Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Հայոց ցեղասպանությունը կճանաչվի, բայց ցավոք, ոչ մոտ ապագայում»

Ապրիլ 14,2014 11:46

«Խնդիրը կայանում է ոչ թե ԱՄՆ-ում կայացվող պրոցեսներում, այլ Թուրքիայում: Մեր նպատակը ոչ թե ԱՄՆ-ի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումն է, այլ Թուրքիայի կողմից ճանաչումն ու փոխհատուցումը: Խնդրի առաջնային մասը Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումն է»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև ընդունեց: Քաղաքագետ Արամ Մանուկյանը այս փաստը «դրական տեղաշարժ համարեց» ու մանրամասնեց. «Իհարկե, ընդհանուր ճանաչման գործընթացում սա շատ փոքր բան է, սակայն ողջունելի է, որ Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող այս բանաձևը»:

Պարոն Մանուկյանը շեշտեց, որ ապագայում էլ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլեր կարվեն, սակայն դրանք կարվեն այնպես, որպեսզի չխաթարվեն հարաբերությունները Թուրքիայի հետ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը վերջնականապես կճանաչի միայն այն ժամանակ, երբ դա կհամապատասխանի իր շահերին, իսկ այդ երկրի համար բոլորովին շահավետ չէ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ի համար այս պահին Թուրքիան շատ կարևոր գործընկեր է, ուստի այդ երկիրը չի գնա քայլերի, որոնք կարող են վատթարացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Քաղաքագետը նշեց. «Այս պահին Մերձավոր Արևելքում և մասնավորապես Սիրիայում ընթացող գործընթացներում Թուրքիան կարևոր գործընկեր է ԱՄՆ-ի համար: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում վատթարացել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները, ուստի այս տեսանկյունից էլ ԱՄՆ-ի համար ձեռնտու չէ Թուրքիայի նման դաշնակցի կորուստը»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ արդյոք Քեսաբի վերջին իրադարձությունները և միազգային հանրության մեղմ ասած լռությունը հույս ներշնչո՞ւմ են, որ մոտ ապագայում միջազգային հանրությունը կճնշի Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Գևորգ Մելքոնյանը պատասխանեց. «Միջազգային հանրության արձագանքը ոչ թե ադեկվատ չէր, այլ խայտառակ լռության էր: Արևմտյան երկրները շարժվեցին տնտեսական, աշխարհաքաղաքական այլ ոչ թե հումանիտար շահերով: Ուստի հատկապես Ուկրաինայի իրավիճակը հաշվի առնելով՝ սպասել արևմտյան պետություններից արձագանքի հայոց ցեղասպանության ճանաչման առումով, այս պահին հույս չի ներշնչում»:

Քաղաքագետ Արամ Մանուկյանն այս առիթով ասաց հետևյալը. «Միջազգային հանրության արձագանքը Քեսաբի վերաբերյալ համարժեք չէր: Մյուս կողմից էլ մենք պատրաստ պիտի լինենք ընկալելու, որ պետություններն առաջնորդվում են շահերով: Մեր հասարակությունը պաշտպանված չէ նաև ապատեղեկատվությունից և ճշգրտված տեսագրությունը կարող է մեծ արձագանք գտնել մեր հասարակության վրա: Բնականաբար կճանաչվի հայոց ցեղասպանությունը, բայց մոտ ապագայում ցավոք տեսանելի չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930