Լրահոս
Օրվա լրահոսը

Միկոյանը հայաստանյան գործիչ չէր

Մայիս 05,2014 11:00

Այդ տեսանկյունից պետք է նայել նրա արձանը տեղադրել-չտեղադրելու հարցին
«Ինչո՞վ է առանձնապես Կրոմվելը տարբերվում Ստալինից, կարո՞ղ եք ինձ ասել: Ոչ մի բանով: Մեր քաղաքական վերնախավի լիբերալ հատվածի տեսանկյունից նա ճիշտ նույնպիսի արյունոտ բռնապետ էր: Ընդ որում` շատ նենգ կերպար էր, եւ մեծ Բրիտանիայի պատմության մեջ ոչ միանշանակ դեր էր խաղացել: Բայց նրա արձանը կանգնած է, եւ ոչ ոք այն չի քանդում»: Այդպես էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցած տարվա դեկտեմբերի 19-ին խոսում խորհրդային շրջանի գործիչների արձանների թեմայով: Նա առանձնապես չի ողջունում այդ գործիչներին նոր արձաններ կառուցելը, բայց դեմ է, որ եղածները քանդվեն:

Ստալինի եւ Կրոմվելի զուգահեռն առանձնապես հաջող չէ: Ավելի ճիշտ կլիներ անգլիացի հեղափոխականին համեմատել ռուս հեղափոխական Տրոցկու հետ, որին, որքան գիտեմ, Ռուսաստանում արձան չեն կանգնեցրել նույն Ստալինի ջանքերով: Մյուս կողմից՝ Կրոմվելը, արյունալի հեղափոխության միջոցով գալով իշխանության, այնուհետեւ զգաց դրա «կայֆը», դավաճանեց իր հանրապետական իդեալներին եւ դարձավ թագավորի նման մի բան: Այնպես որ՝ իսկական հեղափոխականների արձաններ աշխարհում չեն դրվում՝ սովորաբար քաղաքական գործիչներից դրվում են լավ եւ վատ գործեր արած իշխանավորների արձաններ:

Անաստաս Միկոյանը խորհրդային իշխանավոր էր: Անձնապես, որքան հասկանում եմ, նա դաժան բնավորություն չուներ, բայց ստալինյան տարիներին բարձր պաշտոններ զբաղեցնելով, նա խաղում էր այդ ռեժիմի կանոններով, այդ թվում նպաստում էր բոլոր ժողովուրդների, նաեւ հայերի նկատմամբ ռեպրեսիաներին, անմեղ մարդկանց զանգվածային գնդակահարությանը: Խրուշչովի ժամանակ նա իրեն դրսեւորեց որպես փայլուն դիվանագետ, հատկապես Կարիբյան ճգնաժամի ժամանակ:

Երբ ասվում է, որ Միկոյանի ոչ միանշանակ կենսագրության պատճառով նրա արձանը չի կարող կանգնեցվել Հայաստանում, դա ինձ համար փաստարկ չէ, որովհետեւ Դրոն, Անդրանիկը կամ Նժդեհը նույնպես իրենց կենսագրություններում ունեցել են «սեւ խոռոչներ»: Բայց նրանց գործունեությունը կապված է Հայաստանի, մեր երկրի պատմության հետ, եւ չնայած իրենց ոչ միանշանակ դերին, նրանք արժանի են արձանների Հայաստանում: Նույնը, ի դեպ, կարելի է ասել Խորհրդային Հայաստանի ղեկավարների, առաջին հերթին՝ Քոչինյանի եւ Դեմիրճյանի մասին:

Անաստաս Միկոյանը մեր ազգային գործիչը չէ, նա ազգությամբ հայ խորհրդային պետական գործիչ է: Եթե Երեւանում լիներ նրա արձանը, այն, բնականաբար, պետք չէր քանդել: Դնել նորը… չգիտեմ, առանձնապես իմաստ չեմ տեսնում, բայց մեծ աղմուկ բարձրացնելը նույնպես այնքան էլ տրամաբանական չէ: Ես, համենայնդեպս, նրա արձանին ծաղիկներ չեմ դնի:

Նույն ասուլիսում Պուտինը, զարգացնելով արձանների թեման, ասել է, որ պատմության նկատմամբ պետք է նրբանկատ լինել, բայց, մյուս կողմից, այդ պատմության միջոցով չբորբոքել մարդկանց կրքերը: Տվյալ հարցում Ռուսաստանի նախագահն իրավացի է:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. zaven says:

    Իսկական ամօթ է նման անձի մը արձան կանգնել հայրենի հողին վրայ երբ գլխաւոր գործակիցներէն մին եղած է մարդկութեան մեծագոյն հրէշներ` Ստալինի,Պերիայի,Լենինի,եւ համայն այն համակարգին որ
    միլիոնաւոր անմեղներու սպանութեան հեղինակներն հնդիսացան ,եւ ոչ իսկ յաջողած է 275.000 հայ զոհուած զինուրներու պարագան շահարկել` թիզ մը հողամաս աւելցնելու Հայաստանի տարածքին։
    Հէյտար Ալիեւը այդ ուղղութեամբ ահագին նպաստներ շահած է իր երկրին համար ,,,
    Ամօթ է մեզի նման յիմարաբանութիւններով ժամանակ անցնել երբ անհամար հրատապ հարցեր ունինք առջեւնիս։ Մեր դրածոյ իշխանաւորները լաւ կ`ընեն օգտակար ներդրումներով զբաղին մի քիչ իրենց անօրէնութիւնը մոռցնել տալու բազմաչարչար ժողովուրդին։

  2. Սեպուհ says:

    Ի դեպ, Միկոյանն, այնուամենայնիվ, որոշ կապ Հայաստանի հետ ունեցել է:
    Խորհրդային ժամանակներում մեր զգուշավոր պատմաբանները կամավորական շարժման և Անդրանիկի մասին հիշատակելուց վկայակոչում էին Միկոյանի կապակցությունը` նրան անգամ 1917-18թթ. դարձնելով Անդրանիկի զորամասի զինվոր: Հիմա դրա մասին, անշուշտ, ձեռնտու չի հիշել, քանի որ Միկոյանն ընդամենը փորձել է կյանքի կոչել բոլշևիկյան ծրագրերը` ոչ իմպերիալիստական պատերազմին, բոլորս դեպի տուն… Այսինքն, Միկոյանը եղել է քայքայիչ գործողությունների առաջադրանքով հայոց կամավորական ուժեր ներթափանցած լրտես:
    Դե, դրանից հետո աշխարհը փոխելն ու փրկելը դյուրին գործ է:

  3. Մարիամ says:

    Միկոյանի մասին իմ ունեցած գիտելքիներով չեմ փայլում, առավել ևս չեմ կարող քննադատել կամ մեծարել: Բայց աշխարհի որ ծայրում էլ խոսես Կարիբյան ճգնաժամի մասին որևէ հայի ներկայությամբ, միանգամից կնշեն, որ Միկոյանը հայ էր, բայց օրինակ Ստալինի հայ լինելու փաստը երբեք չեն նշում:
    Եթե անհրաժեշտության դեպքում գլուխ ենք գովում, որ Միկոյանը հայ էր և կարևորում ենք նրա դերակատարությունը Կարիբյան ճգնաժամում, ինչու՞ ենք արձան կանգնեցնելուն ընդդիմանում:
    Նույն տրամաբանությամբ, խորհրդային ռեժիմում աշխատած բոլոր քաղաքական գործիչներն իրենց չափով նպաստել են այդ ռեժիմի անօրենությունների իրականացմանը: Ինչու՞ բոլորին չենք քննադատում:

  4. Ռուբեն Պարսամյան says:

    Հայաստանի ներկայիս աբսուրդ սահմանները ձեվավորվել են քեմալականների եվ բոլշեվիկների համագործակցության արդյունքում,ապա խուզվել Անդրֆեդերացիայի շրջանում 30.4հազար ք.կմ-ից կրճատվելով մինչեվ 29.8:Միկոյանը այդ բոլոր գործընթացների կենտրոնում էր,Բաքվի Արեվելքի ժողովուրդների համագումարի մասնակիցը,համագումար, որի որոշումները օգնեցին քեմալականներին կուլ տալու ՀՀ տարածքի կեսը,օգնեցին նաեվ ճանապարհ բացելու դեպի Մոսկվայի 1921թ մարտի 16-ի տխրահռչակ պայմանագիրը; Ինչ վերաբերում է Դրոյի,Անդրանիկի ու Նժդեհի կենսագրությունների հետ զուգահեռ անցկացնելուն,ապա ըստ իս անհիմն է եվ անհաջող;Նշված անձինք իսկապես ազգային գործիչներ են հայության խնդիրների լուծումը նրանց ողջ կյանքի իմաստն է եղել:Ոչ մեկ այլ գաղափարի,վերազգային կառույցի Միկոյանի պես նրանք չեն ծառայել:Այո,Միկոյան Անաստասը հայաստանյան գործիչ չէ,իսկ Անտոն Քոչինյանն ու Յակով Զարոբյանը պետք է դիտարկվեն նաեվ ազգայինի որականիշի տակ:

  5. zaven says:

    Մարիամին ըսածներուն մէջ կապ չեմ տեսներ ։ Թող Կարիպեան կղզիներու մէջ զետեղեն իր արձանը։
    Յանկարծ ինչ պատահեցաւ որ մերոնք առաւօտ մը արթնցան,,,կը թուի թէ Միկոյեանը քուներնին խանգարած էր ,Զտարիւն կոմունիստ գործիչ մըն էր ,որ ով գիտէ քանի դիակի վրայէն անցած է իր մորթը ողջ պահելու համար։ Ի սէր Աստուծոյ ամէն օր գլուխ քերելով նոր հաւկիթ մի ածէք։Հայաստանը հազարումէկ մարտահրաւէրներու առջեւ կը գտնուի, օգնենք անոնց լուծում գտնելու։Չեմ կարծեր որ մեր –նորընտիր–
    կառավարութիւնը ի վիճակի է յուշարձաններէ զատ ուրիշ նորութիւն բերելու`անոնք քիլոմեթրներով հեռու են ազգային մտահոգութիւններէ,կը մտածեն թէ ինչպէս կրնան Վարդան Պետրոսեանէն ՎՐԷԺ ԼՈՒԾԵԼ
    կամ ՍԵՒԱՆԸ ԴԱՏԱՐԿԵԼ իբր թէ հողագործին վիճակը զիրենք անքուն կը պահէ։
    Որ ունիցի ականջս լսելոյ`լուիցէ։

  6. Արմեն says:

    Միկոյանը այն գործիչներից էր, ով քաջատեղյակ էր դաշնակ – բաշիբոզուկների արարքներից: Այն, որ շնորհիվ դաշնակների մենք կորցրեցինք Հայաստան երկրի մի մասը, և հետևաբար, կարծում եմ, որ ոչ թե 1500 կամ 2000, այլ բոլոր դաշնակցականներին պետք էր կախաղան հանել:

    …դաշնակներ…
    Ագուլիսցի զոկ քրիստափոր միքայելյանի ստեղծած ռուս նարոդնիկների հայկական տարբերակը իսկական պատուհաս դարձավ մեր գլխին:Չեմ կարծում կարիք կա խորանալու թե ինչ արմատներ ունեին այդ պատուհասները, և սերում էին արդյոք ինչ-ինչ կրոնաբարոյական հոսանքների կամ օթյակների թե ոչ, ունեին նույն տերերը ինչ երիտթուրքերը թե ոչ: Չարժե, հաստատ նույնիսկ հիշատակել, չարժե…

    Ի դեպ հիմնադիրներից ստեփան զորյանը նույնպես Գողթնի Ցղնա գյուղից էր, որտեղ ապրում էին զոկերը: Հիմա թե զոկերը դրանք հայեր են թե ոչ, դա էլ կարծում եմ չարժե քննարկել… Չնայած Աստված գիտե զոկերի հարցում հավատաս Րաֆֆուն թե Կոմիտասին… բանահավաք Սողոմ Գևորգի Սողոմոնյանը նույն ինքը Կոմիտասը կենսագրականում գրել է. «Հորս ու մորս ազգատոհմն ի բնե ձայնեղ է…Սողոմոնյաններն ու քյոթահիացի հայ հին ընտանիքները ու քյոթահիացի հայ հին ընտանիքները հայկական զոկ ցեղիղն են և գաղթել են XVII դարու վերջում Գողթն գավառի Յղնա գյուղից», իսկ ահա Րաֆֆին տարբերակում էր ելնելով ֆիզիոլոգիայից` զոկերին անվանելով գնչու կամ ցիգաններ:

    …Միկոյան…
    Հարգելի մարդիկ, հայ մարդիկ, եթե չլինեին Միկոյանները և նրա նման հայրենասեր մարդիկ, հիմա չէինք ունենա էս մի կտոր հողը. Եվ քանի որ, այդ մարդիկ, գիտեին թե ինչի են ընդունակ դաշնակները, և ինչ արեցին հայ ժողովրդի գլխին, նրանք հետևողական էին, և մտացում էին, որ -վիրուսային կուսակցության նույնիսկ մեկ անդամ կարող է համաճարակ տարածել նորանկախ Հայաստանում, և հետևաբար, այո … расстрелять 700 человек из дашнаков и прочих антисоветских элементов.

    Էնպես որ հարգելի մարդիկ – “կարճամետրաժ” ուղեղներով չարժե դատել մի մարդու, ում ոտի տակի հողը չարժեք: Կար ժամանակ երբ ազգովի փնովում էիք դաշնակ, դրո, նժդեհ … ծանրակշիռ գիտնականները բերում էին բավականին ծանրակշիռ փաստեր.

  7. Հրանտ Պապիկյան says:

    Ուշադիր կարդացի բոլորիդ մտքերը… ահավոր վիճակ է…
    Մարիամից բացի, բոլորդ էլ ոնց որ թե լավ չեք….

  8. Սեպուհ says:

    Յա… էս ոնց որ “յավաշ” հետ եք գալիս, ընկերներ,
    էլի “Կարսի գարնիզոն մեկնող ընկերներին” ուղղված “հույժ գաղտնի” նամակներ եք գրելու, երևի:
    “Դաշնակ”-ից բացի նոր պիտակներ էլ եք հասցրել ցրցամ տալ` “զոկ”, “օթյակ”…
    Երևում է` տեղում չեք դոփել:
    Պարոնայք “առավոտականներ”, էստեղ արդեն “քաղաքակիրթ բանավեճը” ավարտվեց,
    դադարեք տեղ տալ վայրահաչությանը:

  9. Արտաշես Բոյաջյան says:

    Ճիշտ եք Միկոյանը հայաստանյան գործիչ չեր, նա համաշխարհային մակարդակի գործիչ էր:

  10. Հարություն says:

    Նորից ու նորից հանդիպեցի հայկական հոգեբանության:Շարունակվում է մեր մեծերի մասին վատ մեկնաբանությունները:Միկոյան եղբայրները ահռելի ներդրում ունեն հայերիս համար,մի մոռացեք նրանց արածի մասին հարգելիներս:Ուղակի այցելեք նրանց ծննդավայր և տեղեկություններ իմացեք նրանց համագյուղացինեերից(Լոռու մարզ,գյուղ Սանահին):Միկոյանը չէր կարող գտնվել այդպիսի մարդկանց այդքան մոտ և ոչ մի զիջման կամ զոհաբերության չգնալ:Ամեն մարդ մեկնաբանություն գրելուց առաջ թող 1 րոպե մտածի թե ինքն ինչ ունի արած հայ ազգի համար նոր անհիմն հայտարարություններ անի:Միգուցե Միկոյանի շնորհիվ ենք շատ բաների հասել:Հիշենք նրա եղբորը,նրա ներդրումը Հայրենականին:Մի գրեք ուղղակի գրելու համար…

  11. Սեպուհ says:

    Ազգը բթացնելու համար հարկավոր են առասպելներ ու կեղծ հերոսներ, դրանք բոլորն էլ ստացել եք:
    Մի մոռացեք, որ Միկոյանը կանգնած էր Հայաստանի անկախությունը վերացնելու ակունքներում: Նաև նրա ջանքներով Հայաստանն` անգամ սովետականացած, մասնատվեց ու մեր կենսական հայաբնակ տարածքներով հանձնվեց հարևաններին: Ու դրանց համար պայքարը կամ վերջին հաղթանակների ամրագրումը դեռ չի ավարտվել:
    Դե հիմա հաշվեք, թե քանի տասնամյակով եք հետ ընկել:
    Իսկ Կարիբյան ճգնաժամի հաղթահարման պատմության մեջ Միկոյանով խցկվել պետք չի: Գերպետություններն իրենց գաղտնի շփումների ուղիներ էլ ունեին, ու հիմա մի քանի ռուս ու 1-2 ամերիկացի բացառապես իրենց են վերագրում հաղթահարման անդրկուլիսային խաղերը` ԽՍՀՄ դեսպանատան դեսպանից, աշխատակիցներից սկսած ու Քենեդու մերձավոր լրագրողով վերջացրած: Իրենց պետք էր, ու լեզու գտան: Էս պատմությունն ուղղակի շրջանառվում է ազգային սնապարծությանն հագուրդ տալու համար:
    “Միգուցե Միկոյանի շնորհիվ ենք շատ բաների հասել”…
    Հաստատ շատ բաների եք հասել: Սանահինում էլ “համաշխարհային գործչի” թանգարան ունեք:
    Պաշտեք էս տեսակը ու նորերը կունենաք, ովքեր աշխարհին կտան գերձայնային ինքնաթիռ ու Ստաս Նամին: Բայց ձեզ ինչ դրանից, Սանահինը հո չեք թողնելու:
    “Միկոյանը հայ էր, բայց օրինակ Ստալինի հայ լինելու փաստը երբեք չեն նշում”…
    Էս դեպքում բարի եղեք հերթ կանգնել ռուսներից, վրացիներից ու օսերից հետո:
    Ու մի մոռացեք Աբդուլ Համիդ 2-րդին:

  12. Հարություն says:

    Ես ինքս դեմ եմ անձի պաշտամունքին և անձանց չեմ պաշտում:Հայերից շատերին մեր անկախությունը և ԽՍՀՄ փլուզումը պետք էր որ իրենց <>ն ազատ արտահայտեն:Եթե ես ներկա լինեի Միկոյանի գոնե մի արած վատ քայլի ժամանակ կարող էի պնդել որ նա վատն է եղել մեզ համար,բայց ինքնախափեություն եմ համարում պատմության վրա հիմնվելն ու չտեսածի մասին այդքան պնդել:Ես չեմ ասում որ նա եղել է հայերի <>,բայց պնդել հակառակը և իմ կարծիքն ուրիշի վզին փաթաթել չեմ կարող:
    ՈՒղղակի այդ <> եկեք տանք դիրք և իշխանություն և ուղղակի կողքից նայենք…

  13. Սեպուհ says:

    “…ինքնախափեություն եմ համարում պատմության վրա հիմնվելն ու չտեսածի մասին այդքան պնդել”
    Մենք էլ գիտենք, թե մենակ Էրդողանն է էսպես բաներ ասում:
    Հարություն, հիմա եթե դու անձամբ ներկա չես եղել ու քեզ չեն սպանել, ուրեմն 1915թ. կամ Սումգայիթ չի եղել:

  14. Հարություն says:

    Ես գրել եմ այն մարդկանց համար, ովքեր կհասկանան,իսկ դուք ինքներդ համեմատվեք էրդողանի հետ ու մի փորձեք վիրավորել մարդկանց:Ձեր կարծիքն ինձ համար արժեք չունի,մի փորցեք ձեր կարծիքը մարդկանց թելադրել ու իմ գրածը քննադատել հարգելի Սեպուհ:Ես ձեզ հարցնում եմ ինչ ունեք արած հայ ազգի համար,որ այդքան ամպագոռգոռ հայտարարություններ եք անում:Ասեմ որ ձեր գրածը ուշադրության է արժանացել և ձեր առաքելությունն ավարտված համարեք:

  15. Armine G says:

    Եթե նույնիսկ վատություններ արած չլիներ, մեռած-գնացած մարդու արձանի փոխարեն այդ ծախսերը տրամադրեք մի քանի աղքատ ընտանիքների, որ այսօր իրենց զավակներին կերակրեն: Դա կլինի իսկական հայրենասիրություն: Այլ ոչ թե նոր արձանի ատկատներով հարստացրեք ձեր զավակների մեքենաների հավաքածուն:

  16. Maxim says:

    Միկոյանի արձանը կանգնեցնելը՝ միանշանակ բնորոշում է երկրում գոյություն ունեցող բոլշևիկյան հայացքների, գաղափարների, և իհարկե հանցանքների վերարտարություն, և արդարացում։ Ինձ բախտ է վիճակվել 1993թ.ին հանդիպել նրա որդու, ՍՍՀՄ հերոս օդաչու- փորձարկիչ՝ Ստեփանի հետ, Մոսկվայում՝ ,,МОЛНИЯ,, գործարանում հիմնված գիտահետազոտական բաժնում։ Երբ խոսեցինք տիրող խառը ժամանակների մասին, նա ինչպես ասում են՝ բացվեց և մի քանի նախադասությամբ ասաց, – խառը ժամանակներ չեք տեսել, և աստված չանի տեսնեք, երբ ամեն մի չնչին բանի համար կարող էիր ողջ ազգովի ոչնչանալ։ Եվ այդ սարսափը կարծես մինչ տվյալ պահը իր մեջ էր։
    Կար հեռուստահաղորդաշար՝ ,,КРЕМЛЁВСКИЕ ЛЮДИ,, որոնցից մեկը՝ Միկոյանի ընտանիքի մասին էր, որտեղից իմ հիշողությունից չի ջնջվում մի դրվագ, որտեղ խոսվում էր Ստեփանի եղբոր՝ Սեգոյի պսակադրության օրվա մասին, որի ընտրյալը՝ ,,եթե իհարկե ընտրողը Սերգոն էր,, Լենինգրադի կուսակցության առաջին քարտուղար ԿՈՒԶՆԵՑՈՎ-ի դուստրն էր։ Միկոյանի խնդրանքով, այդ օրվա ԿՈՒԶՆԵՑՈՎ-ի ձերբակալումը շինծու մեղադրանքով, հետաձգվել էր այդ արարողության համար։ Սակայն բոլոր խնջույքի մասնակիցնեը, բացի երիտասարդներից տեղյակ են եղել։ Իսկ ԿՈՒԶՆԵՑՈՎ-ը մղձավանջային վիճակում, մեկը մյուսի ետևից միայն ծխել է։ Իսկ Միկոյանը այնպես է իրեն պահել, կարծես թե ինքը չի եղել այդ մեղադրողների խմբում։ Իհարկե այդ օրը ԿՈՒԶՆԵԾՈՎ-ի վերջին կամ նախավերջին որն է լինում, ինչ նրան տեսնում են, իսկ դուստրը իմանալուն պես՝ հենց նույն օրը իրերը հավաքում և ընդմիշտ հեռանում՝ այդ ընտանիքից։ Ինձ համար խիստ զարմանալի է, երբ մարդիկ քննարկում են՝ Միկոյանի արձանը պետք է դնել թե՛ ոչ։ Չկա՞ արդյոք ավելի արժանին, որի արձանը ավելի արժանի կլինի դնել, քան որևէ մեկինը՝ օինակ ՄՈՆԹԵ-ի արձանը, բայց չի դրվում, քանի որ նրա գաղափարախոսությունը այլ է՝ համեմատած Միկոյանի արձանի տեղադրողների հետ։
    Անցած տարի, որպես ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ աջակից, կամ համակիր մասնակցել եմ նրա միջոցառումներին։ ,,Կարծում եմ որ այս տարի նույնպես կմասնակցեմ,,։ Ցույցերի ժամանակ միշտ ձեռքիս էր հայկական դրոշը։ Հերթական ցույցի ժամանակ, երբ փողոցները պտտվելով նորից վերադարձանք ազատության հրապարակ, հասակով մեծերս որոշեցինք սուրճ խմել և մի փոքր հանգստանալ, իսկ դրոշով հարմար չէր, ուստի Աշոտին ,,մեր բոլոր ցույցերի մասնակից՝ մորուգավորին,, խնդրեցի դրոշը տեղ հասցնի, ինչը որ նա սիրով կատարել էր։ Հաջորդ օրը երբ ինձ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ հանդիպեց Ժիրայր Սեֆիլյանը, որի աչքից ընդհանրապես ոչինչ չի վրիպում, շատ ազդեցիկ ասաց ընդհամենը մի նախադասություն,՝ -Հայկական դրոշը եթե քեզ վստահել են, ապա պետք է տեղ հասցնես ամեն գնով։ Ինձ որևէ արդարանալու բան չէր մնացել, բացի լռելուց։ Սակայն այսօր համացանցում տարածված նկարները ցույց են տալիս, թե ինչպես Հայաստանի ոստիկանները, ցուցարարների ձեռքից խլած Հայաստանի դրոշները ինչպես են նետում աղբամանները։ Ես տասնյակ երկրներում եմ տեսել ցույցեր, բայց դրոշին նման վերաբերմունք երբեք։
    Եվ այսօր Ժիրայր Սեֆիլյանին ուզում են երկրից արտաքսել, որի կենսագրությունը գալիք սերունդների դաստիարակման կենդանի ուղղեցույց է։
    Մի՞ թե՛ այս ամենը ազգի բարոյալքման հստակ մշակված ծրագիր չէ։
    Էստոնիայի երկրորդ նախագահ՝ Լեյնարդ Մերրին, որը մոտ 15 տարի մեզ հետ չէ, ուներ տարբեր ասածվածքներ, որոնք մինչ օրս հիշվում են։ Դրանցից մեկը՝ հենց բարոյականության մասին էր,
    -մարդը, ընտանիքը, պետությունը նախ մեռնում է բարոյապես, ապա ոչնչանում՝ ֆիզիկապես։

    • Եթե says:

      Ես վախենում եմ արձաններից…..
      Ես վախենում էի նաև այդ արձանների սովետական շրջանի կենդանի կերպարներից…
      Բացառություն-միգուցե Առնո Բաբաջանյանը և իր արձանը

  17. Ռուբեն Պարսամյան says:

    Միկոյանի հարազատ Սանահինը Հայաստան է Շնորհիվ Դրոյի 1918թ դեկտեմբերյան մարտերի,այնպես,ինչպես Զանգեզուրը Շնորհիվ մյուս մեծ հայի՜ Գարեգին Նժդեհի:Նրանք իրենց ողջ կյանքը դրեցին հայության վերածնության զոհասեղանին:Իսկ Անաստաս Միկոյանի համար այդ 1918-ի բախտորոշ ժամանակներից սկսած կային միմիայն,, համաշխարհային հեղափոխություն,, եվ պրոլետարական ինտերնացիոնալիզմի ապազգային,ուրիշի ջրաղացին ծառայող գաղափարներ:Միկոյանից շատ առաջ էլ ռուսաստանյան էլիտայում կար վարչապետ Լոռիս-Մելիքով,նրա արձանն ինչու ՞ չեն կանգնեցնում,ժառանգներ չունի՞,ինչ է…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031