Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թյունոսով եւ լոբով աղցան՝ սպիտակուցներով հարուստ ուտելիք

Փետրվար 08,2014 14:05

Այս աղցանը կարելի է պատրաստել տարվա բոլոր եղանակներին, այն հագեցնող է, վիտամիններով հարուստ եւ ամենակարեւորը՝ շատ համեղ:
Ի դեպ, թյունոսը (тунец) համարվում է այն միակ ձկնամթերքը, որը պահածոյացվելու արդյունքում ամենեւին չի կորցնում իր օգտակար հատկությունները: Այնպես որ այս պահածոյացված ձուկը հաճախ ներառեք ձեր ճաշացանկում՝ եւ համեղ է, եւ շատ օգտակար:

Եվ այսպես, աղցանի համար մեզ պետք է
1 տուփ պահածոյացված թյունոս (ցանկալի է ձիթայուղի մեջ, բայց կարելի է նաեւ՝ սեփական հյութի մեջ)
200 գրամ սպիտակ լոբի (կարելի է նաեւ սպիտակ-սեւ աչք կոչվող լոբին, որը եւ համեղ է եւ գեղեցիկ է նայվում)
1 խոշոր գազար
Մի քանի ճյուղ թարմ կանաչի (կարող է լինել մաղադանոս, համեմ, անանուխ, անգամ՝ սպանախ եւ հազարաթերթիկ) եւ կանաչ սոխ
1 կիտրոն
3-4 ճաշի գդալ ձիթապտղի յուղ:

lobov_axcan-2

Նախապես լվացած եւ թրջած (կարող եք գիշերը թրջել, առավոտյան եփել, եթե ոչ՝ գոնե 3-4 ժամ թրջեք) լոբին եփեք մինչեւ պատրաստ լինելը: Եռալուց 15 րոպե անց վրան մեկ բաժակ սառը ջուր լցրեք, իսկ ընթացքում, եթե ջուրը պակասի, եռացրած տաք ջուր ավելացրեք: Չմոռանաք 1 ժամ եփվելուց հետո ավելացնել աղ: Սովորաբար լոբին եփվում է 1,5-2 ժամ, բայց կախված տեսակից՝ կարող է այլ ժամանակահատված պետք լինի, այնպես որ կարդացեք տուփի վրա գրվածը:

Այդ ընթացքում կտրատեք կանաչին, կանաչ սոխը, քերիչի խոշոր անցքերով քերեք գազարը, բացեք պահածոյացված թյունոսը: Երբ լոբին պատրաստ լինի, տաք-տաք լցրեք աղցանի մյուս, արդեն պատրաստի բաղադրիչների վրա: Ավելացրեք սեւ պղպեղ, բարակ կլոր-կլոր կտրատած, ապա չորս սեգմենտի բաժանած լիմոնը: Եթե կիտրոնն այդպես չեք սիրում, կարող եք ուղղակի քերիչի մանր անցքերով քերել կեղեւը (միայն դեղին մասը, չհասնելով սպիտակ շերտին՝ կեղեւի տակի) եւ ապա մեջից կիսել, ճզմել եւ աղցանի վրա ավելացնել լիմոնի հյութը եւ ձիթապտղի յուղը: Լավ խառնեք եւ աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728