Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ տեղադրվել է մահացած ամերիկացու սրտի սարքը»

Ապրիլ 25,2014 16:50

Հովհաննես Կաթրջյանի եւ Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի դատական վեճին մենք անդրադարձել ենք տարիներ առաջ:

Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 4-ի վճիռը թվում էր՝ վերջ կդներ այս վեճին, սակայն մինչ օրս քրեական գործով տուժող ճանաչված Կաթրջյանը խնդիրներ ունի սրտաբանական կենտրոնի հետ:

Ընդհանուր իրավասության դատարանի վճռի նկարագրական մասում նշվել էր, որ Հովհաննես Կաթրջյանը 1985թ.-ից ապրում է սրտի խթանիչով:
Նա 7 անգամ վիրահատվել է, մի անգամ էլ սրտի փականն են վիրահատել:
2008թ. առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում փոխվել է Հովհաննես Կաթրջյանի սրտի խթանիչը, իսկ վիրահատությունն էլ կատարել է տնօրենը՝ վիրաբույժ Սմբատ Ջամալյանը:

Որպես զինվորի հայր, պաշտպանության նախարարությունը կենտրոնին է փոխանցել 1 900 000 դրամ գումար, մնացյալ գումարն էլ Կաթրջյանը տալիս է առձեռն: Քաղաքացու մարմնում պետք է տեղադրվեր Biotronik ֆիրմայի երկխոռոչանի խթանիչ, որը աշխատելու էր 10 տարի:

Սակայն այլ խթանիչ է տեղադրվում, որի ժամկետը նախատեսված էր 6 տարի 9 ամիս:
Քաղաքացու գումարն ավելի շատ է եղել, քան ավելի էժան գնահատված սարքինն էր:
Դատարան դիմելով՝ քաղաքացին բարձրաձայնել է այս հարցը, որ սրտաբանական կենտրոնը գումար վերցրել է 10 տարի աշխատող սարքի համար, մինչդեռ ինքը պետք է վիրահատվեր: Դա նշանակում էր, որ հայցվոր Կաթրջյանի ներսում 10 տարվա խթանիչն աշխատելու փոխարեն, աշխատելու էր 6-7 տարի, ինքը ժամկետից շուրջ 3-4 տարի շուտ պետք է նորից վճարեր՝ նոր վիրահատության, նոր սարք տեղադրելու համար: Դա կազմել է 1.925.000 ՀՀ դրամ, որից 1 800 000-ը նա պետք է վճարեր 3-4 տարվա սրտի խթանիչ տեղադրելու համար, իսկ 125 000 դրամը՝ ժամանակավոր սրտի ռիթմը կարգավորող սարքի իմպլանտացիայի համար:

Դատարանը վճռել էր հօգուտ Կաթրջյանի բռնագանձել 6 370 000 դրամ գումար, հայցվորի կողմից ձեռք բերված դեղորայքի գումարն էլ հետը՝ 311 000 դրամը:

Ի դեպ, հօգուտ պաշտպանության նախարարության էլ դատարանը պետք է առիթմոլոգիական կենտրոնից բռնագանձեր 700 000 դրամի տարբերության գումարը, 6-7 տարվա երկխոռոչանի սարքերի եւ նախատեսված սարքի տարբերության գումարը:
Այս վճիռը չբողոքարկվեց, սակայն մինչ օրս ուժի մեջ էլ չի մտել:

Քաղաքացին դիմել է ԴԱՀԿ Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության կապիտան Ա. Ազիզյանին:

Կաթրջյանին ԴԱՀԿ տվյալ կառույցից պատասխանել են, թե «Կատարողական վարույթի շրջանակներում կատարվել են հարցումներ, անշարժ գույքի կադաստր, պետական ռեգիստր, դեպոզիտարիատ, հարկային, մաքսային, պետավտոտեսչության մարմիններին, բոլոր առեւտրային մարմիններին: Կատարողական գործողությունների ընթացքում պարտապանի անունով սեփականության իրավունքով գրանցված գույք եւ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել»:

Կատարողական գործողությունները շարունակվում են:
Կաթրջյանն ասում է, որ վճիռը չի կատարվում, քանի որ պատասխանող վիրաբույժը՝ կենտրոնի տնօրենը գտնվում է հետախուզման մեջ, նա բացակայում է հանրապետությունից:

Իսկ սրտաբանական կենտրոնն էլ չունի իր անվամբ որեւէ անշարժ գույք, հաշվեհամար, որի վրա գոնե արգելանք կիրառվեր:

«Ինձ վիրահատել եւ իմ մարմնում տեղադրել են սարք, որը աշխատել է մինչեւ 2008թ. օգոստոսի 6-ը: Իրականում նրա գործողությունների ժամկետը 12, 3 տարի է, որի համար համապատասխանաբար վճարել եմ:

Իսկ նախատեսված ծառայության ժամկետից՝ 12,3 տարուց ավելի քիչ՝ 4 տարի ծառայելու պատճառը, ինչպես պարզվել է վերջերս, վրոնշյալ սարքի արդեն իսկ մեկ անգամ օգտագործված լինելն էր, ինձ տեղադրվել էր ԱՄՆ-ում մահացած ԱՄՆ քաղաքացու սրտի սարք», -ասում է Հովհաննես Կաթրջյանը:

Ըստ նրա, նման ձեւով Ջամալյանը ԱՄՆ-ում մահացած մարդու սարք է տեղադրել նաեւ մեկ այլ քաղաքացու՝ Արտեմ Մելքումյանին: Դա տեղադրվել է 2007թ. նոյեմբերի 21-ին:
«2008թ.-ին Ս. Ջամալյանը տեղադրել է Philos Dr մոդելի թիվ 75975219 սրտի սարքը, որի գործողության ժամկետը ընդամենը 6 տարի է, այսինքն՝ այս տարվա հուլիս-օգոստոսին պետք է վիրահատվեմ, փոխեն սրտիս սարքը: Իրականում այն պետք է տեղադրվեր 10 տարի, գործարանային արտադրության երաշխիքներով, որի համար ես վճարել եմ»,-ասում է զրուցակիցս: Ի դեպ, զրուցակիցս մտադիր է դիմել միջազգային կառույցներին՝ բժշկի հարցով: Ըստ նրա, վիրաբույժի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որը բարեգործական նպատակներով ստացված գումարները ծախսել է ոչ թե անվճար վիրահատությունների համար, այլ հիվանդներին է վաճառել՝ հիվանդների մարմնում տեղադրելով օգտագործված սարքերը: Քրեական գործը գտնվում էր ՀՀ ոստիկանության քննչական վարչության քննիչների վարույթում, սակայն 7 ամսից ավելի է, ինչ, ըստ Կաթրջյանի, որեւէ գործողություն չի կատարվել, քննիչներն անգործության են մատնվել դեռ 2012թ. հոկտեմբերի 2-ից, երբ հարուցվել է քրեական գործը, քանի որ, ըստ նրանց, Ջամալյանը չի հայտնաբերվել:

Մեղադրյալի հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են սկսվել:

Տեղեկացանք, որ Հովհ. Կաթրջյանի գալիք վիրահատությունը պետպատվերի շրջանակներում չի լինի: Սա այն դեպքում, երբ 2-րդ կարգի հաշմանդամ Կաթրջյանը ստանում է 30 հազար 200 դրամ գումար, իսկ վիրահատությունն էլ 7000 դոլարին համարժեք դրամ է կազմում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930