Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենից բան չներկայացնողին նշանակում են գիտական կառույցի ղեկավար, ու սա սկսում է ջնջել գիտնականներին» (Տեսանյութ)

Մայիս 13,2014 16:32

«Արտագաղթի պատճառը մեկ ֆակտոր չէ, դա բարոյահոգեբանական խնդիր է: Հայերի ենթագիտակցության մեջ, եւ ընդհանրապես, հայերին բնորոշ է գաղթը, որովհետեւ խորհրդային տարիներին գնում էին ֆինանսապես ապահովված մարդիկ, փախչում էին, ո՞ւր, մենք էլ չգիտենք: Ենթագիտակցորեն վտանգ կա մեր մեջ, ուզում ենք փախչել այստեղից, մեր մեջ կա վտանգի, վնասի չգիտակցված ինչ-որ զգացում, երբ կյանքի պայմաններում դա մի քիչ սկսում է սրանալ, մարդ ավելի ակտիվանում է եւ տրվում է գաղթին»,-ասաց հոգեթերապեւտ Արմեն Ներսիսյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք արտագաղթի հիմնական պատճառը հոգեբանակա՞ն գործոնն է:

 


Իսկ հոգեբան Սամվել Խուդոյանն էլ ասաց, որ արտագաղթի պատճառն, իհարկե, նաեւ սոցիալական խնդիրներն են, սակայն սոցիալական, կամ այսպես ասած` կուշտ ստամոքսի համար արտագաղթում է հիմնականում ոչ ինտելեկտուալ զանգվածը:

«Ուղղակի մենք չպետք է մեկ տեսանկյունից դիտարկենք. մարդու հետ կատարվող որեւէ բանը, որ փորձում է լքել այս երկիրը, մի շարք պատճառներ ունեն: Օրինակ` մարդն աշխատանք չունի, դրսից բարեկամ, հարազատ, ծանոթ կանչում են, ասում են` արի այստեղ մի գործ կգտնես: Բայց նաեւ հոգեբանականն է մեծ դեր խաղում, նաեւ` վիրավորանքը, անարդարության զգացողությունը, բոլորը հոգեբանական պայմաններ են ստեղծում, որ մարդիկ թքեն ու հեռանան: Որովհետեւ հաճախ կայացած այնպիսի մարդիկ են հեռանում, որոնց չեն գնահատում, մարդը ճանաչված գիտնական է, ամբողջ աշխարհը ճանաչում է, այստեղ բանի տեղ չեն դնում, բա կթողնի կգնա: Հայ բժիշկները շատ բարձր մակարդակ ունեն, բայց թողնում, գնում են»:
Մեր այն հարցին, արդյոք լավագույն մասնագետները հիմնականում ոչ համարժեք վարձատրության պատճառով են հեռանում, պարոն Խուդոյանն ասաց. «Տեսեք, եթե մարդն իրենից բացարձակ բան չի ներկայացնում, գիտության հետ որեւէ կապ չունի, բայց նրան են կազմակերպված ձեւով նշանակում գիտական կառույցի ղեկավար, ու սա սկսում է ջնջել այդ գիտնականներին, գիտնականն էլ ասում է` էս ի՞նչ եք անում: Եւ ահա այս տեսակ հիասթափությունները մեծ դեր են խաղում հատկապես ինտելեկտուալ մասսայի համար: Մարդիկ տեսնում են, որ ամենավարկաբեկված մարդը ամենաբարձր պաշտոններն է զբաղեցնում»:

Մանրամասն` տեսանյութում

Բացի այս, պարոն Խուդոյանը նաեւ նկատեց, որ հայ ազգի մի հատվածի մոտ
նստած է բացասական, ինչպես հոգեբանն ասաց` մի հիմար արտահայտություն` «Որտեղ հաց` այնտեղ կաց». «Եւ հարմար պահին այդ սկզբունքը օգտագործում են: Արտագաղթի կարեւորագույն պատճառներից մեկը հայրենասիրության պակասն է»:
Հոգեբանների կարծիքով, իշխանությունները թյուր պատկերացում ունեն հոգեբանական ներգործության միջոցների մասին: Եւ եթե ամբողջ աշխարհում, նույնիսկ հարեւան Թուրքիայում, պետական ապարատի կողմից լրջագույնս օգտագործվում են հոգեբանական ազդեցության մեխանիզմները, ապա մեր իշխանական ապարատում, նույնիսկ մերժել են պետական հոգեբանական նման ինստիտուտ ստեղծելը: Մինչդեռ, ինչպես պարոն Խուդոյանը նշեց, եւ նույնիսկ հուշեց իշխանություններին, հոգեբանների միջոցով եւ հոգեբանական ազդեցության գործիքներով կարելի է իշխանության նկատմամբ վստահությունը բարձրացնել հասարակության շրջանում, այդ հոգեբանական միջոցներով կարելի է ազդել ամեն ինչի վրա ու փոխել ամեն ինչ. «Այնպես, ինչպես զենքերն են թաքնված արտադրվում, այնպես էլ այս տեխնոլոգիաները օգտագործվում են, կարելի է ընտրությունների ժամանակ հեղինակություն բարձրացնել այդ տեխնոլոգիաներով, կարելի է հայրենասիրություն սերմանել եւ այլն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031