Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «ՀԲ-ն մի բան էլ մեղմ է ասել, ներդրումներն էլ կպակասեն, տրանսֆերտներն էլ»

Հունվար 20,2014 17:51
Vahagn Xachatryan

«Համաշխարհային բանկը (ՀԲ), ելնելով այսօրվա ցուցանիշներից,, շատ մեղմ գնահատականներ է տալիս, չի ուզում տարին սկսել վատատեսական գնահատականներով, ռեալ իրավիճակը շատ ավելի վատ է»,-մեկնաբանելով ՀԲ «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» զեկույցում Հայաստանին առնչվող հատվածը՝ Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: ՀԲ-ն իր տարեկան զեկույցով կանխատեսել էր, որ 2014-2016 թվականներին Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի կտրուկ նվազումը կարող է խոչընդոտել այդ երկրից զգալի չափով կախված ԱՊՀ մի շարք երկրների առաջընթացին, որոնց թվում է նաեւ Հայաստանը:

Ըստ զեկույցի, Հայաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը  խնդիրներ կունենան դրամական փոխանցումների, ներկրումների եւ արտասահմանյան ներդրումների հետ կապված:

Պարոն Խաչատրյանը փաստելով, որ վերջին 4 տարիներին Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական խթանիչը եղել է Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտները, հիշեցրեց 2009 թվականի ճգնաժամը, երբ Ռուսաստանի տնտեսական վիճակով պայմանավորված, զգալի կրճատվեց այդ գումարների ներհոսքը մեր երկիր, ինչն էլ իր բացասական հետեւանքները թողեց երկրի տնտեսության վրա:

Տնտեսագետը համոզված է, որ Ռուսաստանում օրեցօր վատացող տնտեսական վիճակը, նույնպիսի էական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա. «Եթե վերցնենք օրինակ` ռուսական երկաթուղին, որն իր երկրի ներսում համարյա բոլոր ծրագրերը սառեցրել է, կասեցրել է, դարձրել է զրո, իսկ այստեղ` նա մի այդպիսի ծրագիր ուներ եւ վերջերս դրա հետ կապված հայտարարություն եղավ, խոսքը վերաբերում է Վանաձոր-Ֆիալետովո երկաթգծի կառուցմանը,  որն, ըստ հաշվարկների, մեծ ազդեցություն կունենար հայկական տնտեսության վրա, այն առումով, որ ե’ւ ծախսերը ե’ւ ժամանակը կկրճատվեր եւ այլն, այդ ներդրումները չեն լինի»:

Որ Ռուսաստանում տնտեսությունը «լճացած է եւ իրավիճակը գնալով վատանում է», պարոն Խաչատրյանի խոսքերով, անցյալ շաբաթ, Ռուսաստանի տնտեսության տարեկան համաժողովին այդ մասին փաստել են հենց ՌԴ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք տնտեսագետի կարծիքով, «շատ ավելի վատատեսական սցենարներ էին ներկայացրել, քան միջազգային կառույցները»:

«Ռուսաստանի պատասխանատուները` նախարարների մակարդակով, Էկոնոմիկայի նախարարը, ՌԴ Կենտրոնական բանկի նախագահը, իրենք շատ ավելի վատատեսական գնահատականներ տվեցին, իրենք շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանի տնտեսության հեռանկարն այս կառավարման համակարգով այլեւս հնարավոր չէ: Իսկ այդ պայմաններում շատ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Եվ դրանով հանդերձ մենք փորձում ենք ավելի շատ ինտեգրվել ռուսական տնտեսությանը` Մաքսային միություն»:

Բնութագրելով Հայաստանի տնտեսական վիճակը, Վահագն Խաչատրյանն ասաց.

«Իրականում Հայաստանի տնտեսության վիճակն այնպիսին  է, որ արդեն հասել ենք հատակին: Մեր տնտեսությունը այս վիճակից հանելու ռեսուրս ես չեմ տեսնում բացի մի ռեսուրսից, որը նշանակում է ամբողջ համակարգը պետք է փոխվի: Տարին կամփոփվի եւ մենք կտեսնենք, թե օտարերկրյա եւ, ընդհանրապես, տեղական ներդրումներն ինչ ցածր մակարդակի են հասել: Եվ դա լավագույն  չափանիշն է, որով կարելի է գնահատել երկրում տնտեսության վիճակն ինչպիսին է եւ ինչպիսի հեռանկարներ ունի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031