Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեք չասեք, որ Շիրակի մարզն անտեր է»

Հունվար 11,2014 15:17

Նախազգուշացնում է գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը իր պաշտոնավարման 8 ամիսների ընթացքում ամենամեծ հաջողությունը համարում է այն, որ մթնոլորտի փոփոխություն է տեղի ունեցել մարզում: Նա այս մասին ասաց երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մարզպետի բնութագրմամբ՝ մարդկային փոխհարաբերությունների փոփոխություն է նկատվում, որը, ըստ նրա, ամենակարեւորն է: «Չէի ուզենա շատ բացատրություններ տալ այս առումով, բայց սա կապում եմ շատ էլեմենտների հետ, որոնք փոխված են այսօր:

Փոփոխություն է եղել մարդկանց հոգեբանության մեջ՝ շատ փոքր, ցավոք սրտի, ես կուզենայի շատ լիներ, մարդիկ հաճախ ասում են, որ մեծ փոփոխություն է եղել, այդպես չէ, շատ չի եղել, բայց փոփոխություն կա: Ես դարձյալ կարեւորում եմ թեկուզեւ այդ փոքր փոփոխությունը»,- հայտարարեց մարզպետը: Ըստ նրա՝ իր պաշտոնավարման կարճ ամիսների ընթացքում Գյումրիում բավական շատ բարեկարգման աշխատանքներ են կատարվել` ասֆալտապատում, ճանապարհաշինություն, եւ այդ ամենը, ըստ պարոն Ցոլակյանի, կատարվել են որակով, ոչ թե գլխառադ են արվել: Մարզպետը նաեւ շեշտում է, որ պետության կողմից մեծ օգնություն է տրվել գյուղատնտեսությանը՝ դիզվառելիքի, սերմնացուի տեսքով, որը եւ օգնել է գյուղացիներին հարցերը ճիշտ կարգավորել ու արդյունքում ստանալ առատ բերք, մասնավորապես՝ հացահատիկային կուլտուրայի արտադրման բնագավառում: «Չեմ էլ հիշում, թե նման բերք վերջին անգամ երբ էինք ստացել՝ 90-ական թվականների՞ն, թե՞ որ՝ չեմ հիշում: Գյուղացիները ավելի շատ են գնացել իրենց տնտեսությունները մեծացնելու ճանապարհով, անասունների գլխաքանակն են ավելացրել»,- ասաց մարզպետը:

Ֆելիքս Ցոլակյանը շեշտում է նաեւ այն, որ 2013 թվականին Գյումրին մեծ ճանաչում ստացավ` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվելով: Ըստ նրա՝ սա եւս իր դերակատարությունն է ունեցել քաղաքում բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխության հարցում, քանի որ նշանավոր արվեստագետներից ամեն մեկի Գյումրի ժամանելը մի երեւույթ է: «Ես չեմ կարծում, որ Գյումրին վերջին տարիներին եղել է հեռուստաընկերությունների, ամբողջ հանրապետության ուշադրության կենտրոնում, ինչ եղավ այս վերջին մեկ տարվա ընթացքում: Ամբողջ տարվա ընթացքում Գյումրին եղավ ամբողջ հանրապետության տեսադաշտում: Մեկ ուրիշ քաղաք այդպես չլուսաբանվեց, եւ սա օգտակար էր»,- շարունակում է մարզպետը:

Չնայած այս ամենին՝ Ֆելիքս Ցոլակյանն ասում է, որ ինքը հատ-հատ կարող է թվարկել, թե ինչ են արել, ինչ չեն արել, ինչն են վատ արել: Մարզպետը չի մոռանում շեշտել, որ Շիրակը «բարդագույն» մարզ է, այս դաժան ցրտին դեռ կան տնակներում, անմարդկային պայմաններում բնակվող մեծ թվով ընտանիքներ: «Մենք լրջագույն խնդիր ունենք՝ կապված վթարային շենքերի, ճանապարհների, ջրագծերի, կոյուղու, քյարիսների հետ: Կարող ենք անընդհատ առանձին-առանձին թվարկել. վերցնես կրթություն` խնդիրներ կան, վերցնես առողջապահություն՝ խնդիրներ կան, բայց դրանք բոլոր տեղերին են վերաբերում, մենք ունենք սպեցիֆիկ` Գյումրուն ու Շիրակին վերաբերող խնդիրներ: Մեզ համար անգամ խնդիր է գերատեսչությունների տեղափոխման հարցը, որ էլի խնդիր է մեզ համար, չգիտեմ՝ ով չի համարում խնդիր, ես համարում եմ»,- ասում է մարզպետը:

Ֆելիքս Ցոլակյանը նաեւ հայտարարում է, որ եթե շատ հնարավորություններ ունենային, շատ գործեր կային, ճիշտ է` Գյումրիում որոշ փոփոխություններ եղան, ինչ-որ բան արեցին, սակայն անտեսվեցին գյուղական համայնքները: «Ցավոք սրտի, հնարավորությունները սուղ են: Մի բան հետ կընկնի, մի բան ուշ կլինի, բայց Շիրակի մարզում անտեր բան չկա, մարզը տեր ունի. եթե ինչ-որ մեկը զգում է, որ ինքը անտեր է, թող գա ինձ մոտ, ես կասեմ, որ տեր եմ»,- ասաց մարզպետը: Իսկ մարզում արձանագրված մասսայական արտագաղթի հետ կապված պատմաբան մարզպետը գտնում է, որ հայը 10-րդ, 17-րդ դարերում էլ է արտագաղթել, Հայաստանում մի թեթեւ չհարմարվելը մարդուն մղում է արտագաղթի: Մինչդեռ, ըստ մարզպետի, Վրաստանում եւս սոցիալական վիճակը շատ վատ է եղել, սակայն այնտեղից արտագաղթողներ կամ չեն եղել, կամ շատ քիչ քանակությամբ են եղել: Հայը իր տեսակով համարձակ է եւ չի վախենում այլ բնակավայր տեղափոխվելուց: Իհարկե, Ֆելիքս Ցոլակյանը նշում է, որ սոցիալական վիճակն էլ է իր դերակատարությունն ունեցել:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031