Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Ծատուրյան. «Տարվա 364 օրը մեզ համար խաբելու օր է» (Տեսանյութ)

Ապրիլ 01,2014 13:38

Այսօր հումորի եւ երգիծանքի օրը՝ ապրիլի 1-ին, «Հենարան» ակումբում ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը խոսեց օրվա խորհրդի մասին:

«Մեզ մոտ 364 օր խաբելու օր է, գոնե ծիծաղի, անընդհատ խաբում են բոլորիս: Չնայած էսօր գոնե պիտի ծիծաղել… Մի հատ անեկդոտ կա, Աստված վերեւից նայում տեսնում է թուրքերը զինավարժություններ են անում, իսկ հայերը՝ տա՜շ, տա՜շ… Աստված ասում է՝ էլի սրանք հույսներն ինձ վրա են դրել»,-ասաց արվեստագետը:

Նա նաեւ շնորհավորեց անվանի դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրը, ասաց, որ պատիվ է ունեցել Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի ու մյուս մեծերի հետ շփվել, աշխատել: Նիկոլայ Ծատուրյանը մի քանի դրվագ պատմեց անվանիների կյանքից: Օրինակ, ինչպես է մի անգամ կինոգետ Միքայել Ստամբոլցյանը ԽՍՀՄ-ի ժամանակ Կինոյի տանը խոսելով «Տերը» ֆիլմի առաջնախաղի առիթով Խորեն Աբրահամյանի դերակատարման մասին, նրա ազգանվան փոխարեն Հովհաննիսյան ասել մի քանի անգամ:

«Խորիկն առաջ եկավ, նայեց Միշային, ասաց՝ ես ներում եմ Միշային, որ խառնեց ինձ Խորեն Հովհաննիսյանի հետ, ոչինչ, ձմեռներն էլ ինձ Տրետյակի հետ են խառնում»,- հիշեց բանախոսը:

Նիկոլայ Ծատուրյանը ցավով փաստեց, որ հումորն այսօր դարձել է կոպիտ, գռեհիկ, մակերեսային. «Արվեստն ու հումորը ընտրյալ հասարակության համար են, ու քանի որ նրանք փոքր թիվ են կազմում, հիմնականում բալագանային հումորն է առաջ եկել»:

Aravot.am-ը խնդրեց, որ արվեստագետն անդրադառնա փանջունիությանն ընդհանրապես ու մասնավորապես «Ընկեր Փանջունի» ֆիլմի համանուն հերոսին, որին ինքն է կերտել:

Հիշեց, թե ինչպես է ֆիլմի ռեժիսոր Արման Մանարյանն առաջարկել խաղալ Փանջունու դերը. «Ասեցի ախր Փանջունին նիհար մարդ է եղել, ասաց՝ ոչինչ, նիհարի: Մի չորս կիլոյի չափ նիհարեցի, հետո ասաց՝ չէ, չաղացի, ախր Փանջունին ոնց կարող է նիհար լինել, ինքն ուր գնում էր՝ լափում էր…Էդպես էլ մնաց մեծ փորս: Ի դեպ, երբ մի անգամ հարցրին փորիս մասին, ասացի, որ դա փոր չէ, չիրականացված բեմադրությունս է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930