Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի Հանրապետության Խորհրդարանի նախագահին

Փետրվար 26,2014 19:20

Փետրվարի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի Հանրապետության   Խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և երկու երկրների դեսպանների:

Ողջունելով Հունաստանի Խորհրդարանի նախագահի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերություններին ու գործակցությանը, որ համահունչ է հավատակից երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց, որ պատմության մեջ երկու ժողովուրդներին ծանր հարվածներ են հասցվել, որոնք շատ հաճախ հաղթահարվել են փոխադարձ զորակցությամբ և միասնական ոգով:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հունաստանի Խորհրդարանի նախագահն անդրադարձան 2015 թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Նորին Սրբությունը ներկայացրեց Հայ Եկեղեցու կողմից ծրագրվող միջոցառումները, կազմակերպվելիք հիշատակի հոգևոր արարողությունները` վստահություն հայտնելով, որ Քույր Եկեղեցիների պետերն ու տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց մասնակցությունը կբերեն այդ կարևոր ձեռնարկներին` հանուն մարդկության խաղաղ ու անվրդով ապագայի:

Այս կապակցությամբ տիար Մեյմարակիսը նշեց, որ Հունաստանը հայ ժողովրդին մշտապես զորակցել է Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում և Հունաստանի Խորհրդարանը պատրաստակամ է իր մասնակցությունը բերել նաև տարելիցի միջոցառումներին:

Հանդիպմանը խոսվեց նաև Հայ Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաև հայ-հունական կապերի սերտացման գործում Հունաստանի հայ համայնքի և Հայոց թեմի կարևոր դերակատարության մասին:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728