Լրահոս
Օրվա լրահոսը

Թարգմանության դժվարությունները – 2

Հունվար 20,2014 11:22

Ստեղծել սեփական լեզվական իրողությունները

Լայն իմաստով՝ թարգմանությունը անհատների կամ մարդկանց խմբերի շփումների ժամանակ տեղեկատվության, արժեքների փոխադարձ ադապտացիան է: Ձեզ հետ, հավանաբար, պատահել է. դուք շատ լավ գիտեք լեզուն, բայց վատ իմացողի հետ խոսելիս, ձեզնից անկախ սկսում եք անգրագետ արտահայտվել: Կամ՝ սեփական փորձից կարող եմ ասել. հարցազրույց վերցնելիս, ես մոտավորապես 5-7-րդ րոպեներին ակամա սկսում եմ օգտագործել իմ զրուցակցի բառապաշարն ու դարձվածքները: Այդ «վարակումը» հասկանալու եւ հասկանալի դառնալու հաճախ ենթագիտակցական ձգտման արտահայտությունն է:

Իհարկե, պատահում է, որ մարդիկ կամ ազգերը իրար հետ շփվում են եւ անհաղորդ են մնում: Այսպիսի մի դեպք է նկարագրել Լեւոն Տեր-Պետրոսյանը իր «Խաչակիրները եւ հայերը» գրքում: «Շուրջ երկու հարյուր տարի համակեցության ընթացքում (խաչակրաց արշավանքների ընթացքում – Ա.Ա.) ոչ մի գրավոր հուշարձան արաբերենից չթարգմանվեց լատիներենի եւ հակառակը: Այդ իմաստով լատինական Արեւելքը էապես տարբերվում է Իսպանիայից եւ Սիցիլիայից, որոնցում ծավալված թարգմանական շարժումը կարեւորագույն նշանակություն ունեցավ մահմեդական մտքի նվաճումները Եվրոպային փոխանցելու գործում: Այսպիսով, խաչակրաց արշավանքները, հակառակ իրենց վրա հրավիրած հսկայական ուշադրությանը, պատմական հեռանկարի տեսակետից լուսանցքային դեր խաղացին թե՛ Եվրոպայի, թե՛ Արեւելքի ճակատագրում»:

Հայերը, բարեբախտաբար, ոչ հիշյալ ժամանակահատվածում, ոչ էլ դրանից առաջ կամ հետո նման «անհաղորդության» խնդիր չեն ունեցել: Ներկայիս Հայաստանում այս 20 տարում խնդիրն առաջացավ (վստահ եմ, ժամանակավորապես), որովհետեւ դրանից առաջ մի քանի տասնամյակ, եթե ոչ մեկուկես դար, մշակույթը, քաղաքակրթությունը մեզ հրամցվում էր «կենտրոնից», ոչ միայն ռուսաց լեզվով, այլեւ ռուսական լեզվական իրողությունների միջոցով, ռուսական մշակույթի բեկմամբ: Դա այլեւս տեղի չի ունենա՝ անկախ բոլոր «մաքսային պատմություններից». նույնիսկ մեծ ցանկության դեպքում Ռուսաստանն այսօր այդպիսի նյութական եւ քաղաքակրթական ռեսուրսներ չունի: Այնպես որ հայերենը զարգացնելու, օտար «տեքստերը» մեր լեզվով, մեր մշակութային իրողությունների միջոցով յուրացնելու այլընտրանք մենք չունենք:

Բայց առայժմ իմ սերնդի մարդիկ ապրում են «կենտրոնի» կարծրատիպերով՝ անկախ ռուսական կամ հայկական կրթությունից: Բերեմ սովորական օրինակ. ամերիկյան ֆիլմերի թարգմանությունը ռուսերեն մեզ ավելի օրգանական է թվում, քան հայերեն տարբերակը: Եվ հակառակը՝ խորհրդային շրջանում հայերեն կրկնօրինակված «Կովկասի գերուհին» կամ «Ոսկե հորթը» նույնքան ընդունելի են մեզ համար, որքան բնօրինակները: Հավանաբար, այստեղ լեզվական իրողությունների համապատասխանության խնդիրն է. ընկեր Սաախովը կամ Պանիկովսկին նույն հաջողությամբ կարող են խոսել թե հայերեն եւ թե ռուսերեն: Բայց Ֆորեսթ Գամփին մենք ավելի լավ ընկալում ենք ռուսերենի միջոցով:

Հետեւաբար, մենք պետք է նոր՝ սեփական լեզվական իրողություններ ստեղծենք: Դա խնդիր է ցանկացած թարգմանչի համար: Սերգեյ Խորուժին, որը Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսի» թարգմանիչներից մեկն է, ծանոթագրություններում գրում է. «Բարեբախտաբար, ռուսաց լեզուն կիեւյան եւ բուլղարական ակունքներից մինչեւ 20-րդ դարի սկզբի (Ջոյսի ժամանակների – Ա.Ա.) սիմվոլիզմը եւ փողոցային բարբառը իր բազմազանությամբ կարող է համեմատվել եվրոպական բոլոր նոր լեզուների հետ»: Բանն այն է, որ Ջոյսը իր գրքի դրվագներից մեկում («Արեւի ցուլերը»), բացի ամեն ինչից, ցույց էր տալիս լեզվի էվոլյուցիան, եւ այդ մասը գրել էր տարբեր ժամանակաշրջանների անգլերենով: Կարող ենք ավելացնել, որ հայերենն էլ ունի նման հարուստ պատմություն, եւ դրա վառ ապացույցն է նույն ստեղծագործության՝ Սամվել Մկրտչյանի թարգմանությունը: Հրաշալի է, որ նախորդ դարի ամենահայտնի վեպերից մեկը գոյություն ունի հայերեն: Այսինքն Ջոյսի աշխարհը գտել է իր հայկական արտացոլումը: Դա նույնքան կարեւոր է, որքան տարբեր գիտությունների հայերեն եզրույթների համակարգի ստեղծումը, որը շատ բնագավառներում մեզանում այնքան էլ զարգացած չէ:

Մի խոսքով թարգմանել, թարգմանել, թարգմանել՝ բառիս բոլոր իմաստներով: Բայց՝ առանց պուրիստական ծայրահեղությունների: Օրինակ, ընթերցողներից մեկը, նախորդ վերլուծությունը կարդալուց հետո, առաջարկում է «տեքստ» բառը փոխարինել «գրություն» հայաբանությամբ: Կասկածելի է: Եթե ես, օրինակ, գրեմ, «գազային պայմանագրի գրությունը», ապա «Առավոտի» ընթերցողների 90 տոկոսն ինձ չի հասկանա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Վասիլի Գևորգյան says:

    Բացարձակ ճշմարտություն: Թարգմանությունը նաև օտար արժեքների յուրացումն է, թարգմանելով մենք սեփականացնում ենք Ջոյսին, Շեքսպիրին, Պուշկինին, նրանք հարստացնում են հայ մշակույթը:Այսօրվա թարգմանիչների մեծ մասն անում է իր գործը սեփական նախաձեռնությամբ` փառք ու պատիվ նրանց:

  2. Արթուր Ղազարեան says:

    Հիմնականում համամիտ եմ պարոն Աբրահամեանի գրածներին: Մի յաւելում անեմ: Թարգմանել ՄԻՇՏ ՊԷՏՔ Է: Կարծում եմ՝ այլընտրանք չկայ: Ցաւօք սրտի, երբեմն չի յաջողւում կենսունակ թարգմանութիւն անել ու ստիպուած փոխառութիւն ենք անում որեւէ օտար լեզուից (ինչպէս օրինակ ՏԵՔՍՏԸ): Սակայն երբ ակնյայտ հայերէն համարժէքի առկայութեան պարագայում կիրառւում է օտար բառը, սա ինձ զայրացնում է: Զորօրինակ՝

    Էկոնոմիկայի նախարարութիւն – Տնտեսութեան նախարարութիւն
    Նեգատիվ – Բացասական
    Աերոպորտ – Օդակայան
    Կոռեկտ – Պատշաճ
    էմոցիոնալ – Յուզական
    Մաքսիմում – Առաւելագոյն
    Մինիմալ – Նուազագոյն
    Էֆեկտիվ – Արդիւնաւէտ

    եւ հարիւրաւոր նման բառեր, որոնք հանդիպում են ՖԲ-ում, մամուլում, առօրեայ կեանքում:

    Թարգմանելիս շատ յաճախ պիտի հաշուի առնել միւս ազգերի փորձը:

    Վստահ եմ՝ շատերդ կարդալով իմ գրածը (Էկոնոմիկայի նախարարութիւն – Տնտեսութեան նախարարութիւն) ծիծաղեցիք: Բայց ինձ համար սա ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԲՆԱԿԱՆ Է հնչում, աւելին՝ ԷԿՈՆՈՄԻԿԱ բառն ինձ վանում է, որովհետեւ ես հայկական կրթութիւն եմ ստացել ու իմ լեզուամտածողութիւնն աներկբայ հայերէն է:
    Թարգմանութիւնների հարցում ես յաճախ եմ համեմատում հայերէնն ու եբրայերէնը եւ սա, ի դէպ, բաւական օգտակար է լինում: Եբրայերէնում եւս շատ հանգիստ ասւում է Տնտեսութեան նախարարութիւն (משרד הכלכלה, միսրադ հակալկալա):

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Բացի կոռեկտ-պատշաճից եւ նախարարության անվանումից, ամին ինչի հետ համաձայյն եմ:

      • Արթուր Ղազարեան says:

        Բարի: Խնդրեմ, օրինակ բերէք մի նախադասութիւն, երբ «կոռեկտ» բառը հնարաւոր չէ փոխարինել որեւէ հայերէն համարժէքով:
        Ինչ վերաբերում է նախարարութեան անուանը, կարծում եմ ժամանակի ընթացքում կարող ենք վարժուել, մանաւանդ, ԷԿՈՆՈՄԻԿԱ բառը յստակ մեր լեզւում թարգմանուած է ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ: Տնտեսագիտութեան աշխարհում օգտագործում ենք ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ, ՄԻԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ եւ այլ եզրեր:

    • Գալուստ Ենոքյան says:

      Ինչքան ինձ թվում է , կոռեկտը ռուսերենին է անցել (ինչպես եվ անգլերենին) ֆրանսերենից եվ ինչպես հաճախ պատահում է լեզվական փոխառություններում իմաստափոխվել է…correct ը բարոյկան վարքի իմաստ է ստացել ավելի քան թե ճշմարտության իմաստը: Մեր պատշաճ բառը թերեվս բավական համահունչ է ռուսերենի իմաստին (պատ, պատիվ արմատական իմաստից, պատիվ բէրող կամ չբերող) թեեվ գուցե մի փոքր երկար է հնչում քան ռուսերեն կոռեկտը:

  3. Գալուստ Ենոքյան says:

    Կարծում եմ թարգմանչի, հատկապես գեղարվեստական երկերի թարգմանողների անհատականությունից, նրանց Հայերեն Լեզվի, բառապաշարի նկարագրական եվ բանստեղծական խորը եվ լայնածավալ իմացությունը շատ մեծ դեր ունի թարգնաված գործի իրական, գեղարվեստական արժեքի համար: Կուզեի բերել իմ սիրած, Կնուտ Համսունի «Պանը» ստեղծագորղության Իսահակյանի թարգմանությունը , որը մեր հանճարեղ բանաստեղծը թարգմանել էր ոչ թե մայր բնագրից այլ գերմաներեն թարգմանությունից: Պիտի ասեմ որ ես սկզբում Համսունի գործերը կարդացել էի ռուսերեն եվ նա իմ ամենասիրած գրողն էր բարձր դասարնում…եվ մի օր ձեռքս ընկավ հայերեն, այդ տարիներին, հրապարակված Իսահակյանի թարգմանությունը: Հիշում եմ ձմեռ օր էր, տանը բազմոցին պարկած կարդում էի ու ինձ թվում էր թե անտառում եմ եվ աընդհատ քամու աղմուկն էր ականջներիս մեջ: Նման հաճույք գրականություն կարդալուց երբեք չեմ զգացել… Կարծում եմ Իսահակյան բանաստեղծի այդ թարգմանությունը արժանի է դասվելու հայերենի թարգմանական գոհարների թվում, ինչպես Մասեհյանի Շեքսպիրիան թարգմանությունները… (Կներեք իմ անձնական ապրումների զեղումների համար):
    Կուզեի ավելացնեմ որ Աերոպորտ բառի հայեերենը ինչքան հիշում եմ օդանավակայան բառն է, եվ կարճացված օդակայանը կարծում եմ արդեն ներառում է նաեվ նավի իմաստը… չէ որ ժամանակը իր ենթագիտակցական սրբագրումն է բերում յուրաքանյուր լեզվում, չե որ լեզուն կենդանի օրգանիզմ է անընդհատ փոփոխվում է: Տեսեք անգլերեն լեզուն այնքան է փոփոխվել, որ նույնիսկ իրենց գրագետ մարդիք գլուխ չեն հանում իրենց բառերի ճիշտ տառագրությունից…

    • Վահան says:

      Օդակայանը հենց չի ներառում նավի իմաստը: Նավի, ինքնաթիռի իմաստը ներառում է բացառապես ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ բառը: Չեմ հասկանում, թե որտեղից ու ինչ նպատակով է երբեմն առկայծում օդակայան թերի բառը, որի իմ կողմից չի ընկալվում որպես օդագնացության, ինքնաթիռների հետ կապվող եզր: Այն ավելի շատ կարելի է ընկալել որպես օդերեւութաբանության ինչ-որ կայան: Ընդամենը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031