Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներում են կիրառել գումարտակի շտապի պետի, մյուսների նկատմամբ, «փոշմանե՞լ» են

Հունվար 17,2014 14:14

Զինվորական ոստիկանություն հաղորդում էր ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող «13» մարտական դիրքի ծխարանում նույն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի շտաբի պետ, կապիտան Հովսեփ Փայտյանը, հանդիսանալով պետ, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը. «անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ սեփական անձի թվացյալ առավելություններն իրեն ենթակա անձնակազմի մոտ ի ցույց դնելու նպատակով, առանց հիմնավոր պատճառի ապտակել է Հ. Իսպիրյանին, էական վնաս պատճառելով զինվորական ծառայության շահերին»:

ՀՀ ՊՆ վեցերորդ կայազորային քննչական բաժնի կողմից 07.09.2012թ. ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր թիվ 90758112 քրեական գործը:
Գործն ուղարկվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ քննվել էր ամբաստանյալներ Հովսեփ Փայտյանի, Սիրական Արզումանյանի, Համլետ Իսպիրյանի, Մարատ Օհանյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 03.10.2013թ. որոշումը կիրառելու հարցը:

Դատավճռի դեմ բողոք է բերել դատախազ Ա. Անտոնյանը:

Նա պահանջում է մասնակիորեն բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Համլետ Իսպիրյանի դատավճիռը, քրեական գործի վարույթը այդ մասով կարճել եւ Համլետ Իսպիրյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը:
Մինչ համաներում կիրառելը, դատարանը պարզել էր, որ շտաբի պետի ապտակից հետո տուժողը մարտական դիրքի մուտքի մոտ, իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգով 3 անգամ կրակել է օդ:

Ըստ գործով ձեռք բերված ապացույցների, 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Սիրական Արզումանյանը, շտաբի պետ, կապիտան Հովսեփ Փայտյանը, սպառազինության գծով տեղակալ, մայոր Սարգիս Ալեքսանյանը եւ գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնական, կապիտան Մարատ Օհանյանը, հանդիսանալով պետ, անցել են իրենց պաշտոնեական լիազորությունների սահմանը, ինքնաձիգի խզակոթով, ոտքերով, ձեռքերով ծեծել են Հ. Իսպիրյանին, ծանակել նրան:

Գործով վկա, 1-ին դասակի 2-րդ ջոկի ավագ հրաձիգ, սերժանտ Հարություն Խաչատրյանի ցուցմունքով, մարտական դիրք են գնացել գումարտակի հրամանատար, մայոր Ս. Արզումանյանը, շտաբի պետ, կապիտան Հ. Փայտյանը, գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր Ս. Ալեքսանյանը եւ գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնական, կապիտան Մ. Օհանյանը, նրանց հետ է եղել նաեւ գումարտակի հրամանատարի վարորդ Օ. Օհանյանը: Ինքն Արզումանյանի հետ գնացել է առաջնագիծ, որպեսզի վերջինս ստուգի դիտորդների ծառայությունը: Վկան մտել է կացարան, որպեսզի պատրաստվի հերթափոխ կատարելուն: Քիչ անց դրսից լսվել է 3 կրակոցի ձայն, անմիջապես դուրս է եկել կացարանից եւ տեսել, որ մայոր Արզումանյանը եւ կապիտան Օհանյանը Հ. Իսպիրյանին ծեծի ենթարկելով՝ նստեցնում են ավտոմեքենան:
Վկաներից՝ 5-րդ վաշտի 3-րդ դասակի ծանր զենքի ջոկի գնդացրորդ, շարքային Զավեն Հայրապետյանը ցուցմունք էր տվել, որ միջադեպի օրը սպաները գնացել են մարտական դիրքեր՝ զենքերը ստուգելու: Ստուգման ժամանակ որոշ ծառայողների զենքեր եղել են կեղտոտ վիճակում եւ սպաները նրանց ասել են, որ նրանք զենքերի թերությունները վերացնեն: Կապիտան Հ. Փայտյանը վերցրել է Հ. Իսպիրյանի զենքը եւ տեսել՝ «զենքը մաքուր չէ, ժանգոտված է»: Հ. Փայտյանը նրան ասել է, որ վերացնի թերությունը, իսկ Հ. Իսպիրյանն էլ պատասխանել է, որ քիչ հետո կվերացնի: «Հ. Փայտյանը նրան ասել է, որ արդեն իսկ պետք է վերացրած լիներ թերությունը եւ ապտակել է Իսպիրյանին: Իսպիրյանը Փայտյանին ասել է, որ պետք չէ զինծառայողների մոտ նրան ապտակել: Փայտյանը նաեւ զինվորներին է հայհոյել»: Ըստ վկաներից մեկի, Իսպիրյանը լավ նշանառու է եւ ինքնաձիգով օդ է կրակել՝ Փայտյանին վախեցնելու համար: Ի դեպ, ըստ վկաների, մինչ այս միջադեպը, Փայտյանի, Իսպիրյանի, ինչպես նաեւ զինծառայողների միջեւ երբեք որեւէ լարվածություն չի եղել:

Ըստ գործի նյութերի, վկա, դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Խաչիկ Մարգարյանը ցուցմունք էր տվել, որ դեպքի օրը վիճաբանության ձայներ է լսել եւ երբ ձայնի ուղղությամբ է գնացել, տեսել է, որ ծխարանում Փայտյանը եւ Իսպիրյանը վիճում են: Զինվորները պատմել են, որ վիճաբանությունը ծագել է Փայտյանի կողմից Իսպիրյանին վիրավորելու եւ հայհոյելու պատճառով: «Դրանից հետո սպաները դուրս են եկել հենակետից եւ քայլել դեպի ավտոմեքենան, որպեսզի իջնեն զորամաս: Այդ պահին նրանց հետեւից դուրս է եկել նաեւ Իսպիրյանը, քայլել Փայտյանի ուղղությամբ եւ ասել, որ եթե նա ձեռք է բարձրացրել իր վրա, ապա ինքն էլ զենք կբարձրացնի նրա վրա եւ 3 փամփուշտ կրակել է Փայտյանի ուղղությամբ՝ նրա ոտքերի առաջ: Կրակելուց հետո Փայտյանը փախել է անտառի ուղղությամբ: Իսպիրյանը Փայտյանի ոտքերի առաջ կրակել է` նրան վախեցնելու նպատակով»,- ասել էր վկան:

Վկաների ցուցմունքներից պարզ է դարձել, որ միայն կրակոցից հետո է գումարտակի հրամանատար Արզումանյանը մոտեցել Իսպիրյանին եւ զենքը վերցրել նրա ձեռքից: «Արզումանյանը եւ Օհանյանը սկսել են ձեռքերով եւ ոտքերով հարվածել Իսպիրյանին, քիչ հետո նրանց է մոտեցել Փայտյանը եւ ասել, որ քաշքշուկը դադարեցնեն: Իսպիրյանին նստեցրել են ավտոմեքենան եւ իջել են զորամաս»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031