է վեր բերել երկնքից…

Իրականում այդ մեդալ-մուդուլները սովետից մնացած քաղցրաբլիթների («պրյանիկների») կրկնօրինակն են, որով երեխու նման ուրախանում են միայն հայրենի պաշտոնյաները: Չեմ լսել մի նորմալ, զարգացած, ոչ սովետական ավանդույթ ունեցող երկրի մասին, որտեղ էդքան մեդալ ու կոչում լինի, իսկ չինովնիկներին պարգեւատրելը՝ ավանդույթ…

Մի երկրում, որտեղ 5 տարի անընդհատ հետընթաց է, որտեղ ահագնացող արտագաղթ է, կոռուպցիա, օրինականության պակաս, պարգեւատրել նախարարներին ու փոխնախարարներին, նշանակում է թքել հասարակական կարծիքի վրա, նշանակում է գնահատել ոչ թե ծառայությունը երկրին, այլ ծառայությունը կոնկրետ սուբյեկտի կոնկրետ իշխանությանը…

Լավ, անցանք առաջ…

Է՞լ ինչ կարելի էր գրել էս առաջին «Մեսրոպագրում»:

Սերժ Սարգսյանի հերթական շարադրությա՞ն մասին, որ «Ամանորի շնորհավորական հեռուստաուղերձ» է կոչվում: Եթե այն շնորհավորանք լիներ՝ պիտի բարի բաներ մաղթեր, բայց չարագուշակ գուժեց, որ Հայաստանը 2014-ին կստրկացվի վերջնականապես՝ դառնալով Պուտինի մտահղացած Մաքսային միություն կոչվող գազպրոմային կայսրության գավառ, ու դա անվանեց նոր քայլ անվտանգության ճանապարհին:

Իսկ գուցե անդրադառնամ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ասուլիս անվանված հերթական պոռոտախոսությա՞նը… Ասուլիս, որին թռուցիկ հայացքն անգամ բավական է՝ հասկանալու համար, որ այս պարոնն աշխարհի մասին իր պատկերացումները ստանում է աշխատասենյակի լուսամուտից, «պադավատի» մգեցված ապակիների հետեւից եւ թիկնապահների թիկունքից նայելով… Նրան թվում է, որ եթե իր պաշտոնավարման ընթացքում սեփական եկամուտներն ու կարողություններն ավելացել են, ուրեմն հասարակությունն էլ է հարստացել, իսկ երկիրը՝ զարգացել…

Սույն «աստվածավախը» եթե բարոյականության չնչին իսկ նշույլ ունենար, վաղուց պիտի հրաժարական տված լիներ՝ օֆշորային սկանդալից կամ սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո: Սակայն Մաքսային միությանն անդամակցելու հարցում մեկ տարում կաշին կրկնակի փոխելուց հետո էլ դեռ երես ունի ու դուրս է եկել հասարակության առջեւ եւ ասուլիս է տալիս… Բանն այնտեղ է հասել, որ անգամ Ռոբերտ Քոչարյանն է նրա բարոյական կերպարին բնութագրումներ տալիս: Բայց ինքս համաձայն չեմ Տիգրան Սարգսյանի «բարոյականության դեգրադացիայի» մասին Քոչարյանի ասածներին: Համաձայն չեմ, քանզի չեղած բանը չի կարող դեգրադացվել…

Էլ ի՞նչ գրել Ամանորից հետո…

Նորի՞ց գուժել 1974 թվականից հետո ծնվածներին, թե ինչ է սպասվում իրենց՝ կուտակային կենսաթոշակի անվան տակ, գուշակե՞լ, թե օրվա իշխանության որ խնամի-բարեկամն է հարստանալու այդ ֆոնդերի հաշվին մի 20 տարի ու հետո թռնի՝ ձեռնունայն թողնելով հազարավորների, իսկ Տիգրան եւ Սերժ Սարգսյանները չեն լինելու, որ խաբված կուտակայինները նրանցից հաշիվ պահանջեն…

… Մի երկու օր առաջ բարեկամներիցս մեկն ասաց. «էդ ինչո՞ւ ես էդքան հոռետեսական բաներ գրում…»: Ոչինչ չպատասխանեցի, բայց սկսեցի մտածել. իսկ գուցե իսկապես ե՞ս եմ հոռետես դարձել, գուցե էս երկրում լավ բաներ են կատարվում՝ ես չե՞մ նկատում: Ու հանկարծ հայտնաբերեցի, որ իսկապես, տարվա սկզբին մի լավ բան, այնուամենայնիվ, կատարվեց. սառնամանիքը մեղմացավ, ջերմաստիճանը -20-ից բարձրացավ մինչեւ -6:
Բայց դե, ինքներդ էլ հասկանում եք, սրանում Սերժ եւ Տիգրան Սարգսյանները չնչին իսկ ներդրում չունեն…

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    “…Մի երկրում, որտեղ 5 տարի անընդհատ հետընթաց է, որտեղ ահագնացող արտագաղթ է, կոռուպցիա, օրինականության պակաս, պարգեւատրել նախարարներին ու փոխնախարարներին, նշանակում է թքել հասարակական կարծիքի վրա…”
    Պետք է լիներ. “…Մի երկրում, որտեղ 5 տարի անընդհատ հետընթաց է, որտեղ ահագնացող արտագաղթ է, կոռուպցիա, օրինականության պակաս, պարգեւատրել նախարարներին ու փոխնախարարներին, նշանակում է թքել հասարակական վրա…”, որովհետև ճշմարիտն այս է:

  2. Լևոն Մելքումյան says:

    Նկատի ունեմ՝ “հասարակության”

  3. David says:

    Վերջին մեդալը սերժանտի ես եմ տալու, ոչ իմ ձեռքով, ճիշտ իր ոճով:Նաև ասելու եմ շնորհակալություն ինքնաոչնչացման գյուտիդ համար և արագացում բանաձևի համար:

  4. Maxim says:

    Այս պատմական նկարը, շատ եմ խնդրում,՝ առանց լուրջ և նուրբ մեկնաբանության մի թողեք։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031