Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմպիոնական գոտու պաշտպանության մարտին պատրաստվող աշխարհի չեմպիոնին դուրս են հրավիրել դահլիճից` չթողնելով մարզվել

Ապրիլ 14,2014 19:00

Այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը եւ նրա սանը` ProFC- վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը, պատմեցին օրերս Դոնի Ռոստովում կայացած հայ մարտիկի եւ ռուսաստանցի Իգոր Եգորովի մենամարտի մասին, որտեղ Դավիթը ոչ միայն պաշտպանեց իր չեմպիոնական գոտին, այլեւ մրցակցից վերցրեց  «Grand Prix 2012»-ի չեմպիոնական գոտին:

Հպարտությամբ ասելով, որ իրենք ամեն բան անում են այս տղամարդկային մարզաձեւի միջոցով Հայաստանն աշխարհին ներկայանալի դարձնելու համար եւ այսպիսի հաղթանակներով ու չեմպիոնական գոտիներով մյուս երկրներին ստիպում մեր երկիրը հարգել եւ նրա հետ հաշվի նստել, մարզիչը եւ սանը խոսեցին նաեւ խնդիրների եւ հոգսերի, մասնավորապես, պետության բացարձակ անուշադրության մասին: «Մեր մարզումային պայմանները խիստ անմխիթար են: Տղաները մարզվում են մեկ սենյակի չափ տարածքում: Ու չնայած դրան, մենք աշխարհի չեմպիոն ենք տալիս: Մեզ հաճախ են հյուրընկալվում այլ երկրների մեր գործընկերները եւ զարմանում, թե ինչպե՞ս կարելի է այդպիսի պայմաններում արդյունավետ մարզվել: Հավատացնում եմ, որ մենք ունենք ուրիշ շատ տղաներ, որոնք կարող են երկու-երեք տարում մեծ արդյունքներ ցույց տալ եւ ասուլիսների ժամանակ իմ կողքին նստած կլինի ոչ միայն Դավիթը, այլեւ եւս մի քանի չեմպիոն: Մեր մարզաձեւը օլիմպիական չէ, ուստի ուշադրությունը պետք է սպորտի պետական կառույցի կողմից լինի: Մենք շատ բան չենք ուզում` նորմալ դահլիճ եւ մի քիչ էլ ֆինանսավորում ֆեդերացիային, ինչը մինչեւ հիմա զրո է: Ինչ անում եւ ինչի հասնում ենք, բոլորը անում ենք մեր միջոցներով: Ավելին ասեմ. մոտ երկու ամիս առաջ, երբ Դավիթը նախապատրաստվում էր այս մենամարտին, ըմբիշների հետ մարզվելու նպատակով գնացել էր մարզական ընկերություններից մեկի մարզադահլիճ: Բայց այնտեղի ղեկավարությունը աշխարհի չեմպիոնին ստիպել էր իրերը հավաքել եւ ազատել տարածքը: Այդպիսի բան աշխարհի ոչ մի երկրում չես տեսնի: Ընդհակառակը, ցանկացած ակումբ ինքը կառաջարկեր զգեստափոխվել ու իր դահլիճում մարզվել: Պատկերացնո՞ւմ եք`Վիկ Դարչինյանը կամ Արթուր Աբրահամը գան մեր, այսպես կոչված, դահլիճ մարզվելու եւ ես նրանց ելքի ճանապարհը ցույց տամ: Դա հնարավոր չէ», – ասաց Հայկ Ղուկասյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930