Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում «պետական ռեստորաններն ու հյուրանոցները» խանգարո՞ւմ են մրցակցությանը (տեսանյութ)

Փետրվար 05,2014 14:47

Այսօր Ազգային ժողովում շարունակվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2014 թ. տարեկան գործունեության ծրագրի եւ 2013-ի հաշվետվության լսումը :

Երեկ պատգամավորները լսեցին ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի կողմից ներկայացված ծրագիրն ու հաշվետվությունը, հարցեր հնչեցրեցին, ստացան պատասխաններ, եւ նիստն ընդհատվեց պատգամավորների ելույթների ժամանակ:

Այսօր պատգամավորները շարունակեցին իրենց ելույթները: Մասնավորապես ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց բարձրացրեց այն մասին, որ բացի նրանից, որ ՏՄՊՊՀ-ն տուգանում է գերիշխող դիրքը չարաշահող կամ հակամրցակցային համաձայնություններ իրականացնող ընկերություններին, պետք է մտածել որեւէ մեխանիզմ, որ այն սպառողները, որոնք տուժել են նման անօրինական գործունեությունից՝ փոխհատուցում ստանան: «Ասենք՝ տուգանեցիք, բայց չէ՞ որ սպառնողն արդեն վնաս է կրել, պետք է մտածել ինչպե՞ս փոխհատուցել այդ վնասը: Եթե մենք համակարգային խնդիրը չլուծենք, ապա ՏՄՊՊՀ-ի գոյությունը անիմաստ ծախս է»,-ասաց ՀՅԴ պատգամավորը:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հարց տվեց՝ արդյոք մեզ պե՞տք է ՏՄՊՊՀ-ն, թե՞ ոչ: Նա նկատեց որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր, իրենց ելույթներում պատգամավորները գրեթե չեն խոսել 2014թ. ծրագրի մասին, որովհետեւ մակրոտնտեսական խնդիրներն այնքան շատ են, որ չեն էլ քննարկում ծրագիրը: Պարոն Մելքումյանը տվյալներ ներկայացրեց, որոնց համաձայն, 2011-2013թթ. փակվել է՝ մոտ երեք հազար փոքր օբյեկտ: Բազմաթիվ այլ օրինակներ եւ թվեր ներկայացնելուց հետո պարոն Մելքումյանը հարց տվեց՝ պե՞տք է մեզ արդյոք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, թե ոչ: Ու որպեսզի դրա պատասխանը ստանա՝ նա հարցրեց՝ որքանո՞վ է ՏՄՊՊՀ-ն առնչվում տնտեսական ցածր աճին, արդյոք ՏՄՊՊՀ-ի գոյությունը նպաստե՞լ է, որ այդ աճը այսքան քիչ լինի, թե՞ եթե ՏՄՊՊՀ-ն չլիներ՝ ավելի փոքր աճ կգրանցեինք: Իսկ 2014թ. ծրագրին անդրադառնալով՝ պարոն Մելքումյանը զարմացավ, որ այս ծրագրում ոչ մի խոսք չկա Մաքսային միությանը միանալու եւ այդ միության օրենսդրությանը մեր օրենքները՝ տնտեսական մրցակցությանն առնչվող, սինխրոնիզացնելու վերաբերյալ: Ավելի ուշ Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ ծրագիրը գրվել է 2013-ի սեպտեմբերին եւ այն ժամանակ չէր կարող նախատեսվել ՄՄ-ի օրենսդրությանը մեր օրենսդրությունը սինխրոնիզացնելու վերաբերյալ դրույթներ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը իր ելույթը սկսեց հետաքրքիր հայտարարությամբ՝ քաղցկեղը բուժվում է կամ քիմիոթերապիայով կամ վիրահատությամբ: Ապա ասաց, որ մեր երկրի հիվանդ տնտեսության համար 2012-ին իրենց խմբակցությունը ներկայացրել էր քիմիոթերապեւտիկ ծրագիր՝ հակամենաշնորհային կոշտ քաղաքականություն: Այս ծրագիրը իշխող կոալիցիան մերժեց, ասելով, որ կառավարությունը ԱԺ կբերի հակամենաշնորհային փաթեթ, բայց «խաբեցիք ու չբերեցիք»:
Իր ամփոփիչ ելույթում ՏՄՊՊՀ նախագահը անդրադարձավ երեկ ու այսօր հնչեցրած հարցերից մի քանիսին, մասնավորապես, Համաշխարհային բանկի զեկույցին, որում, ի հակադրություն Արտակ Շաբոյանի ներկայացրած տվյալների, ասվում էր, որ մրցակցության առումով Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ վերջինն է: Ըստ Ա. Շաբոյանի՝ այդ զեկույցը ոչ պրոֆեսիոնալ է, քանի որ, թեեւ հրապարակվել է 2013-ի վերջին, բայց նրանում բերված են 2009-ի տվյալներ, իսկ այս երեք տարում հսկայական առաջընթաց կա: Բացի այդ, վերցված են օբյեկտիվորեն սահմանափակ տնտեսվարողներ ենթադրող (քանի որ լիցենզիաներ կամ խոշոր ներդրումներ են պահանջվում), սակայն տնտեսության մեջ մեծ արժեքներ ստեղծող ոլորտներ՝ էներգետիկա, տրանսպորտ, հեռահաղորդակցություն, հանքարդյունաբերություն, եւ դրանց հիման վրա կատարել են հաշվարկներ:

Ըստ Ա. Շաբոյանի՝ մի շարք գնային համեմատություններ են արվել ԱՊՀ երկրների մեջ՝ սխալ համեմատություններ, առանց ճիշտ համադրելիության: Որպեսզի ակնհայտ լինի այդ զեկույցի ոչ պրոֆեսիոնալիզմը՝ ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրեց մի զավեշտալի կետ. զեկույցում որպես Հայաստանում մրցակցության խոչընդոտ է նշվել պետական ռեստորանների եւ հյուրանոցների առկայությունը:

Արտակ Շաբոյանն ասաց, որ իրենք 40 կետից բաղկացած դիտողություն են ներկայացրել ՀԲ փորձագիտական խմբին՝ պահանջելով այդ դիտողությունների վերաբերյալ գրավոր դիրքորոշում, սակայն մինչ այժմ պատասխան չեն ստացել:
Անդրադառնալով պատգամավորներից մի քանիսի կողմից ներկայացրած հարցադրումներին՝ պայքարել խոշոր ընկերությունների դեմ, որոնք կլանում են փոքրերին, նկատեց. «Ամբողջ աշխարհում, բոլոր երկրների մրցակցային օրենքներով չի նախատեսվում պայքար՝ խոշորների դեմ: Դա ինքնանպատակ չէ: Մենք պայքարում ենք խոշորների, գերիշխողների չարաշահումների դեմ»:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728