Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանի որդին իրեն մասնակի է մեղավոր ճանաչում. (Տեսանյութ)

Փետրվար 14,2014 19:39

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, այսօր կայացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ 1984թ. ծնված Դավիթ Վարդանյանի դատավարությունը:dat (4)

Կալանքի տակ գտնվող Դ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի` թմրամիջոցների մաքսանենգություն, և 268-րդ հոդվածի 3-րդ մասի՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, հատկանիշներով:

Նշենք, որ ամբաստանյալ Դ.Վարդանյանը մեղադրվում է 2013 թ. հոկտեմբերի 4-ի ժամը 19:20-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետությունում, գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոցի ձեռքբերման համար, որից 7 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99 գրամը պահել է ձեռքի պայուսակում և հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենգ ճանապարհով` մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով ապօրինի տեղափոխել է Հայաստան:

Դատական նիստի ժամանակ Դավիթ Վարդանյանը նշեց, որ առաջադրված մեղադրանքներին իրեն մասնակի է մեղավոր ճանաչում: «Ես հաշիշ տեսակի թմրամիջոցը ձեռքբերել եմ իմ օգտագործման համար, բայց 215-րդ հոդվածի 2-րդ մասով ՝ թմրամիջոցների մաքսանենգության մեջ, ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես այն ձեռքբերել եմ Ագարակ քաղաքում՝ սահմանը հատելուց հետո, Ագարակի գազալցակայանի տարածքում, երբ գնացել էի ծխախոտ գնելու, հանդիպեցի ԻԻՀ քաղաքացիների, նրանցից էլ գնել եմ: Կապանում, երբ ինձ բերման էին ենթարկել ոստիկանական վարչություն, պատմել եմ կատարվածը, բայց իրենք այլ տեքստ են գրել եւ ինձ ասել են, եթե ուզում եմ՝ շուտ բաց թողնեն, ավելի լավ կլինի, ստորագրեմ իրենց գրած բացատրության տակ: Ոստիկանությունում իմ հանդեպ վատ վերաբերմունք են ցուցաբերել՝ ոչ միայն չեն թողել կապվեմ իմ տնեցիների հետ 3 շաբաթ շարունակ, այլեւ ինձ պաշտպան չեն տրամադրել մի առ ժամանակ եւ այլն», – ասաց Դ. Վարդանյանը, ով տեղեկացրեց, որ ԱՄՆ-ում է տարիներ շարունակ ապրել, կրթություն ստացել եւ հայերեն ձեռագրով գրել դժվարանում է:

Սակայն դատարան ներկայացած վկաները՝ Ագարակի գազալցակայանի եւ հարակից սրճարանի աշխատակիցները, իրենց ցուցմունքում նշել են, որ ամբաստանյալին չեն ճանաչում, չեն տեսել այդ տարածքում, իրենց սրճարանն այդ ուշ ժամին փակ է եղել, իսկ ծխախոտ գազալցակայանում չի վաճառվում: Բացի այդ տեղեկացրել են, որ իրանական ավտոմեքենաներ իրենց գազալցակայան չեն գալիս լիցքավորելու, քանի որ այդ մեքենաները լիցքավորելու համապատասխան սարքավորում չունեն:

Դ. Վարդանյանի պաշտպան Վահան Հայրապետյանն էլ անհասկանալի համարեց, թե ինչու քննիչը չի հարցաքննել մաքսավորներին եւ մաքսատան աշխատակիցներից չի պարզել, թե ինչ փաստաթուղթ կամ հայտարարագիր է լրացրել իր պաշտպանյալը, երբ հատել է ՀՀ սահմանը: «Եթե օպերատիվ տվյալներով հայտնի էր, որ Դավիթ Վարդանյանը մաքսանենգ ճանապարհով թմրանյութ է տեղափոխում Հայաստան, ապա ինչո՞ւ նրան չեն ձերբակալել հենց մաքսակետում՝ սահմանի վրա, որ այդ գործողությունները կատարում են մեկ օր հետո, այն էլ Մեղրի-Կապան մայրուղու Քաջարանի ճանապարհահատված վրա: Ի՞նչ է ստացվում, որ կանխարգելիչ գործողությունների փոխարեն ոստիկանները նպաստել են, որ պաշտպանյալս հանցագործությո՞ւն կատարի, ինձ համար անհասկանալի է»,- ասաց պաշտպանը եւ միջնորդեց, որպեսզի որպես վկաներ ցուցմունք տալու համար դատարան հրավիրվեն Դ. Վարդանյանին մաքսային զննում կատարած Մեղրու մաքսակետի աշխատակիցները, ինչպես նաեւ փորձագիտական եզրակացություն տված դատական բժիշկները:

Սակայն դատարանը համարել է, որ միջնորդությունը վաղաժամ է ներկայացված, առկա մեծ ծավալի նյութերի հետազոտությունից հետո միայն կանդրադառնան միջնորդությանը: Պաշտպանը նաեւ նշեց, որ թմրանյութը հայտնաբերվել է մեկ մատնոցի մեջ, ոչ թե մատնոցների, ինչպես հրապարակումներում է նշվում: Մեղադրող կողմն էլ նշեց, որ հնարավոր է տպագրական սխալ է եղել: Ամբաստանյալն իր ցուցմունքում մանրամասնել է, թե ինչպես է արագ կուլ տվել մատնոցում պահված թմրանյութը, երբ Երեւան վերադառնալիս ոստիկանների մեքենաները փակել են նրանց ճանապարհը: Նրա պատմելով՝ Իրան մեկնել էր պարսկահայ նշանածին եւ ուսանող ընկերներին տեսնելու համար:

Դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը կկայանա մարտի 13-ին:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728