Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության հետաքննիչ Օրդակյանը արդարանում է. «Ծածկած շուկան» փլուզվելու էր» (Տեսանյութ)

Հունվար 16,2014 15:10

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում «Ծածկած շուկայի» հարցով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունն էր:

Պատգամավորը Վերաքննիչ դատարանում բողոքարկում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախորդ տարվա դեկտեմբերի 6-ի որոշումը: Հիշեցնենք, որ տիկին Փոստանջյանը անցած տարի «Ծածկած շուկայի» ապօրինի քանդման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն եւ իրավապահների կողմից օրենքով սահմանված կարգով ընթացք չստանալով՝ դիմել դատարան՝ իրավապահների անգործությունը վիճարկելու: Ըստ հայցի, հուշարձանը քանդողը եւ պաշտոնատար անձը, որոնք պատասխանատու են հուշարձանի պահպանման համար, պատասխանատվության չեն կանչվել:

Պատգամավորի փաստաբան Հերմինե Միքայելյանի ներկայացմամբ, գործով քննիչի կողմից չի իրականացվել բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, քննիչն իր որոշումը կայացրել է քաղաքապետի գոյություն չունեցող թույլտվությունների հիման վրա. «Ծածկած շուկայի» շինաշխատանքներ իրականացնելու համար չկա քաղաքապետարանի կողմից համապատասխան թույլտվությունները, ինչպես նաեւ չկա քանդման թույլտվություն…կառուցապատողը, չունենալով օրինական փաստաթղթեր, շուկայի տարածքում կատարել է մեծածավալ հողային, քանդման աշխատանքներ, եւ կոնտրուկտիվ միջամտությունները հանգեցրել են կառույցի հիմքերի խարխլմանը: Ստորգետնյա եւ վերգետնյա կայանատեղիների մուտքն ապահովելու համար կատարվել են կամարի ապամոնտաժում, տանիքի մի մասը քանդվել է»:

Տիկին Միքայելյանը հիշեցրեց նաեւ, որ քաղաքապետարանի կողմից շուկայում կատարվող աշխատանքները գնահատվել են որպես հուշարձանի փլուզում, իսկ 13.05. 2013-ին մշակույթի նախարարությունը դիմել է քաղաքապետարանին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել ապօրինի աշխատանքները դադարեցնելու եւ տարածքում հսկողություն սահմանելու համար: Ըստ նրա, քաղաքապետը մեկ տարվա ընթացքում կառուցապատողին երկու անգամ ենթարկել է վարչական պատասխանատվության՝ քաղաքաշինական նորմերի խախտումով իրականացվող շինարարության համար, բայց միջոցներ չի ձեռնարկել կառուցապատողին պարտավորեցնելու դադարեցնել շինարարությունը եւ վերացնել կառույցին հասցրած վնասները:

Նա նաեւ հստակեցրեց իրենց պահանջները՝ բեկանել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, կայացնել դատական նոր ակտ, վերացնել քրեական գործ չհարուցելու քննիչ Օրդակյանի որոշումը, հարուցել քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար այն ուղարկել քննիչին:

ՀՀ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննիչ Օրդակյանն էլ կրկին պնդեց, որ «Ծածկած շուկայի» տարածքում շինարարություն իրականացնող անձինք շուկայի կառույցը վնասելու կամ ոչնչացնելու միտում, դիտավորություն չեն ունեցել: Ըստ նրա, քննության ընթացքում, նշված ժամանակահատվածում շուկայի ստորգետնյա հատվածում իրականացվող շինաշխատանքները եղել են համապատասխան թույլտվությունների հիման վրա եւ չեն հանգեցնում հուշարձանի խարխլմանը, այդ պատճառով բողոքն անհիմն է. «Չեմ գտել հանցակազմի առկայություն… դիտավորություն չեն ունեցել կամարները քանդելու, եթե փլուզման աշխատանքներ եղել են, հնարավոր է , որ անզգուշության հետեւանքով է եղել, որովհետեւ նշված կառույցը բավականին հին է եւ սեյսմակայունության առումով վտանգ է ներկայացնում: Այսինքն, եթե աշխատանքներ էլ չկատարվեր, որոշ ժամանակ հետո առանց միջամտության փլուզվելու էր»:

Փաստաբանն էլ առարկեց քննիչի ասածները՝ պնդելով, որ քննիչը նույնիսկ նորմալ հետաքննություն չի արել, հարցաքննել է գործով մեկ անձի, այն էլ անհայտ է, թե իրականում ով է ու ինչ կազմակերպություն է ներկայացնում. «Մտացածին անձ է, ինչ-որ ճարտարապետ է ներկայանում… նյութերը չեն էլ հավաքվել ընդհանրապես»:

Քննիչը կրկին առարկեց, պնդեց, որ անձը հաստատող փաստաթղթերով է հետագայում ներկայացել:

Դատախազ Մամիկոն Գեղամյանն էլ արդարացրեց քննիչին՝ պնդելով, որ նա հանգամանորեն ներկայացրեց գործի հանգամանքները.«Քննիչի կողմից կատարվել է պատճառաբանված ու հիմնավորված որոշում»:

Հետո հավելեց, որ քանդման թույլտվությունը ընդունվել է մշակույթի նախարարության կողմից, բոլոր փաստաթղթերը, որոնք ներկայացվել են, եղել են օրինական, ոչ մի անօրեն գործողություն չի կատարվել.«Խնդրում ենք մերժել Վերաքննիչ բողոքը , որովհետեւ առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավորված ու պատճառաբանված է»:

Դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց փետրվարի յոթին, որ քննիչն ու դատախազը ներկայացնեն շուկայի շինաշխատանքների իրականացման գործընթացում վարչական պատասխանատվության ենթարկված կազմակերպությունների եւ անձանց վերաբերյալ փաստաթղթեր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031