Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտներ. «Տասներկուամյա կրթության դրական կողմը… չկա»

Փետրվար 10,2014 17:18

Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի` միջնակարգ կրթության նորմատիվային ժամկետը 12 տարի է` եռաստիճան համակարգով: Այս օրենքը վերաբերում է ոչ միայն այն երեխաներին, որոնք նոր են դպրոց գալու, այլ դպրոցում սովորող բոլոր աշակերտներին: Չնայած օրենքն ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերին, այն տարածվեց նաև շրջանավարտների վրա, որոնց ավարտելուն մնացել էր կես կիսամյակ:

Կրթության և գիտության նախարարությունն այն կարծիքին է, որ այդ հավելյալ մեկ տարին հնարավորություն կտա շրջանավարտներին էլ ավելի լավ պատրաստվել բուհական քննություններին և չդիմել կրկնուսույցին: Տասներկուամյա կրթության շնորհիվ աշակերտները հնարավորություն ունեն քննությանը նախորդող կիսամյակում կրկնել այն առարկաները, որոնք իրենք պատրաստվում են քննություն հանձնել: Սա հնարավորություն է 5 ամիս կենտրոնանալ միայն աշակերտին պետքական առարկաների վրա:

Սակայն նախարարության կարծիքը այդ փոփոխությունների վերաբերյալ տարբերվում  է աշակերտների և ուսուցիչների կարծիքից: Վերջիններիս հարցման արդյունքները ցույց են տալիս նախարարության ծրագրի հակառակ պատկերը: Հարցմանը մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերի և Երևանի դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ: Հարցվածներից և ոչ մեկը չնշեց 12-ամյա կրթության որևէ լավ կողմ: Նրանք ասում են, որ լավ է, երբ մի ամբողջ կիսամյակ զբաղվում ես միայն քեզ պետքական առարկայով, բայց փաստում են նաև, որ այդ կիսամյակը և, ընդհանրապես, մեկ հավելյալ տարին նրանց ոչինչ չի տվել:

«Էդ ավել տարին մեզ գիտելիք չտվեց. գլորեցինք, անցավ: Իր նպատակին չծառայեց: Միայն անիմաստ փողեր ծախսեցինք նոր գրքեր առնելու վրա, որոնք պետք էլ չեկան»,- ասում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի N1 ավագ դպրոցի աշակերտ Դավիթ Գևորգյանը:

Մեկ ուրիշ աշակերտ դեմ է 12-ամյա կրթությանը՝ տղաներին անմիջապես ավարտելուց հետո բանակ տանելու պատճառով: Բանակում ծառայելուց հետո նրանք այլևս չեն ցանկանում որևէ տեղ նորից սովորել. դպրոցից հիասթափված համալսարան էլ չեն դիմում:

Մասնագիտական դպրոցների աշակերտները բողոքում են, որ իրենց սահմանափակել են առարկաների նեղ շրջանակով: «Ես հումանիտար հոսքից էի, բնագիտական առարկաներ չեմ անցնում, բայց ինչո՞ւ: Դպրոց եմ ավարտել, բայց ոչ քիմիա գիտեմ, ոչ էլ ֆիզիկա: Չնայած մասնագիտական դասերն էլ նորմալ չենք անցել: Դասի մի քանի հոգի էին գալիս, դասատուն էլ ասում էր` գնացեք: Էլ ի՞նչ դպրոց»,- ասում է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան N139 հիմնական անգլիական թեքումով դպրոցի նախկին աշակերտուհի Մանան Թոռունյանը:

Այս դպրոցների տղաներին անհանգստացնող հարց է նաև աղջիկների հագուստն ու շպարը: Ըստ տղաների` չես հասկանում` դպրո՞ց են գալիս, թե՞ ակումբ:

Այս ամենի հետ մեկտեղ՝ կա ևս մեկ տեսակետ, որն ընդհանուր է ամբողջ Հայաստանում. տասներկուամյա կրթությունն անիմաստ է, որովհետև դպրոցը չի կարողանում աշակերտին տալ այն գիտելիքները, որոնք պահանջում են բուհերը:

«Այն աշակերտները, որոնք ցանկանում են բուհ ընդունվել, պարապում են կրկնուսույցի մոտ: Եվ այդ 1 տարին անիմաստ վատնում ենք դպրոցում այն դեպքում, եթե կարող էինք արդեն համալսարանում ուսանող լինել»,- պնդում է Արարատի մարզի Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի նախկին աշակերտուհի Սաթենիկ Վարդանյանը:

Իսկ երբ աշակերտները ցանկանում էին ասել որևէ դրական բան, վերջում սա էր ստացվում. «Տասներկուամյա կրթության դրական կողմը… չկա»:

Ուսուցիչների տեսակետները նման էին աշակերտների կարծիքներին: Նրանք էլ էին պնդում, որ հավելյալ տարին, վնասից բացի, ոչինչ չի բերում: «Աշակերտը իրեն հոգեբանորեն պատրաստել էր տասը տարի հետո ավարտելուն, և նրան ասացին, որ ևս մեկ տարի պետք է սովորես: Դա սթրես էր նրա համար»,- ասում է Փ. Վեդու միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Արևիկ Բալյանը:

Նույն դպրոցի մեկ այլ ուսուցչի՝ Ազգուշ Աբրահամյանի կարծիքով` հավելյալ տարին հոգնեցնում է աշակերտներին, նվազեցնում է նրանց աշխատելու, սովորելու ցանկությունը: Միակ բանը, որի մասին նրանք մտածում են, այն է, թե երբ են ավարտելու:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728