Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի կարգով բերման ենթարկված վկային վարչության պետը ծեծել էր

Մարտ 14,2014 16:29

Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 17-ին քննության կառնվի ՀՀ գլխավոր դատախազության որոշման դեմ Հակոբ Թոսունյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանի դիմում-բողոքը:

Պաշտպանը խնդրում է, որպեսզի նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայության 03.12.2013թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, 08.01.2014թ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից կայացված որոշումը բողոքը մերժելու մասին վերացվի և քրեական գործ հարուցելու դեպքում իր կողմից բարձրացված բոլոր հարցերը դարձվի քննության առարկա: Դիմում-բողոքում Վահագն Մանուկյանը տեղեկացրել է, որ 20.11.2013թ. ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա. Հակոբյանը զեկուցագիր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Հակոբ Թոսունյանի քրեական գործի դատաքննության ժամանակ, մասնավորապես, 2013թ. նոյեմբերի 19-ի դատական նիստին ամբաստանյալ Հակոբ Թոսունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ քրեական գործով նախաքննության ընթացքում իր նկատմամբ ճնշում է գործադրվել, ոստիկանության ՀԿԳ քննության վարչության ղեկավարը, քննչական խմբի ղեկավարը և քննիչը, անտեսելով, որ առողջական խնդիրներ ունի, պահել են անազատության մեջ, քաղցած և առանց դեղորայք տրամադրելու:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր: Սակայն ՀՔԾ-ն քրեական գործի հարուցումը մերժել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:

ՀԿԳ ավագ քննիչ Լ. Մելքոնյանի որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այս տարվա հունվարի 8-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ նշված դիմում-բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու հիմքով:

«Գտնում եմ, որ դրանք լիովին անհիմն են, ոչ մի կերպ չպատճառաբանված, մի շարք հարցեր և հանգամանքներ մնացել են չպարզաբանված»,- Aravot.am-ին ասում է Վահագն Մանուկյանը, որն ուշադրություն է հրավիրում իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ղեկավարի, ինչպես նաև քննչական խմբի անդամների կողմից 2012թ. սեպտեմբերի 6-ից սկսված, շարունակվող անօրինականությունների, ճնշումների, սպառնալիքների , նրան անազատության մեջ պահելու հանգամանքի վրա:

«Հակոբ Թոսունյանն իր բացատրության մեջ նշել է, թե 06.09.2012թ. լուսաբացին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները, ներխուժելով բնակարան, իրեն, որդուն՝ Կարապետ Թոսունյանին ապօրինի կարգով բերման են ենթարկել Երևան քաղաքի ոստիկանություն, ժամեր շարունակ այնտեղ իրենց պահել են անազատության մեջ քաղցած վիճակում, որի ընթացքում առողջական խնդիրներ ունենալու պատճառով իրեն բուժօգնություն ցույց չի տրվել»,- դատարան ուղարկած բողոքում նշել է պաշտպանը:

Պաշտպանը վերլուծելով քննիչի, օպեր-լիազորների բացատրությունները, հանգել էր նրան, որ առկա են մի շարք հակասություններ, չփարատված կասկածներ:

«Հակոբ և Կարապետ Թոսունյաններին բերման ենթարկելու մասին որոշումների համաձայն իմ պաշտպանյալները բերման պետք է ենթարկվեին այն պատճառով, թե իբր ոչ հարգելի պատճառներով 05.09.2012թ. ժամը 1200 -ին չեն ներկայացել հարցաքննության: Այս դեպքում հարց է ծագում, եթե նրանք նշված ծանուցագրերը չեն ստացել, հայտնի չէ քննիչի կողմից նամակը ուղարկելու կոնկրետ վայրը, անձը, փոստային ծառայության բաժանմունքի՝ այդ նամակի մուտք գործելու և Թոսունյաններին հանձնելու օրն ու ամսաթիվը, ապա այս ամենի համալիր համակցության պայմաններում ո՞ր իրավունքով կարելի է հիմք ընդունել և եզրահանգել Հակոբ և Կարապետ Թոսունյանների կողմից հարցաքննությունից խուսափելու փաստը, որը հիմք է հանդիսացել վերջիններիս ապօրինի կարգով բերման ենթարկելու համար ու այդ բոլորը ինչու է բացահայտ կերպով անտեսվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից նախապատրաստված նյութերի օրինականությունը ստուգելիս և հաստատելիս»-հարցնում է պաշտպանը:

Ըստ պաշտպանի պարզ չէ, թե Հակոբ և Կարապետ Թոսունյանները ո՞ր իրավունքով և իրավական ու դատավարական դրույթներին համապատասխան են պահվել ոստիկանությունում անազատության մեջ վկայի կարգավիճակում, ո՞ր իրավունքով և իրավական դրույթների համաձայն են սահմանափակվել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ տեղաշարժվելու իրենց իրավունքը, ո՞ր իրավունքով քննիչ Ա. Մկրտչյանն անմիջապես բերման ենթարկելուց հետո ձեռնամուխ չի եղել Հակոբ Թոսունյանին հարցաքննելուն, ի՞նչ պատճառով հայր եւ որդի Թոսունյանները բաց չեն թողնվել՝ իրավաբանական ծառայություն ստանալու համար պատշաճ կարգով փաստաբանին դիմելու, խորհրդակցելու ՀՀ Սահմանադրության իրենց սահմանադրական իրավունքից օգտվելու համար, եւ ում հանձնարարությամբ և ցուցումով են մնացել ոստիկանությունում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31