Լրահոս
Օրվա լրահոսը

«Տվեք փրկչի անունը»

Փետրվար 22,2014 15:15

«Կազմաքանդելու» հարցում, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, ընդդիմությունը կարող է միավորվել, բայց «երբեք չեն կարող միավորվել փրկչի կերպարի հարցում»:
«Ովքեր որ պահանջելու են կառավարության հրաժարականը, նրանք շատ լավ գիտեն, որ այդ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ձեւավորել է ՀՀ նախագահը եւ քաղաքական մեծամասնությունը: Շատ լավ հասկանում են նաեւ, որ իրենց պահանջի իրականացումը պառլամենտում քաղաքական մեծամասնությունը կարող է իրականացնել: Իրենց պետք է դրա շուրջ քաղաքական աղմուկը»,- «Առավոտի» հետ զրույցում ընդդիմադիր ուժերի՝ արդեն երեք շաբաթ ձգվող կառավարության հրաժարականի պահանջի մասին քննարկումներին այսպիսի գնահատական տվեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Ըստ մեր զրուցակցի՝ ընդդիմադիրները շատ լավ հասկանում են նաեւ, որ իրենց նախաձեռնությունն արդյունավետ լինել չի կարող. «Բայց երբ մտածում են, որ այդ նախաձեռնությունը հասարակության մեջ կարող է բացասական էներգետիկա առաջացնել՝ մտածում են, որ արժե: Ընդամենը դա է: Իրենք շատ լավ գիտեն, որ գործնական առումով որեւէ բան չեն կարող փոխել: Այդ քննարկումը, եթե, իհարկե, ի վերջո, համաձայնության գան, կլինի ԱԺ-ում քննարկվող հերթական հարցը՝ իրենք կքննադատեն ու կհայհոյեն կառավարությանը եւ վերջ»:

Սամվել Նիկոյանը հիշեցնում է, որ նորանկախ Հայաստանում չի եղել մի վարչապետ կամ կառավարություն, որի հրաժարականը չեն պահանջել, ու ընդդիմադիրների այս նախաձեռնությունը չի կարծում, որ աշխարհացունց է, բայց այդ գաղափարը բնութագրում է ընդդիմության լեքսիկոնով՝ դրանում կազմաքանդիչ տարր տեսնելով. «Եթե պահանջում ես կառավարության հրաժարականը, բոլորին էլ պարզ է, որ վարչապետի հրաժարականն են պահանջում, ապա իրենք պետք է նաեւ կառուցողական առաջարկներ ներկայացնեն: Դուք տեսե՞լ եք մի առաջարկ… ասում են՝ անդունդից փրկենք եւ այլն: Տվեք փրկչի անունը՝ ձեզանից որեւիցե մեկի: Այդպիսի անլուրջ մոտեցում չի կարելի ցուցաբերել: Ունե՞ք գաղափարներ, մոտեցումներ՝ առաջարկեք: Այլապես՝ քանդենք, ավիրենք: Ասո՞ւմ եք այդ փրկչի անունը, որը կարող է երկիրն այս վիճակից հանել… եթե չեք առաջարկում, ուրեմն չկա ու չի էլ կարող լինել: Կազմաքանդելու հարցում ընդդիմությունը կարող է միավորվել, բայց նրանք երբեք չեն կարող միավորվել փրկչի կերպարի հարցում, դրա համար էլ այդ հարցը շրջանցում են»:

ԲՀԿ համագումարում ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չհռչակեց՝ ի հեճուկս շատերի սպասելիքների, բայց Գագիկ Ծառուկյանն իր խոսքում իր կուսակիցներին եւ խմբակցության պատգամավորներին կոչ արեց դուրս գալ փողոց ու ժողովրդի հետ պայքարել: Սա ՀՀԿ-ի համար մարտահրավե՞ր է՝ մեր հարցին ԱԺ նախկին նախագահը պատասխանեց. «Բացարձակապես՝ ոչ: Անկեղծ ասած, ես իրենց համագումարի նյութերին ծանոթ չեմ՝ չեմ կարդացել, չեմ դիտել: Ինձ համար կանխատեսելի էին այդ համագումարի արդյունքները: Չեմ կարծում, որ համագումարում հնչածը էականորեն կարող էր տարբերվել այն ելույթներից, որոնք ԱԺ ամբիոնից հնչեցնում են ԲՀԿ պատգամավորները»: Հարցին՝ իր գնահատմամբ՝ ԲՀԿ-ն ո՞ր դաշտում է գործում, Սամվել Նիկոյանն ասաց. «Ես չեմ էլ ուզում քաղաքական դաշտում իրենց տեղը որոշել: Դա կարող են անել իրենք եւ արել են: Ծառուկյան Գագիկը հրապարակավ հայտարարեց՝ ես ընդդիմադիր չեմ կարող լինել: Ինձ համար լրիվ ընկալելի եւ հասկանալի է Ծառուկյան Գագիկի այդ դիրքորոշումը, նաեւ ողջունելի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նուրան ՍիՆաՆյան says:

    ՀՀՇ-ի հեռացումը իշխանությունից արդեն իսկ մեծ փրկություն է Հայաստանի համար իսկ փրկիչը արդար ընտրություներն են:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728