Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի նոր ցուցակ է հրապարակվելու. ներգրավված են ռուսական անվտանգության ծառայության ներկայացուցիչները

Մարտ 31,2014 19:45

«Մարտի 1-ի հանցագործության բացահայտումը շատ կարեւոր է: Մարտի 1-ի հանցագործությունը չբացահայտելը անպատժելիության երաշխիքն է հանդիսանում: Քանի դեռ Մարտի 1-ի հանցագործությունը ամբողջական, համակողմանի իրական գնահատական չի ստացել, անպատժելիությունը կմնա երաշխավորված ՀՀ-ում,որովհետեւ Մարտի 1-ի հանցագործության մեջ ներգրավված են այսօրվա գործող պաշտոնատար անձինք, ԱԺ պատգամավորներ, որոնք շարունակում են պաշտոնավարել եւ որոնց շահերից է բխում հանցագործությունը չբացահայտելը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսպես մեկնաբանեց ԵՄ-ի նոր զեկույցով Հայաստանին ուղղված առաջարկը՝ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված:

Խոսքը «Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման առաջընթացի 2013-ի տարեկան զեկույցի» մասին է, որտեղ առաջարկվում է ՀՀ իշխանություններին լիարժեք հետաքննել 2008-ի մարտի 1-ին ընդհարումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերը եւ ոստիկանական կալանքում վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները:

Արթուր Սաքունցը հայտարարեց, որ իրենք Մարտի 1-ի մասնակիցների ցուցակ են հրապարակել եւ շուտով նոր ցուցակ են տարածելու. «Այդ ցուցակի ուղղությամբ մենք աշխատում ենք եւ  առաջիկա օրերին այդ ցուցակի համալրված տարբերակը կտարածենք»: Մենք հետաքրքրվեցինք, թե նոր ցուցակում բացահայտումնե՞ր կան: Արթուր Սաքունցը պատասխանեց. «Բացահայտումներ շատ կան, տեղեկություններ կան, որոնց հիման վրա լրացվել է Մարտի 1-ի ցուցակը, այն անձանց, որոնք այս պահին ներգրավված չեն: Ինքը հիմնական գործիքն է լինելու, որը պետք է օրակարգում դրվի որպես պահանջ իշխանությունների առջեւ, որ այդ ուղղությամբ քննությունը կատարեն: Ուզում է Սերժը լինի, ուզում է Պողոսը, Կիրակոսը եւ այլն, նման մասշտաբային հանցագործությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, քանի դեռ բացահայտված չէ, մենք կլինենք խոցելի: Ուղղակի ասեմ, որ այդ հանցագործության մեջ ներգրավված են ռուսական անվտանգության ծառայության ներկայացուցիչները՝ առնվազն փորձագետների կարգավիճակով: ԵՄ-ի զեկույցը ընդամենը գալիս է օրակարգում ամրագրելու այն հարցերը, որոնց ուղղությամբ ՀՀ-ն պետք է աշխատի: ԵՄ-ն տեսնում է այն հարցերը, որը պետք է գտնվի Հայաստան-ԵՄ արշավանքի շրջանակներում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ Կոշեցյան says:

    Էտ ԵՄ-ն ուր էր 2008-ի մարտի 1-ից մինչև 2013-ի սեպտեմբեր:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31