Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. «Տվել էին պահի լուծումներ, ոչ թե իրավունքի շրջանակներում»

Մայիս 22,2014 13:52

Այսօր ՀՀ վարչական դատարանում հայցվոր կողմի բացակայության պատճառով հետաձգվեց Երևանի Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Վահե Գևորգյանի հարուցված գործով դատական նիստը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Երևանի քաղաքապետարանի դիմաց կարմիր գծանշանների ակցիան իրականացնելիս ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով ՀՀ ոստիկանության կողմից Վահե Գևորգյանի դեմ ներկայացված հայցն այսօր բավարարվեց:

Aravot.am-ը Վահե Գևորգյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է գնահատում այն գործելաոճը, համապատասխան որի` մի շարք ակտիվիստների հակընդդեմ հայցերը վերջին շրջանում բավարարվեցին`հիմա սկսվել է հակառա՞կ գործընթացի իրականացման փուլը: Պարոն Զեյնալյանը պատասխանեց. «Սխալ է այս տեսանկյունից նայելը, թե մինչև այժմ հայցերը բավարարվել են, հիմա` ոչ: Նրանք, որոնք բավարարվել են, շատ մասնավորեցրել էին և տվել էին պահի լուծումներ, ոչ թե իրավունքի շրջանակներում: Եթե իրավական տեսանկյունից լուծումներ տային, դրանք տարածվելու էին նաև այսօրվա գործով վճռի վրա: Դրա համար ես այդքան ոգևորված չէի այդ վճիռներով»:

Վահե Գևորգյանի գործով վճռին անդրադառնալով` պարոն Զեյնալյանը նշեց. «Այստեղ այս վճռով լրջագույն խախտումներ կան, և մենք վիճարկելու ենք ոչ միայն ներպետական դատական ատյաններում, դրանք սպառելուց հետո, իսկ հետագա գործերով դատարանները միայն սպառման դատարաններ են, այլև մենք Սահմանադրական դատարան դիմում ենք բերելու, հետո Եվրադատարան»:

Մեր այն դիտարկմանը, եթե ակտիվիստների նախորդ դատական գործերով որոշումները կայացվել են պահի լուծումներով, ոչ թե իրավունքի շրջանակներում, ապա դա չի՞ նշանակում, որ, ըստ էության, քաղաքական պատվեր է կատարվել, պարոն Զեյնալյանն արձագանքեց. «Կարծում եմ` ուղղակի որդեգրված է այն սկզբունքը, որ եթե ճանապարհ են դուրս եկել, բոլոր դեպքերում պիտի ենթարկել պատասխանատվության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահե Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031