Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդներին լավ դասախոսներ տվեք և կտեսնեք, թե ինչ կանեն նրանք». Արա Խզմալյան

Ապրիլ 11,2014 18:52

«Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ի նախագահ, թատերագետ Արա Խզմալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մեծ ուրախությունն արտահայտեց գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանի՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ. «Սա իսկապես ուրախալի է, որովհետև Դ. Մուրադյանը մեր միջավայրում իր նկարագրով, մտավորականի կեցվածքով հայտնի, ճանաչելի և ընդունելի մարդ է: Ես նրան ուժ ու եռանդ եմ ցանկանում, ինչպես նաև լավ գործընկերներ, որպեսզի կարողանա լուծել այն ահռելի խնդիրները, որոնք այսօր կան Թատերական ինստիտուտում»,- ասաց Ա. Խզմալյանը:

Անդրադառնալով այդ խնդիրներին՝ պարոն Խզմալյանը նկատեց, որ ինստիտուտում հատկապես լուրջ վերանայման կարիք ունի դասավանդման ընթացքը: «Ավագները դեռևս հակված են բարոյախրատական դասեր տալու, ճշմարտություններ քարոզելու, իսկ երիտասարդներն ավելի շատ ունեն մասնագիտական խնդիրներ, նրանք ազատ են դիմացինին ամեն գնով ինչ-որ բան քարոզելու և հասկացնելու նպատակից և դրանով ավելի մոտ են զուտ մասնագիտական և արվեստային խնդիրներին: Տվեք նրանց լավ դասախոսներ և կտեսնեք, թե ինչ կանեն երիտասարդները,- ասում է թատերագետը:- Եթե մենք կարողանանք մշակել անհրաժեշտ մեթոդներ ու սկզբունքներ, գիտականորեն հիմնավորենք դասավանդման մեթոդներն ու պրոցեսները և հասկանանք, թե 21-րդ դարի դերասանին ինչ կարողություններ են առավելապես պետք, մենք կկարողանանք ունենալ այն թատրոնը, որն ուզում ենք»:

Պարոն Խզմալյանը գտնում է, որ հայ դերասանը շատ հետաքրքիր է՝ թե´ իր արտաքինով, թե´ ներքինով և թե´ խառնվածքով. «Մենք արտակարգ «նյութ» ունենք, որը հղկման և մշակման կարիք ունի: Այդ նյութն այն օժտված երիտասարդներն են, այն տաղանդավոր աղջիկներն ու տղաները, որոնց միայն բեմական ներկայության կուլտուրան է պակասում՝ հղկված մարմին, մշակված ձայն, մշակված դիմախաղ: Այլ խոսքով ասած՝ իրենց մասնագիտական զինանոցին ամբողջապես տիրապետող դերասանների, պրոֆեսիոնալների պակաս ունենք»,- ասում է նա:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930