Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյանը կհրավիրվի դատարան՝ խցակցի ինքնասպանության համար. (Տեսանյութ)

Մարտ 03,2014 17:47

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց  Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի երեք միջնորդություններից երկուսը: Մասնավորապես՝ հանգուցյալ Արտաշես Գալուստյանի ինքնասպանության հարցը ճշտելու համար փաստաբանը միջնորդեց, որ Տիգրան Առաքելյանը եւ Երվանդ Եղյանը գան դատարան: Պաշտպանն ասաց, որ Տիգրան Առաքելյանը լրատվական կայքերից մեկին պատմել է  իր խցակցի ինքնասպանության, Էրեբունու դատախազության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների մասին:

Այսօր  սկսված Էդգար Կարաքեշիշյանի եւ Աշոտ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործով  հանգուցյալ Արտաշես Գալուստյանը տվել էր մի ցուցմունք, համաձայն որի՝ «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանը  ստացել է առանձնապես խոշոր չափի գումար, ամբաստանյալները նախնական համաձայնությամբ Արշակունյաց պողոտայի «ՍԵՄ» ռեստորանի կողքին, գազալցակայանի մոտ կայանված Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից հափշտակել են 56 մլն 400.000 դրամը, ինչպես նաեւ ՍՊ ընկերությանը պատկանող փաստաթղթերը, որոնք հետագայում ոչնչացրել են: Էդգար Կարաքեշիշյանի պաշտպան (հանրային գրասենյակից) Ռաֆիկ Սաֆարյանը տարակուսանք հայտնեց, որ իր պաշտպանյալի հետ Արտաշես Գալուստյանի միջեւ առերեսում չի կատարվել:

Դատարանը բավարարեց նաեւ Լիպարիտ Սիմոնյանի հաջորդ միջնորդությունը՝ պաշտպանական կողմին տրամադրել տեսաձայնագրությունները՝ տարածքի պահպանությունն իրականացնող կազմակերպության միջոցով: Պաշտպանը հիմնավորեց  միջնորդությունը նրանով, որ Արմեն Մանուկյանը տեսնելով մեքենան թալանված վիճակում, մեկ ժամ հետո է դիմել ոստիկանության բաժին եւ իրենց պարզ չէ, թե այդ մեկ ժամվա ընթացքում ինչ գործողություններ է կատարել: Պաշտպանը չբացառեց անգամ, որ գումարը նույն Արմեն Մանուկյանն է տեղափոխել այլ վայր, նոր այդ մասին հայտնել իրավապահներին: Ուշադրության է արժանի այն, որ այս գործով ինչպես նախկինում առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանում Արմեն Մանուկյանը հանդես էր եկել որպես տուժող եւ վկայություն էր տվել, իսկ այսօր նա դատարան էր եկել եւ ներկայացավ որպես տուժողի ներկայացուցիչ, այն դեպքում, երբ տուժող կազմակերպության ներկայացուցիչն էր փաստաբան Նիկոլայ Հակոբյանը: Պաշտպանական կողմը առարկեց, ինչին դատարանը համարժեք արձագանքեց, այն է՝ Արմեն Մանուկյանը դուրս հրավիրվեց դատական նիստերի դահլիճից. նա կհարցաքննվի որպես վկա, որից հետո կարող է մասնակցել դատական նիստերին որպես տուժող կազմակերպության ներկայացուցիչ: Ի դեպ, Նիկոլայ Հակոբյանը քաղհայց ներկայացրեց դատարան եւ դատարանի կողմից ճանաչվեց քաղհայցվոր: Նա համապարտության կարգով պահանջեց իրենց ընկերությանը պատճառված վնասը՝ 55 մլն 500 հազար դրամ, հիմնավորելով, որ 900.000 դրամը հայտնաբերված է: Այս ժամանակ, միջնորդությունն անելուց հետո, հանրային պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը հարցրեց, թե արդյո՞ք Արմեն Մանուկյանը նյութական պատասխանատու անձ է եւ պայմանագիր ունի՞ կազմակերպությունը նրա հետ: Պաշտպանի ակնարկը թափանցիկ էր այն առումով, որ նա ուզում էր ճշտել, թե արդյո՞ք պայմանագրի առկայության դեպքում ՍՊԸ-ն անփութության  համար գումարը չէր պահանջելու Արմեն Մանուկյանից եւ արդյո՞ք պատշաճ է այս քաղհայցը:  Դատարանը բավարարեց քաղհայցվոր ճանաչելու Նիկոլայ Հակոբյանի միջնորդությունը:

Դատախազ Ուզոյանը  հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ 2011թ. նոյեմբերի 21-ին ամբաստանյալները հանցավոր համաձայնության գալով կազմակերպել են «Մանանա գրեյն» կազմակերպության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից գումարի հափշտակությունը, իսկ գումար ունենալու մասին տեղեկատվությունը տրամադրել էր HSBC բանկի առաջատար մասնագետ Աշոտ Առուշանյանը: Ամբաստանյալները չընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքը, ասելով, որ «նկարագրված որեւէ արարք» չեն կատարել: Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգ եւ առաջինը կլսի վկա Աննման Պետրոսյանին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31