Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդները՝ Գագիկ Բեգլարյանին. «Ուզում ենք, որ դեղին համարանիշները մնան»

Մայիս 16,2014 16:39

«Ովքեր չեն տարբերվում, թող վերցնեն այդ կպչունը եւ տարբերվեն: Մենք ունենք արդեն դեղին համարներ եւ տարբերվում ենք: Ինչի՞ համար վերցնենք: Ծախս ենք արել դրա համար: Ես նորից այս 1 տարվա համար լիցենզիան մուծել եմ: Ուրեմն իմ գումարը գնա կորի՞: Երբ որ մեքենաս կփոխեմ, դիմում կգրեմ, որ խնդրում եմ դեղին համարը փոխել այս մյուս մեքենայի վրա: Դա անհնարի՞ն բան է: Հիմա դուք ավտոմատ կերպով թանկացնում եք մեր հարկը: Ես չեմ ուզում սպիտակ համարով աշխատել»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում դեղին պետհամարանիշներով տաքսի ծառայություն իրականացնող վարորդները այսպիսի հարց ուղղեցին տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչներին:

Նրանք չեն ուզում ինքնակպչուն ներդիրներ փակցնել մեքենաների վրա եւ դրա համար վճարել 12 հազար դրամ, քանի որ գտնում են, որ արդեն հաշվառվել են որպես տաքսի եւ դեղին պետհամարանիշներ են ձեռք բերել:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքերով՝ «2012-ի հունիսի 1-ից 10 տարեկան չափանիշը հանվեց, որ մինչեւ 10 տարեկան ավտոտրանսպորտային միջոցները պետք է լիցենզավորվեն եւ տաքսի ծառայություն իրականացնեն: Մարդիկ գնեցին 07-եր, վարկավորվեցին, 10-15 հազար դոլար վարկավորման տակ մտան, բայց հետո հայտարարվեց, որ կարող են նաեւ հին մեքենաներ լիցենզավորվել: Այս բոլոր մարդիկ խաբվեցին: Մինչեւ 2012-ի վերջը, երբ ավելի ցածր տարեթվի մեքենաներ ներգրավեցին, դաշտը օրինականացվեց քաղաքում 70 տոկոսով, մտան հարկային դաշտ, բոլորը ստացան դեղին համարանիշներ: 2013-ի սկզբից հայտարարվեց, որ դեղին համարանիշները փոխարինվում են սպիտակ համարանիշներով եւ կարող են տաքսիները գործել որպես ֆիզիկական անձ: Բոլորս հիշում ենք, որ պարոն Բեգլարյանն ասաց՝ ապրիլի 1-ից սկսելու ենք տրամադրել ինքնակպչուն կտրոնները: Հիշո՞ւմ եք, տղերք ջան, բոլորս էլ հիշում ենք: Ապրիլի 1-ից մինչեւ այսօր այդ բոլորը մնաց մեր երազներում: Հիմա ամբողջ տաքսու ոլորտի երեւի 1 տոկոսն է մնացել հարկային դաշտում: Սպասում են ինքնակպչուն կտրոնի: Ամբողջ դաշտը օրինականից մտավ դեպի ապօրինություն: Հիմա ես հարց եմ տալիս՝ այս 1 տարվա ընթացքում ինչքա՞ն վնաս է կրել մեր պետբյուջեն»:

Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը պատասխանեց, որ դաշտում կարող են լինել եւ դեղին հիմնագույնով եւ սպիտակ հիմնագույնով մեքենաներ. «Դեղին համարանիշներ ձեռք բերելը մեծ քաշքշուկ էր վարորդների, կազմակերպությունների համար: Այդ քայլերը վերացվեցին, կտրվի ուղղակի ներդիր, վերահսկողություն իրականացնող մարմինները եւ քաղաքացին կարողանան տարբերել, որ դա տաքսի ծառայություն մատուցող մեքենա է: Դուք վճարել եք դեղին համարանիշների համար եւ էլ չեք ուզում վճարել, ինչի՞ համար, հարցն ինչո՞ւմ է»:
Նախարարության լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանն էլ նշեց, որ չնայած օրենքով թույլատրվում է, որ հին տարեթվերի մեքենաներն էլ որպես տաքսի շահագործվեն, բայց դրանք մրցունակ չեն լինում դաշտում եւ հիմնականում աշխատում են թարմ մեքենաները:

Տիգրան Հովհաննիսյանը բողոքեց. «Մենք՝ անհատ ձեռներեցներս, այսօր կարող ենք 60 հազար դրամ վճարել, 5000 միայն եկամտահարկ՝ ամսական: Հիմա ինքնակպչունն արժե 12 հազար դրամ: Բայց մենք այդպես էլ չենք պարզել՝ հիմա եկամտահարկ կա՞, թե՞ ոչ: 12 հազար դրամ վճարելով՝ մենք հենց այնպես հարկ ենք վճարում: Այսինքն, 40 տարի մեր հայ քաղաքացին կարող է վճարել պետությանը, վերջում թոշակի գնա, ասեն դու ոչ մի կոպեկ չես կուտակել թոշակի համար»:

Վարորդները վերանշանակված նախարար Գագիկ Բեգլարյանին ներկայացրեցին իրենց պահանջները՝ «Ուզում ենք, որ դեղին համարանիշները մնան: Չենք ուզում, որ դեղին համարանիշները տան ամեն մեկի, ասենք՝ թմրամոլի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031