Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը շինհրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ

Մայիս 05,2014 17:06

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ ամենօրյա հսկողությունը: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շինարարական հրապարակների կազմակերպման անհրաժեշտ պայմաններ ապահովելու վերաբերյալ կառուցապատող շուրջ 100 կազմակերպության գրավոր նախազգուշացումներ են ուղարկվել: Բացի այդ, թերացողների նկատմամբ կազմվել է 18 արձանագրություն: Հանձնարարվել է ձևավորել համապատասխան աշխատանքային խմբեր և առավել ուժեղացնել իրականացվող հսկողությունը:

«Վերջին երկու տարիների ընթացում մայրաքաղաքում ձևավորված նոր մշակույթի համաձայն՝ շինհրապարակները սահմանազատվում են պաստառներով: Այս մոտեցումը պետք է կիրառվի թե՛ մեծ և թե՛ փոքր մասշտաբի շինարարությունների դեպքում, ընդ որում՝ ոչ թե ձևական բնույթ պիտի կրի, այլ լիարժեք ծառայի իր նպատակին: Այսինքն, խոշոր շինհրապարակը պետք է սահմանազատվի ոչ թե փոքր պաստառապատնեշով, որն, ըստ էության, չենք կարող սահմանազատում համարել, այլ խոշոր պաստառաշերտով, ինչպիսիք կիրառում են մեր որոշ բարեխիղճ կառուցապատողներ: Սա կարևոր է ինչպես քաղաքացիների անվտանգության ու մայրաքաղաքի արտաքին տեսքի ապահովման, այնպես էլ էկոլոգիական տեսանկյունից: Սույն նորմի պահպանումը պետք է դառնա պարտադիր պայման նաև շինթույլտվություններ տրամադրելիս»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել խոտորեն վերահսկել շինհրապարակների կազմակերպման նորմերի պահպանման գործընթացը:

Զեկուցվել է, որ շարունակվում է սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից մաքրելու և բարեկարգելու ուղղությամբ հսկողությունը: Հանձնարարվել է անբարեխիղճ վարձակալների նկատմամբ նախաձեռնել համապատասխան գործընթաց և օրենքով սահմանված կարգով հետ վերադարձնել ժամանակին վարձակալության տրամադրված տարածքները:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ կապալառու կազմակերպությունների միջոցների հաշվին մայրաքաղաքում շարունակվում են փոսալցման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչև փողոցների հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը իրականացնել ոչ միայն կենտրոնական, այլև երկրորդական և երրորդական փողոցների փոսալցումն ու ճաքալցումը:

Սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված՝ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը զեկուցել է, որ սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը գերազանցել է 100 տոկոս ցուցանիշը: Ընդ որում, վարչական շրջանների մասով, բացառությամբ Կենտրոն վարչական շրջանի, մյուս բոլոր վարչական շրջաններն ապահովել են հավաքագրման 100 տոկոսը:

«10 տարվա ընթացքում առաջին անգամ է, երբ տարեսկզբից սկսած 4 ամիս անընդմեջ սեփական եկամուտների հավաքագրման մասով բյուջեի կատարողականն անցնում է 100 տոկոսի շեմը: Սա կարևոր ձեռքբերում է, և մինչև տարեվերջ պետք է շարունակենք հետևողական աշխատանք տանել՝ տարին լավագույն ցուցանիշով ավարտելու համար: Բայցև մտահոգիչ է, որ մեկ վարչական շրջան չի կարողանում կատարել իր առջև դրված խնդիրը: Պետք է լինել ավելի խիստ և պահանջկոտ: Ընդամենը մեկ ամսից կիսամյակ ենք ամփոփելու, ուստի պետք է հետևություններ անեք և անհրաժեշտության դեպքում նախաձեռնեք համապատասխան փոփոխություններ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ամռան ամիսներին չեն գործելու, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքել է և ընդգծել, որ այդ տեղեկությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և որ բոլոր մանկապարտեզները շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը: Քաղաքապետը միաժամանակ հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել մանկապարտեզներում ավարտական հանդեսների շրջանակում ավարտական խմբերի սաներին պայուսակների և գրենական պիտույքների տրամադրման գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի շրջանակում բուժհաստատություններ դիմած և նախապես վիրահատության ուղեգրված բոլոր կանանց ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն և, ըստ այդմ, գործընթացն ամբողջությամբ ավարտվել է:

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ վարչական բոլոր շրջաններում խոտհունձ է կատարվում: Զուգահեռաբար քաղաքային ջերմատնից ծաղկապատման համար նախատեսված տարածքներ են տեղափոխվում ծաղկասածիլները: Ընթացքի մեջ է և մինչև մայիսի վերջ կշարունակվի նաև վարդերի թփերի տեղադրումը: Մինչև հունիսի երկրորդ կեսն էլ կշարունակվեն ծառերի բուժման աշխատանքները:
Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում գրանցվել է ապօրինի ծառահատման մեկ դեպք, որի մասով վարչական շրջանի կանաչապատման ձեռնարկության աշխատակիցների կողմից տեղում կազմվել է համապատասխան արձանագրություն, իսկ գործի առնչությամբ նյութերն ուղարկվել են Երևան քաղաքի դատախազություն:
Փողոցների, զբոսայգիների և այլ տարածքների մաքրման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է կազմակերպել շաբաթօրյակներ՝ ներգրավելով քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների աշխատակիցներին:

Հանձնարարվել է գույքագրել նաև մայթերին առկա աղբամաններն ու, ըստ անհրաժեշտության, լրացնել դրանց քանակը նոր աղբամաններով:
Քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպվող քաղաքացիների ընդունելությունների ընթացքում բարձրացված հարցերին և դրանց տրված պատասխաններին անդրադառնալով՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը զեկուցել է, որ ապրիլ ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ իրականացվել է 578 քաղաքացու ընդունելություն: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել են դրական լուծումներ, 79 հարց ընթացքի մեջ է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բնակիչների հետ նաև հետադարձ կապ ապահովել:
«Քաղաքապետարանում, ինչպես նաև վարչական շրջաններում կազմակերպվող ընդունելությունների եկած անձանց հետ անհրաժեշտ է նաև հետադարձ կապ ապահովել, որպեսզի կարողանանք գնահատել, թե որքան են բնակիչները գոհ ընդունելության արդյունքից և բարձրացված այս կամ այն հարցի լուծումից: Նման աշխատակարգի կիրառումը մեծապես կնպաստի ընդունելություններն առավել արդյունավետ դարձնելուն և մեր համաքաղաքացիների հետ կապն առավել ամրապնդելուն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մայիսյան եռատոնի կապակցությամբ քաղաքապետը հանձնարարել է վարչական բոլոր շրջաններում կազմակերպել և անցկացնել տոնական միջոցառումներ:
Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մայրաքաղաքում կանցկացվի «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիրը, որը կմեկնարկի հունիսի 1-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը: Այդ նպատակով քաղաքապետը հանձնարարել է կազմել միջոցառումների հստակ ծրագիր և ժամանակացույց:

Հանձնարարվել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031