Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Գ. Սարգսյան. «ՍԴ-ն փոքրիկ հեղաշրջում արեց» (Տեսանյութ)

Ապրիլ 07,2014 13:43

Ըստ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը մինչեւ հինգշաբթի երեկո չգիտեր, որ հրաժարական է տալու, եւ ՍԴ-ի որոշումը ու դրան հաջորդած կառավարության նիստը դարձան նրա հրաժարականի պատճառը: «Նախագահի համբերությունը հատեց, նա սպասում էր, որ այդ օրենքը պատրաստած նախարարներին խիստ գնահատականներ պիտի տրվեր, սակայն կառավարության նիստի ժամանակ դա չեղավ»:

Այդ առումով, Արամ Գ. Սարգսյանի տպավորությամբ,Սահմանադրական դատարանը իր կայացրած վճռով փոքր հեղաշրջում կատարեց: «Առավոտի» հարցին, թե ինչ հիմքեր ունի չհավատալու Տ. Սարգսյանի հրաժարականի մասին տեղեկացրած Է. Շարմազանովին, որն ասաց, թե դա Տիգրան Սարգսյանի որոշումն էր, եւ նա դեռ մեկ ամիս առաջ էր հրաժարականի դիմում ներկայացրել, որը չէր ընդունվել: Արամ Սարգսյանն ասաց, որ Տիգրան Սարգսյանը ժողովրդական դերասան չի, որ առավոտյան նիստին այդ տոնով նիստը վարեր, հետո գնար հրաժարական ներկայացներ:

Մեր հաջորդ հարցին՝ իսկ ոչ իշխանական ուժերի սպառնալիքը, թե բարիկադներ կկառուցենք, եթե կառավարությունը հրաժարական չտա, որեւէ դեր չխաղա՞ց, նա միանշանակ պատասխանեց, որ ոչ՝ «Եթե ուզում էին անել, թող չսպասեին մինչեւ ապրիլի 28-ը»:

Նոր վարչապետի թեկնածուին պարոն Սարգսյանը տեսնում է հեռուներում: Ըստ նրա, եթե կա քաղաքական կամք՝ նախագահի կողմից՝ փոխել այս համակարգը, ջարդել կլանային, մենաշնորհային համակարգը, ապա պետք է նշանակի նախագահի կողմից աջակցություն ունեցող եւ այդ արատավոր համակարգը քանդելու հնարավորություն ունեցող մարդու, որին պետք է փնտրել Հայաստանից դուրս եւ ոչ թե ՀՀԿ-ամերձ շրջանակներում: Իսկ եթե նախագահը զուտ կոսմետիկ փոփոխություններ է ցանկանում, ապա դրա համար թեկնածուները բազմաթիվ են:

Չնայած լրագրողների համառ խնդրանքներին՝ բացահայտել, թե ո՞վ է այդ դրսից մարդը, որին պետք է բերի նախագահը որպես վարչապետ, Արամ Գ. Սարգսյանն այդպես էլ չբացահայտեց: Միայն նշեց, որ խոսքը Ռուսաստանի հայերի միության (որի փոխնախագահն է ինքը-Մ. Բ.) նախագահ Արա Աբրահամյանի մասին չէ, որն «ունի հնարավորություն, բայց չունի ցանկություն»՝ Հայաստանի վարչապետ դառնալու:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930