2014 թ. մարտի 25-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Վախթանգ Աբրահամյանը, Օլեգ Աղասյանը:
Խորհրդի նիստը սկսվեց մարտի 25-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:
2014 թ. փետրվարին արձանագրվել է 1.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4%-ի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է 4.6%: Փետրվարին գների անկումը մեծամասամբ պայմանավորվել է պարենային ապրանքների գների 1.8% նվազմամբ (նպաստումը գնանկմանը՝ 1.0 տոկոսային կետ), որի կառուցվածքում նվազել են հիմնականում «Միրգ» ու «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբերի գները՝ համապատասխանաբար 8.2% և 7.7%-ով: Ամսվա ընթացքում նվազել են նաև ոչ պարենային ապրանքների գները և ծառայությունների սակագները՝ համապատասխանաբար 0.3% և 0.5%-ով, որոնք ընդհանուր գնանկմանը նպաստել են 0.1-ական տոկոսային կետով:
2013 թ. երկրորդ կիսամյակում տնտեսական ակտիվության աճի տեմպերի շարունակական դանդաղման արդյունքում տարին ամփոփվել է տնտեսական աճի 3.5% ցուցանիշով: Աճի տեմպերի դանդաղում է դիտվել նաև 2014 թ. առաջին երկու ամիսներին, երբ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.4% մակարդակ՝ պայմանավորված առավելապես շինարարության ճյուղի վերականգնման դանդաղ տեմպերով: Տարեսկզբին շարունակվել են մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղման և մասնավոր ներդրումների սպասվածից ավելի դանդաղ տեմպերով վերականգնման միտումները, ինչի պարագայում գնահատվում է, որ առաջին եռամսյակը կավարտվի մասնավոր սպառման տ/տ 1.3% և մասնավոր ներդրումների տ/տ -4.8% աճերով: Հաշվի առնելով 2014 թ-ին իրականացվելիք ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ներքին պահանջարկի վրա՝ ակնկալվում է տնտեսական աճի տեմպերի որոշ չափով արագացում` պայմանավորված արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև շինարարությունում նախատեսված պետական խոշոր ճանապարհաշինարարական ծրագրերի իրագործմամբ:
2014 թ. հունվար-փետրվարի արդյունքներով արտահանումը (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 3.2%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ)՝ 6.7%-ով: Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է տ/տ 9.0%-ով:
Կարդացեք նաև
Խորհրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները, որոնցում առաջին եռամսյակի միջինացված արդյունքներով հիմնականում պահպանվել են տոկոսադրույքների նվազման միտումները, սակայն փետրվարին ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման ազդեցությունը շուկայի կարճաժամկետ տոկոսադրույքների վրա չեզոքացվել է դրամի արժեզրկման սպասումներով, և մարտին շուկայական տոկոսադրույքները մնացել են գրեթե անփոփոխ: Այսպես, միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը մարտի 17-ի դրությամբ կազմել է 7.9%, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 8.05%, բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 7.4%:
ՀՀ արտարժույթի շուկայում տարեսկզբից դիտվել է ՀՀ դրամի աստիճանաբար արժեզրկում. մարտի 17-ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքը՝ փետրվարի միջինի նկատմամբ արժեզրկվել է 0.74%-ով` կազմելով 414.6 դրամ, եվրոյի նկատմամբ՝ 2.1%-ով՝ կազմելով 573.6 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ արժևորվել 2.4%-ով` կազմելով 11.4 դրամ:
2014 թ. առաջին եռամսյակում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղման միտումները, ինչպես նաև զգալիորեն ավելացել են զարգացման հեռանկարների անորոշությունները՝ պայմանավորված աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակով: Փետրվարին պարենային շուկայում գրանցվել են գների կարճաժամկետ աճեր, որի արդյունքում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. մարտի 6-ին հրապարակված պարենի գների ինդեքսը 2014 թ. փետրվարին` նախորդ ամսվա նկատմամբ աճել է 2.6%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 2.1%-ով):
ԿԲ գնահատումների համաձայն առաջին եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինը նախորդ եռամսյակի նկատմամբ կնվազի 1.0%-ով (տ/տ 4.0% նվազում), իսկ արդյունաբերական մետաղներից Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կաճի եռ/եռ 0.1%-ով (տ/տ 9.8% նվազում): ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը կնվազի եռ/եռ 6.0%-ով (տ/տ 10.8% նվազում) և «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը կնվազի եռ/եռ 8.7%-ով (տ/տ 12.2% նվազում):
2014 թ. առաջին եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 0.65%-ով, իսկ տ/տ արժևորումը կազմել է 3.75%:
Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:
Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում զգալիորեն ավելացել են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ:
Խորհուրդը գնահատում է, որ 2014 թ. սկզբին պահպանվել են տնտեսական աճի ցածր տեմպերը՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի վերականգնման ցածր տեմպերով: ԿԲ Խորհուրդը գտնում է, որ մինչ օրս դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը, զուգորդվելով 2014թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը՝ տարեվերջից 12-ամսյա գնաճը ձևավորելով իր նպատակային մակարդակի շուրջ: Միևնույն ժամանակ, համախառն պահանջարկի աճին կնպաստի նաև տարեսկզբից արձանագրված դրամի արժեզրկումը և փետրվարին ԿԲ կողմից դրամային պարտավորությունների դիմաց պահուստավորման նորմատիվի իջեցումը:
Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով կճշգրտվեն դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:
2014 թ. մարտի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.5%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 9% և 6%:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն