Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված գործերը վերջերս անընդհատ հետաձգվում են (Տեսանյութ)

Մարտ 03,2014 12:15

Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի բողոքի քննությունն այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց: ՀՔԾ քննիչ Լյովա Մելքոնյանը դատարանին գրավոր տեղեկացրել էր, որ հիվանդության պատճառով չի կարողանա ներկայանալ եւ խնդրել էր հետաձգել դատական նիստը:

«Վերջին մեկ շաբաթվա մեջ, իմ դեմ հարուցված գործերն անընդհատ հետաձգվում են: Նախորդ գործով տուժող ոստիկանն էր հիվանդացել, հաջորդ օրը, իմ դեմ վարչական գործով ՀՀ ոստիկանությունը, անհասկանալի պատճառներով, չէր ստացել հակընդդեմ հայցը, հիմա վատառողջ է ՀՔԾ քննիչը: Սա թույլ է տալիս ինձ մտածել, որ գործ ունենք միտումնավոր գործերը հետաձգելու հետ»,- առարկեց Արգիշտի Կիվիրյանը:

Նրա պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ ասաց՝ դատարանի հայեցողությանն են թողնում նիստը հետաձգել-չհետաձգելու որոշումը:

Նրա մեկ այլ պաշտպան Լուսինե Սահակյանն էլ շարունակեց. «Միտումնավոր ձգձգումների հետ գործ ունենք, մի քանի գործով միանգամից հետաձգումներ: Մեր կարծիքով, մեր բողոքն ու նյութերը բավարար են, որ գործը քննվի, եւ քննիչն այս նյութերից դուրս ոչինչ չի կարող ասել: Մեզ համար շատ հետաքրքիր է, թե քննիչն ինչ է ասելու այս նյութերի հետ կապված»:

Դատավոր Մակեյանի խոսքով, քանի որ բողոքի քննությունը սկսել են քննիչ Լյովա Մելքոնյանի ներկայությամբ, ապա դատարանը գտնում է, որ նիստը պետք է հետաձգվի, որովհետեւ նախորդ նիստին քննիչը ժամանակ է խնդրել, որ ելույթով հանդես գա:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 19-ին:

Հիշեցնենք, որ պարոն Կիվիրյանը բողոքարկում է Կոմիտաս 5-ում իր դեմ ոստիկանների ապօրինի գործողությունների փաստով քրեական գործ հարուցելու մասին իր դիմումը մերժելու ՀՔԾ քննիչի որոշումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31